ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ. Յուրի Քիմ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը բացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական փոխադրումների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յուրի Քիմն այս մասին ընդգծեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներում:

Յուրի Քիմը նշեց, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը:

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դրա փակման հետևանքներով: Անընդհատ ասում ենք, որ այդ միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար»,-ասաց նա:

Քիմն ընդգծեց հումանիտար մատակարարումները վերականգնելու հրատապությունը:

Նա նշեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, USAID-ի գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ինտենսիվորեն ներգրավված են այս հարցում՝ ճնշում գործադրելու Լաչինի միջանցքի, ինչպես նաև մարդասիրական, առևտրային և մասնավոր երթևեկության համար այլ ուղիների անհապաղ և անխափան բացման համար՝ հրատապ անհրաժեշտ պարագաների անցումը թույլ տալու նպատակով։ Քիմը նաև ասաց, որ Լուի Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ ճնշում գործադրելու, որպեսզի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անհապաղ և սահուն կերպով:

Նա շեշտեց՝ կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը արագ վերականգնել մասնավոր, մարդասիրական տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, նաև գիտակցում են լրացուցիչ երթուղիների կարևորությունը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է: «Մենք պետք է շարունակենք խրախուսել բոլոր կողմերին կառուցողական աշխատել»,-նշեց Քիմը:

Նա շեշեց. «ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ, գործողություն կամ այլ վայրագություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»:
Սենատոր Ջեյմս Ռիսչն էլ նշեց, որ Եվրոպայում և Եվրասիայում շարունակվող անկայունությունը պարզ են դարձնում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունը: