Արոնյանն առցանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղային օրը զիջեց Կարլսենին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Արոնյանը մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկում հաղթանակ տոնեց և երկուսում պարտվեց: Գրոսմայստերները ևս 4 պարտիա կխաղան հուլիսի 2-ին:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: