Կառավարությունը սրբագրում է 2019-ի նորամուծությունները, ի՞նչ է կատարվում գնումների ոլորտում. մասնագետները՝ փոփոխությունների մասին

Պետական գնումների վերաբերյալ խորհրդակցություն վարչապետի մոտ, 2019 թ.

Հայաստանում պետական գնումների ոլորտում կատարված վերջին փոփոխությամբ Կառավարությունը սրբագրում է դեռևս 2019-ին կատարված նորամուծությունները, որոնց արդյունքում գնումների մասնակիցների շրջանում վեճերը, արդյունքների բողոքարկումն ու դժգոհությունները մշտական խնդիր էին դարձել: 

Պետական գնումների ոլորտի մոնիթորինգով զբաղվող Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգայի կենտրոնը դրական է գնահատում Կառավարության մարտի 25-ին հաստատած փոփոխությունը, քանի որ այն թույլ է տալիս ապահովել մրցակցային պայմաններ:

«Բավական դրական փոփոխություն ենք մենք համարում Կառավարության ընդունած որոշումը, քանի որ բազմիցս բարձրաձայնել էինք խնդիրը՝ հատկապես գնումների գործընթացում որակավորման ապահովման պայմանները բավական խիստ էին և փոքր ու միջին ձեռնարկությունների համար խոչընդոտ էին գնումների ընթացակարգերին մասնակցելու առումով»,- «Մեդիալաբին» ասում է կենտրոնի ղեկավար Արմինե Բուռնազյանը:

Նշենք, որ դեռևս 2019-ին այս ոլորտում կատարված փոփոխությամբ Կառավարությունը խստացրել էր գնումների մասնակցին ներկայացվող պահանջները, և այդ կարգավորումների համաձայն՝ 10 մլն դրամը գերազանցող պետական գնումների դեպքում անհրաժեշտ էր ներկայացնել որակավորման ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, ընտրված մասնակցի գնային առաջարկի չափով: 

Այսինքն՝ եթե գնման պայմանագրի արժեքը, օրինակ՝ 100 մլն դրամ էր, ապա մրցույթում հաղթած տնտեսվարողը ոչ միայն պետք է այդ ծավալի աշխատանք կատարեր, այլ նաև 100 մլն դրամի չափով կամ գումարի բանկային երաշխիք ներկայացներ կամ կանխիկ գումար: Բացի այդ` 10% պայմանագրի ապահովում և 5% հայտի ապահովում: Ստացվում է՝ գնման մրցույթի մասնակիցը 115 մլն դրամի չափով ապահովում պետք է ներկայացներ:

Այս կարգավորումը գնումների մասնակիցների շրջանում մեծ դժգոհությունների տեղիք էր տվել, քանի որ շատերի համար խնդիրներ է առաջացրել բանկային երաշխիքի ստացումը, թեպետ Կառավարությունը սրանով նպատակ էր ունեցել որակյալ աշխատանք ստանալ: 

«Այս պահանջն ավելի շատ խանգարում էր հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկություններին, քանի որ այդ երաշխիքը ներկայացնելը ծանր բեռ էր և խանգարում էր մասնակցությանը:

Նման պահանջները սովորաբար ավելի մրցունակ են դարձնում խոշոր ընկերություններին: Այնպես որ, ինչ-որ առումով այդ փոփոխությունը դրական է գնումների ոլորտի համար»,- «Մեդիալաբին» ասում է գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանը:

Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, գնումների գործընթացում փոփոխությունների հիմքում պետք է ընկած լինեն կատարված ուսումնասիրությունները՝ եթե կա խնդիր, նոր միայն պետք է կատարվեն փոփոխություններ: 

«Հիմա մի տեսակ անորոշ վիճակ է: Իրենք տեսել են խնդիրը ու որոշել փոխել, բայց հանրությունն այդ խնդիրների մասին տեղյակ չէ: Կարծում եմ՝ գործընթացի թափանցիկության կարիք կա, որպեսզի հանրության շրջանում հասկանալի լինեն կատարվող փոփոխությունները»,- ասում է Քյուրումյանը:

Արմինե Բուռնազյանի կարծիքով՝ կատարված փոփոխություններով ավելի ճկուն է դառնում գնումների համակարգը, մասնակցության պայմաններն ու պահանջները մեղմացվում են: 

Դիտարկմանը, թե, փաստորեն, նախորդ փոփոխությունից մեկ տարի հետո Կառավարությունը նույն ոլորտում դարձյալ փոփոխություն է կատարում, Արմինե Բուռնազյանն արձագանքում է. 

«Այո՛ կա նման խնդիր: Մենք համարում ենք, որ հաճախակի փոփոխությունները խնդրահարույց են, քանզի գնումների համակարգում անհրաժեշտ է կայունություն, որպեսզի բիզնեսը հասկանա ու կազմակերպի իր անելիքը: Անորոշությունները բիզնեսի համար ընդունելի չեն»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am