Երբ մարդուն զոռով բերում ես հանդիպման, այդ մարդն ենթագիտակցորեն քո նկատմամբ ատելությամբ է լցվում. Բադալյանը՝ պետծառայողների հավաքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանում անցկացվեց պետական ծառայողների առաջին համաժողովը, որին մասնակցում էր 7000 պետաշխատող: Համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 1 ժամանոց ելույթ ունեցավ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ դրդապատճառներով է նման համաժողով կազմակերպել իշխանությունը:

– Խնդիրն այն է, որ Եկեղեցու դեմ շարժումը չի ստանում համազգային աջակցություն, ու այդ աջակցությունը ստանալու համար որոշել է նման հավաքներով խթանել այդ գործընթացը, ու, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, այդ ժողովի ժամանակ պետական աշխատողներին հորդորվել է ավելի ակտիվ մասնակցել վարչապետի կիրակնօրյա այդ պատարագներին: Ուրիշ տրամաբանություն, որպես այդպիսին, այդ հավաքը չուներ: Նախկինում էլ են եղել նմանատիպ հավաքներ, բայց ոչ այս ծավալի, որովհետև այս ծավալի հավաք անցկացնելն իմաստ չունի, որովհետև դա ոչ մի բան չի տալիս: 

Այս կերպ նմանվում է Հյուսիսային Կորեայի կառավարման համակարգին, երբ երկրի առաջնորդը հավաքում է պետական ծառայության աշխատողներին ու իր մտքերն է հրամցնում: Այդ կառավարման մեթոդը չի եղել Հայաստանում, չեմ էլ ասի, թե նախկինում ժողովրդավարությամբ փայլել է, բայց այս աստիճանի ամբողջատիրական մոտեցումներ չեն դրսևորվել: Այդ մեծ հավաքը որևէ դերակատարում չունեցավ երկրում, բացարձակ, այնպես չէ, որ պետծառայողների մոտ վարչապետի գաղափարախոսությունը լիովին ընդունվեց: Այս հավաքով հնարավոր է նաև, որ քաղաքական ուժը փորձում էր նաև ուժի ցուցադրություն անել, որ տեսեք՝ պետական ծառայողներն ամբողջությամբ աջակցում են վարչապետին, բայց, կրկնում եմ, դա ոչինչ չտվեց, բառիս բուն իմաստով ձախողված հավաք էր:

– Դուք նշեցիք, որ նման հավաքները Հայաստանում չեն կարող տալ այն արդյունքը, ինչ տոտալիտար երկրներում։ Միաժամանակ որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ վարչապետը փորձում է կիրառել Հյուսիսային Կորեային բնորոշ կառավարման մեթոդներ՝ իր շուրջ համախմբում ձևավորելու նպատակով։ Ինչպե՞ս եք գնահատում այս դիտարկումը։

– Գիտեք խնդիրը որն է, Հյուսիսային Կորեայում մարդիկ իսկապես կիսում են իրենց առաջնորդի գաղափարաբանությունը, ծափահարում են նրան ու իրոք հավատում են, այնտեղ լրատվական դաշտն ամբողջովին փակ է, տոտալիտար կառավարման համակարգ է: Հայաստանում այդպես չէ, համացանցը կա, լրատվական դաշտն է բազմազան, ու բոլորը նայում են կատարվող իրադարձությունները: Դու չես կարող արհեստականորեն ուրիշ երկրի կառավարման համակարգը բերել դնել քո երկրում, որովհետև չկան անհրաժեշտ պայմանները: Դրա համար էլ արհեստական դետալներով դու չես կարող ստանալ համապատասխան ու ցանկալի արդյունք: Կառավարման այդ մեթոդը բերելով՝ դու չես կարող ստանալ նույն արդյունքը, Հյուսիսային Կորեայում սերունդներ են դաստիարակվել այդ գաղափարախոսությամբ, դրա համար այդ երկրի կառավարման մեթոդը դու չես կարող ներդնել Հայաստանում, մեխանիկական պահեր կարող ես կրկնել, ինչպես եղավ այդ պետծառայողների հավաքը, բայց դա ոչինչ չտվեց, որովհետև հավաքվածները սպասում էին, թե երբ է խոսելու վերջացնի, գնան տուն: 

– Պարո՛ն Բադալյան, Ձեր դիտարկմամբ՝ պետական ծառայողների մեծ մասի մոտ վարչապետի առաջ քաշած գաղափարները լայն աջակցությո՞ւն չեն ստանում։

– Կարող են լինել մարդիկ, որոնք կիսում են այդ գաղափարախոսությունը, բայց չենք կարող ասել, որ բոլոր պետաշխատողները կիսում են վարչապետի գաղափարախոսությունը: Այդպես չէ, հակառակ դեպքում ՔՊ-ն Երևանում շատ ավելի բարձր տոկոսներով ձայն կստանար, եթե նրա գաղափարակից լինեին, իրենց հարազատներին կուղղորդեին ընտրատեղամասեր, որ իրենց քվեն տային ՔՊ-ին: 

Ինչպես ասացի, կան մարդիկ, որ կիսում են Փաշինյանի գաղափարները, խոսքը չի վերաբերում ՔՊ անդամներին, բայց կան պետական ծառայողներ, որ ՔՊ անդամ չեն, բայց վարչապետի առաջ քաշած տեսակետներին համակարծիք են, ընդունում են դրանք, բայց կան շատերը, որ չեն ընդունում: Այդ պարագայում նման հավաքները բացասական ազդեցություն են ունենում, որովհետև հավաքված մարդկանց մեջ առաջանում է զայրույթ ղեկավարի նկատմամբ, որ իրենց հավաքել ու բերել է այդտեղ, նրանց մեջ առաջանում է անզորության զգացում, իսկ անզորությունը առաջ է բերում ատելություն: 

– Նման հավաքներ էլի՞ կլինեն:

– Չեմ կարող ասել, գուցե ընտրական նպատակներով լինեն, բայց ոչ այս ծավալի, բայց դա չի աշխատի, հակառակ էֆեկտն է տալու, բոլորին թվում է, թե իր մոտ կաշխատի, բայց մինչև հիմա Հայաստանում ոչ մեկի մոտ չի աշխատել:

– Ինչո՞ւ չի աշխատում:

– Որովհետև երբ մարդուն զոռով բերում ես, այդ մարդն արդեն ենթագիտակցորեն քո նկատմամբ ատելությամբ է լցվում, որովհետև հասկանում է, որ դու իրեն հիմարի տեղ ես դրել, բերելով այդտեղ, իսկ ինքը չի ուզում հիմար լինել: 

– Ստացվում է, որ չե՞ք հավատում իշխանությունների այն պնդմանը, որ այդ հավաքի մասնակիցներն ինքնակամ են գնացել, որևէ պարտադրանք չի եղել:

– Մարդիկ ինքնակամ չեն գնացել, պետական որևէ աշխատող անհամբեր չէր սպասում, որ շաբաթ օրով գնար համալիր ու լսեր իր առաջնորդի ելույթը: Նրանց պնդումները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը, դա բացարձակ սուտ է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am