Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած հաշվետվության տվյալներն ու դրանց վերաբերյալ ավելի ուշ տարածված պարզաբանումը հակասությունների տեղիք են տվել։ Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի գնահատմամբ՝ ՍԱՏՄ-ի պարզաբանումը չի համընկնում իր իսկ հրապարակած հաշվետվության տվյալների հետ։
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ Նրա հետ զրուցել ենք՝ հասկանալու, թե իրականում ինչ են ցույց տալիս ՍԱՏՄ-ի հրապարակած տվյալները, որքանով են դրանք մտահոգիչ սպառողների համար և ինչու առանց թունաքիմիկատների կոնկրետ քանակների հնարավոր չէ գնահատել դրանց ազդեցությունը մարդկանց առողջության վրա։
-Պարո՛ն Պիպոյան, սեպտեմբերի 15-ին «Անվտանգ սնունդ» հարթակի հրապարակումը, որի համաձայն մեր սպառած պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդ նմուշում հայտնաբերվել են թունաքիմիկատներ, մեծ քննարկումների առիթ դարձավ։ Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դրա վերաբերյալ պարզաբանում տարածեց։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և ինչպե՞ս պետք է քաղաքացին կողմնորոշվի այս հակասական տեղեկությունների պայմաններում։
-Այստեղ ամենակարևորն այն է, որ վերջին հետազոտություններն ու պատկերը, որն արձանագրվել է, հրապարակվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կայքում: Ինչու եմ սա ընդգծում, որովհետև, այո՛, լիազոր մարմինը հերքում է այդ տվյալները, ստացվում է, որ լիազոր մարմինը պետք է հերքի իր ներկայացրած հաշվետվությունը, որովհետև մարդիկ բերում են հենց այդ հաշվետվության մեջ առկա թվերը, հիմա իրենք մարդկանց կողմից օգտագործված այդ թվերը, ասում են՝ իրականությանը չհամապատասխանող են: Եթե իրականությանը չի համապատասխանում, ստացվում է, որ դուք ձեր հաշվետվությունը սխալ եք գրել:
Գիտեք, թե մտահոգիչն այստեղ նաև ի՛նչն է․ այն լրատվամիջոցները, որոնք գրում ու մեխանիկորեն տարածում են այդ նյութերը՝ մարդկանց մոլորության մեջ գցելով, չեն բարեհաճում բացել կարդալ հաշվետվությունը ու հարց տալ՝ հարգելի՛ պարոնայք, ինչո՞ւ եք հաշվետվության մեջ այլ պատկեր ներկայացրել, եթե իրավիճակը վատ չէ: ՍԱՏՄ-ն երևի անակնկալի է եկել, երբ լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել այս հարցի վերաբերյալ, երևի իրենք էլ են փոշմանել, որ նմանատիպ պատկեր են ներկայացրել, անկեղծ, բացատրություն չունեմ:
Մարդը, գիտնական ու փորձագետ լինելուց զատ, նաև Հայաստանի քաղաքացի է, հասկանում եք, չէ՞, որ ես ինչպես այդ սննդամթերքի սպառող եմ, այնպես էլ այդ մեդիաարտադրանքի սպառողն եմ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես եմ ես վերաբերվում նյութին, երբ մարդիկ, որոնք հաշվետվությունը չեն բացել, չեն նայել, տարածում են հերքող ինչ-որ բան, երբ հարցնում եմ այդ մարդկանց՝ դու հաշվետվությունը կարդացե՞լ ես, ասում է՝ չէ: 21-րդ դարում սա Հայաստանի պրոբլեմն է, մարդիկ ընկալման խնդիր ունեն:
– Իսկ ըստ ձեզ ինչո՞ւ են իրենք իրենց հերքելու քաղաքականություն որդեգրել:
– Անկեղծ՝ չգիտեմ, որովհետև, եթե իրենք պատրաստվում էին հետագայում նման բովանդակությամբ պարզաբանում տարածել, ինչո՞ւ էին նման հաշվետվություն ներկայացնում: Ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, դրանք հարցեր են, որ պետք է ուղղել իրենց, պետք է ասել՝ ձեր հաշվետվության մեջ սևով սպիտակի վրա գրված է՝ այսքան տոկոս շեղում և խախտում:
Նորից եմ կրկնում, փորձագետները սեփական հետազոտություն չեն անցկացրել, հիմնվել են ՍԱՏՄ-ի հաշվետվության վրա, որի մեջ գրված է. «Արձանագրված շեղումները պեստիցիդների մասով ըստ մարզերի. Արարատի մարզ՝ 42 նմուշում 19 շեղում՝ 45 տոկոս», հիմա իրենք ասում են, թե դա շեղում չէ, բայց իրենց հաշվետվության մեջ գրել են շեղում, այդ դեպքում բարի եղեք պարզաբանել, թե ինչու եք սխալ գրել ձեր հաշվետվությունը:
– Պարո՛ն Պիպոյան, ելնելով այդ հաշվետվության տվյալներից՝ որքանո՞վ է լուրջ սպառողի վիճակը, ի՞նչ վտանգներ են պարունակում նման ցուցանիշները:
– Ես նորից եմ ասում, նրանց ո՞ր ասածով ես առաջնորդվեմ, որ պատասխանեմ ձեր հարցին: Նրանք մի տեղ գրում են. «Չնայած այն հանգամանքին, որ տոկոսային առումով ամենամեծ խախտումները հայտնաբերվել են Լոռու մարզում», ու ես նայում եմ, որ իրենք նկատի ունեն այդ 6 նմուշի 4 շեղումը, քանի որ դա 67 տոկոս է: Նախ՝ 42 նմուշը չի կարելի համեմատել 6 նմուշի հետ, որովհետև 6 նմուշը չունի գոնե 10 ներկայացուցչականություն, որ կարողանա տոկոս հաշվել, 6 նմուշում 4 շեղում չես կարող հաշվել: Ես ի վիճակի չեմ, ո՛չ իմ մասնագիտական գիտելիքները, ո՛չ նյարդային համակարգն ի զորու չեն դա մեկնաբանելու:
Հաշվետվության մեջ գրած է, որ Արարատի մարզի սեխի և ձմերուկի նմուշներում հայտնաբերվել են թունաքիմիկատների՝ իմիդակլոպրիդի, էմամեկտին բենզոատի, քլորպիրիֆոսի, պենկոնազոլի, տրիադիմեֆոնի շեղումներ, նրանք օրերս ոչ մի բան չասացին, որ այս թունաքիմիկատների մեծ մասն արգելված է Եվրամիությունում, այնտեղ այս մթերքը չի կարող արտահանվել, ասացին՝ նորմալ է: Դրա համար եմ ասում, որ ես բացատրություն չեմ գտնում, կներեք, բայց Հայաստանում սպառողն էլ իրավունք ունի սպառվի այս ամենի ձեռքը, երբ հատկապես գիտի, թե ինչ է նշանակում այդ խախտումը, հատկապես գիտի՝ շեղում բարդ սննդի անվտանգության մեջ ինչ է նշանակում:
Ես նրանց ներկայացրած այս ահռելի հաշվետվությունը՝ 81 էջ, վեց օր մանրամասն, տառ առ տառ կարդացել եմ: Իրենք գրել են շեղում, մինչև իրենք հստակ թիվ չհրապարակեն, մենք չենք կարող հասկանալ, թե այդ շեղումն ինչ պարունակություն է եղել, այնտեղ տարբեր ազդեցության թունաքիմիկատներ կան՝ նեյրոտոքսիկ, գենոտոքսիկ, տարբեր թունաքիմիկատներ են հայտնաբերվել, մինչև չտան քանակությունը, ես չեմ կարող ասել, թե մարդկանց առողջության վրա դրանք ի՛նչ ազդեցություն կարող են ունենալ: Նրանք ունեն բանավոր պատասխան, որը բացարձակապես չի համապատասխանում իրենց հաշվետվությանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















