Առաջավորասիական հովազը՝ կրկին տեսախցիկների ուշադրության կենտրոնում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքներում տեղադրված թակարդ տեսախցիկները շարունակում են առաջավորասիական (կովկասյան) հովազի /Panthera pardus ciscaucasica/ շարժը ֆիքսել, ինչը վկայում է, որ ապաստարանի տարածքները ապահով կենսամիջավայր են դարձել կենդանու համար։ 

Առաջավորասիական հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։ 

ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ հովազի ապրելավայր են հանդիսանում չոր լեռնատափաստանները, չորային նոսրանտառները, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետինները:

Մարգագետիններն օգտագործում է միայն ձնազուրկ ժամանակ տեղափոխվելու համար, քանի որ ձնածածկը կարևոր սահմանափակող գործոն է: Շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ընձառյուծին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու, ինչպես նաև հանգստանալու համար:

Որսում են նաև վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Որպես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները:

Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

https://www.facebook.com/fpwc.arm/videos/1007309959707382/