«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, ԱՄՆ-ի ռազմական հարձակման հավանականությունը Իրանի դեմ վերջին օրերին շատ բարձր է գնահատվում: Պաշտոնական Իրանն ի՞նչ տրամադրություններ ու հնարավոր սցենարներ ունի, ի՞նչ իրավիճակ է հարևան-բարեկամ երկրում:
– Իսկապես ռազմական բախման հավանականությունը շատ բարձր է գնահատվում, հաշվի առնելով զինված ուժերի տեղաշարժերը, կողմերի կոշտ հռետորաբանությունը ու բանակցությունների հետ կապված անորոշությունները: Իրանում առաջնահերթ մոտեցումն իհարկե այն է, որ հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով, բայց միաժամանակ իրանական կողմը, ըստ էության, պատրաստվում է նաև պատերազմի, ինչն արտահայտվում է տարբեր կերպ՝ անցկացվում են ամենատարբեր զորավարժություններ, ակտիվորեն աշխատանքներ են տանում սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաև դիտարկում են սցենարներ, թե կարևոր գործողությունների ու կարևոր նշանակության բարձրաստիճան պաշտոնյաների թիրախավորման դեպքում ի՛նչ հետագա գործողություններ պետք է ձեռնարկվեն, ու, օրինակ՝ եթե այդ պաշտոնյաները թիրախավորվեն, ապա ովքե՛ր են նրանց փոխարինելու:
Հիմնականում արտասահմանյան մամուլում են եղել հրապարակումներ այն մասին, որ Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել է իր կողմից նշանակվող պաշտոնյաների համար մինչև չորս փոխարինող նշանակել: Իրանը դիտարկում է նաև հնարավոր գործողություններին պատասխան գործողություններ հասցնելու տարբերակները՝ սկսած տարածաշրջանում ԱՄՆ բազաների թիրախավորումից մինչև Հորմուզի նեղուցի փակում:
– Ի՞նչ սցենարի դեպքում է հնարավոր խուսափել այդ ռազմական բախումից:
– Եթե կողմերը կարողանան բանակցությունների սեղանի շուրջ հասնել որևէ համաձայնության ու զիջումների գնալ, բայց սա դեռևս տեսանելի չէ, ու բարդ է պատկերացնել, որովհետև կողմերի պահանջները շատ հակադիր են: Եթե ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն առհասարակ ուրան չհարստացնի, ապա Իրանը հայտարարում է, որ դա իր համար կարմիր գիծ է՝ ընդգծելով, որ պատրաստ է նվազեցնել հարստացման մակարդակը, նաև պաշարները, բայց պետք է հարստացնի: Նահանգները նաև մի շարք հարցեր է առաջ քաշում, ինչպես, օրինակ՝ Իրանի հրթիռային ծրագիրը, Իրանի տարածաշրջանային գործունեությունը, որոնք ի սկզբանե Իրանի համար եղել են կարմիր գիծ, այսինքն՝ կողմերից յուրաքանչյուրի տեսակետներն ու պահանջները հակասում են միմյանց:
– Եթե այդ ռազմական հարձակումը լինի, որքա՞ն է տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վերածվելու հավանականությունը:
– Ըստ էության իրանական կողմի վերջին շրջանի նախազգուշացումը հենց դա է, որ եթե Իրանի դեմ հարձակում լինի, ապա այն չի սահմանափակվելու միայն ԱՄՆ-ով, դա կրելու է տարածաշրջանային բնույթ, որովհետև ի պատասխան Իրանը թիրախավորելու է ռազմաբազաները, ամենայն հավանականությամբ, կարող է թիրախավորել Իսրայելին, հավանական է նաև, որ Իսրայելն էլ մասնակից լինի ԱՄՆ-ի գործողություններին, այսինքն՝ շրջանակը ընդլայնվելու է, ու միայն Իրանով և ԱՄՆ-ով չի սահմանափակվելու:
Մյուս կողմից՝ տարածաշրջանային երկրների շահերից չի բխում այս իրողությունը, ու հենց դա է պատճառը, որ այս բանակցությունները նախաձեռնվել են հիմնականում տարածաշրջանային երկրների ջանքերով: Այլ հարց է, թե ինչ արդյունք կտան այդ բանակցությունները, բայց փաստացի տարածաշրջանային երկրները կարողացել են հետաձգել ռազմական հարձակումը: Բանակցությունները դեռևս երաշխիք չեն, որ դրանք հաջող են ընթանում կամ հաջող ավարտ են ունենալու ու կանխելու են ռազմական բախումը:
– Տիկի՛ն Վարդանյան, Հայաստանի համար ի՞նչ հնարավոր ռիսկեր կարող է ունենալ այդ ռազմական հարձակումը:
– Կարող են գոյություն ունենալ ամենատարբեր սցենարներ, երբ մենք խոսում ենք ռազմական հարձակման մասին, ապա դեռևս պարզ չէ, թե այդ հարձակումն ի՛նչ բնույթ է ունենալու՝ թիրախավորվելու են ինչ-որ անձի՞նք, թե՞ ենթակառուցվածքներ, ի՛նչ ենթակառուցվածքներ, որքան դա կտևի, այսինքն՝ այս ամեն ինչը շատ անորոշ է, ու այս պարագայում դժվար է միանշանակ գնահատական հնչեցնել:
Բնականաբար, լայն կտրվածքով Հայաստանի շահերից չի բխում Իրանում պատերազմական իրավիճակը՝ մի քանի գործոններով պայմանավորված, որոնցից ամենակարևորը տնտեսականն է: Տարածաշրջանում Իրանը նաև ունի հավասարակշռող դերակատարում, իսկ պատերազմական գործողությունների պայմաններում դա կարող է թուլանալ: Իրանը մեր հարևան երկիրն է, ու այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն այս կամ այն կերպ ազդելու է մեզ վրա, ինչպես եղավ հակառակը՝ Հայաստանում ու Արցախում պատերազմն ազդեց Իրանի վրա:
– Իրան-ԱՄՆ հարաբերությունների այս լարված մթնոլորտում Հայաստանը կարողանո՞ւմ է պահպանել այդ հավասարակշռությունը կողմերի հետ հարաբերություններում:
– Հենց երեկ ՀՀ պաշտպանության նախարաըը Իրանում էր, ու փաստացի նման լարված պայմաններում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի այց է տեղի ունենում Իրան: Այս առումով, կարծում եմ, որ իրանցի մեր գործընկերների հետ շփումները սերտ են եղել ու այդպես էլ շարունակվում են, ու դա չի խանգարում, որ Հայաստանն այլ ուղղություններով ևս ակտիվ լինի:
Այս պարագայում իսկապես կարևոր է այդ հավասարակշռությունը պահպանելը ու փորձել լարվածության մեղմացման ուղղությամբ որոշակի դերակատարում ունենալ, թեև Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, բայց առնվազն փորձ կարելի է կատարել այդ ուղղությամբ: Բայց ամենակարևորն է պահպանել այդ հավասարակշռությունը ու չտուժել Իրան-ԱՄՆ առճակատումից, ընդ որում՝ միայն ռազմական առճակատումը նկատի չունեմ, այլ նաև դիվանագիտական, որովհետև երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ, դա ավտոմատ բարդացնում է մեր տնտեսական համագործակցությունը: Հայաստանը պետք է անի հնարավորը, որ որևէ կերպ չդառնա ազդեցության գործոն կողմերից որևէ մեկի համար:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















