Տիեզերակայանից պոկվել է մղիչ սարքը եւ թռչում է ուղիղ դեպի Երկիր

«Ամերիկայի Ձայնը» գրում է.

Այս շաբաթավերջին երկրագնդի վրա կընկնեն Չինաստանի կողմից մեկ ամիս առաջ տիեզերք արձակված հրթիռի բեկորները: Անկումը տեղի կունենա անկառավարելի եղանակով: Տիեզերանավի 18 տոննա կշռով հրթիռն անցած տասնամյակների ընթացքում երկրագնդի մթնոլորտ անկառավարելի եղանակով մուտք գործող ամենամեծ առարկան է:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հետեւում է հրող սարքի անկման ճանապարհը, սակայն ներկա պահին չունի այն պայթեցնելու ծրագիր: ‘’Հույս ունենք, որ այն կընկնի մարդկանցից հեռու մի վայրում’’, ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Ապրիլի 29-ին դեպի 375 կմ հեռավորությամբ եկրագնդի ուղեծիր ուղարկված March-5b սարքը նույն օրվանից սկսել էր գրանցել բարձրության անկում: Հիմա անկման արագությունը կախված է լինելու օդի խտությունից:

Սովորաբար անկող տիեզերանավերն ու նրանց բեկորները, մթնոլորտի միջով անցնելիս, այրվում են բարձր շփման արդյունքում առաջ եկող ջերմության պատճառով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ երկրագնդին են հարվածում բարձր ջերմակայունություն ունեցող մետաղական մասերը:

Չինաստանն ուրբաթ օրը հայտարարել է, որ չինական տիեզերակայանից անջատված ու ներկա պահին անկման մեջ գտնվող տիեզերանավից սպառնացող վտանգը չափազանց փոքր է:

Ըստ հաշվարկների, այն երկրագնդի վրա կընկնի շաբաթ կամ կիրակի օրերին: