ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ և զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար: Գործընկերության խորհուրդը քննարկել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ և ողջունել է ձեռք բերված առաջընթացը:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին: Գործընկերության խորհուրդը ողջունել է դատական և իրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ ընդունելով, որ դեռևս առկա են մարտահրավերներ։

ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ և զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին ուղղված այս ջանքերին: ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար: