Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հայտարարությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք մեր պաշտոնական կայքում, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Լարիսա Մինասյանը բացառիկ առաջնորդությամբ և տոկունությամբ ղեկավարել է ԲՀՀ Հայաստանն ավելի քան 20 տարի:

Մինասյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացրել է մեր երկրի համար մի շարք կարևոր ծրագրեր: Նշենք դրանցից մի քանիսը. Հիմնադրամի ամենածավալուն ծրագրերից մեկը՝ Հայաստանի 5 խոշորագույն գրադարանների միջև ցանցի ստեղծումը և մատենագրության թվայնացումը:

Այս ծրագրի հետ է ուղղակի առնչվում գիտական ամսագրերի հասանելիության ապահովումը, ինչի շնորհիվ Հայաստանի գիտնականների համար հասանելի դարձան 5000 անուն գիտական ամսագրեր։

Թանգարանների ֆոնդի ավտոմատացման (թվայնացման) ծրագրեր, որոնց իրականացումն աջակցություն էր հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Մի շարք գրական, գիտական, փիլիսոփայական ստեղծագործությունների առաջին անգամ հայերեն թարգմանության և հրապարակման նախաձեռնություններ, թանգարանային ցուցադրությունների, թատրոնի ու երաժշտության բնագավառում բազմաթիվ նախաձեռնությունների ֆինանսավորում:

Այս ամենն իրականացվում էր այն ժամանակ, երբ Հայաստանը վերականգնվում էր 90-ականների դժվարին անցումային ազդեցությունից։ Այդ ժամանակվանից մինչև այսօր, կրթությունը համարվում է Հիմնադրամի գերակա ուղղություն և նորարարական մեթոդների ներդնումը, ինչպիսին էր ԵՊՀ իրավաբանական կլինիկային, համայնքային դպրոցների մոդելներին աջակցելը դարձան յուրօրինակ ծրագրեր ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։

Առողջապահության ոլորտում Հայաստանում ցավաամոքիչ (պալիատիվ) խնամքի համակարգի ներդնումը, որպես հանրային առողջապահության նոր ոլորտ, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերը՝ յուրովի նոր մոտեցումներով, իրականացվեցին և շարունակում են մնալ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում։

Հիմնադրամի կարևոր առաքելությունն է մարդու իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես, փակ և կիսափակ հաստատություններում, որտեղ Հիմնադրամի աջակցությամբ ներդրվեց և մինչև այժմ իրականացվում է քաղաքացիական վերահսկողություն՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիք։

Ներդրվեց և զարգացվեց ռազմավարական դատավարության գաղափարախոսությունը։ Ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ Հիմնադրամի աջակցությամբ առաջին անգամ իրականացվեց քաղաքական կուսակցությունների ֆինանսական ծախսերի և մամուլի մշտադիտարկումը համապետական ընտրությունների ժամանակ։

Այս շարքը կարելի է շարունակել: Նախաձեռնություններ, որոնք համարձակ էին, արտառոց, առաջին հայացքից անիրականանալի՝ միշտ աջակցություն էին ստանում Հիմնադրամի կողմից և մեծամասամբ դառնում էին օրինակելի նախագծեր հետագայի համար:

2008 թ.-ի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օգնեց սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65,000 հայաստանցի ընտանիքի` ապահովելով նրանց համար կենսական մի շարք ծառայություններ: 2020 թ.-ին, երբ Հայաստանն առերեսվեց աննախադեպ ճգնաժամերի, Լարիսա Մինասյանի գլխավորությամբ Հիմնադրամը մոբիլիզացրեց իր կապերն ու ռեսուրսները՝ աջակցելու Հայաստանում համավարակի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած հարյուրավոր ընտանիքների:

Հիմնադրամի աշխատակազմը և տնօրենների խորհուրդը բարձր են գնահատում Լարիսա Մինասյանի այս բացառիկ առաջնորդությունը և շնորհակալություն հայտնում նրան համատեղ աշխատանքի ու ժողովրդավարական երկիր կառուցելու գործում անցած ճանապարհի համար:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ երկրում ժողովրդավարական գործընթացներին նպաստելուն, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, քաղաքացիական հասարակության աջակցմանը, կրթության, առողջապահության և արդարադատության հասանելիության ապահովմանը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան