ԱՄՆ Օհայո նահանգի Համդեն գյուղում իրավապահները 16 երեխայի են դուրս բերել խարխուլ տնից, որտեղ, ըստ իշխանությունների, նրանք տարիներ շարունակ պահվել են ծանր և հակասանիտարական պայմաններում։
The Guardian-ի փոխանցմամբ՝ երեխաները նույն ընտանիքից են, նրանց տարիքը 1,5-ից 18 է։ Իրավապահների տվյալներով՝ նրանք հիմնականում պահվել են մոտ 3,6 մետր երկարություն և 3,6 մետր լայնություն ունեցող մեկ սենյակում՝ մարդկային արտաթորանքով ու բարձր մանրէաբանական աղտոտվածությամբ միջավայրում։
Վինտոն շրջանի շերիֆ Ռայան Քեյնը հայտարարել է, որ որոշ ընտանի կենդանիներ ավելի լավ պայմաններում էին պահվում, քան այդ երեխաները։ Պաշտոնյաները դեպքը նկարագրել են որպես ընտանիքի ներսում տեղի ունեցած իրավիճակ՝ ընդգծելով, որ այն չի դիտարկվում որպես մարդկանց թրաֆիքինգի գործ։
Երեխաների ծնողներն ու երկու տատիկ-պապիկները մեղադրվում են երեխաներին վտանգի ենթարկելու 16-ական դրվագով։ Դատարանում նրանց անունից անմեղության հայտարարություն է ներկայացվել, իսկ յուրաքանչյուրի համար գրավ է սահմանվել 300 հազար դոլար։
Իրավապահները երեխաներին հայտնաբերել են այլ գործով խուզարկություն իրականացնելիս։ Օհայոյի գլխավոր դատախազ Էնդի Ուիլսոնը ասել է, որ իրավապահները նախապես չգիտեին, որ տանը 16 երեխա կա։
Յոթ երեխա տեղափոխվել է հիվանդանոց, երկուսը ուղղաթիռներով տեղափոխվել են առաջին մակարդակի վնասվածքաբանական կենտրոններ։ Երեխաներից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Քննիչների տվյալներով՝ ընտանիքը տարիներ շարունակ տեղափոխվել է Օհայոյի հարավային շրջաններում և, ամենայն հավանականությամբ, խուսափել է բժշկական ու պետական գրանցումներից։ Երեխաները դպրոց չեն հաճախել։
Իշխանությունները ժամանակավոր խնամակալություն են պահանջում բոլոր երեխաների նկատմամբ։ Օհայոյի պաշտոնյաները հայտարարել են, որ գործի քննությունը շարունակվում է։



















