Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը» ՀՀ-ին նվիրաբերելը իրավապահների քննարկելիքն է. Նարեկ Բաբայան

Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելուն՝ նա տեղեկացրեց, որ կառույցը նամակ է գրել դատախազին, որի մասին բարձրաձայնվել է։ Մնացածն արդեն, ըստ Նարեկ Բաբայանի, իրավապահ մարմինների քննարկելիքն ու պատասխանելիքն է:

«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի, պրոցեսին արագ ընթացք տալու որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ այգիներ, և՛ ձիարշավարան, և՛ դաշտեր»,- նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը, տեղեկացնում է Factor.am-ը: