ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհայտ կորածների ճակատագրերը պարզելու, գերիների վերադարձի կարևորության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բեռլինում մասնակցում է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Օմբուդսմանական հաստատությունները և զինծառայողների ընտանիքներին աջակցելու պարտավորությունները» խորագրով 16-րդ միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Միջոցառման նպատակն է վեր հանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, խթանել լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների դերը զինծառայողների ընտանիքներին աջակցելու հարցերում:

Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել համաժողովի շրջանակում կազմակերպված` զինծառայողների ընտանիքների անդամների աջակցությանն ու խնամքին վերաբերող նիստի շրջանակներում:

Այդ համատեքստում Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության կարևոր ուղղությունները, այդ թվում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի առկա մարտահրավերները, անդրադարձել զինծառայողների ընտանիքների աջակցությանն ուղղված աշխատանքներին, այդ հարցում օմբուդսմանական հաստատությունների դերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է զինված հակամարտությունների ազդեցությունը կրած ընտանիքների իրավունքների ապահովմանն ուղղված ջանքներին, խոսել ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության մասին: Անահիտ Մանասյանն իր խոսքում հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների շարունակականության, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Իվոն Մագվասը, Գերմանիայի ԶՈՒ գծով խորհրդարանական հանձնակատար, դոկտոր Եվա Հոգլը, Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) նախագահ, դեսպան Նատալի Չուարդը և Գերմանիայի ԶՈՒ գծով նախկին խորհրդարանական հանձնակատար Ռեյնհոլդ Ռոբը:

Միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 40 երկրներից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF) Գերմանիայի ԶՈՒ գծով խորհրդարանական հանձնակատարի հետ համատեղ: