«Իրանն այս հարցում միակը չէ. Արևմուտքը ևս չի ցանկանում, որ Սյունիքը հայտնվի այլ ուժերի վերահսկողության տակ». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի ղեկավարների այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ու այդ շրջանակում արցախյան հարցի կարգավորման հետ կապված հնչած հայտարարությունները։

 – Սա Աստանայի ձևաչափն է, նոր բան չէ, այս երեք երկրները պարբերաբար հանդիպում ու քննարկում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, բայց վերջին ժամանակներս, կարծես թե, դրան զուգահեռ ստեղծվել է Աստանա 2 ոչ պաշտոնական ձևաչափը, որովհետև կողմերը նաև հարավկովկասյան տարածաշրջանի հարցն են քննարկում, ու սրա դրսևորումներից մեկն էլ «3+3» ձևաչափն է, որից Վրաստանը հրաժարվեց։

Ռուսաստանին, Թուրքիային ու Իրանին միավորում է մեկ բան՝ և՛ Սիրիայից, և՛ այս տարածաշրջանից դուրս մղել Արևմուտքին ու հնարավորինս թուլացնել նրա ազդեցությունը այս տարածաշրջաններում։ Այս առումով նրանք բավական հաջողությամբ համագործակցում են, բայց նաև որոշ տարաձայնություններ ունեն Սիրիայի ու նաև հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, ուստի պատահական չէ, որ Իրանը ժամանակ առ ժամանակա հստակ մեսիջներով, բաց տեքստով հայտարարում է, որ չի համակերպվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործմանը այն տեսքով, ինչպես Ադրբեջանն է ցանկանում։

– Իրանի հոգևոր առաջնորդի թվիթերյան գրառումը եթե դիտարկենք, կարո՞ղ ենք ասել, որ Իրանը ընդունում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

– Ադրբեջանի կողմից այդ տարածքների գրավումը, այո՛, ընդունում է, բազմիցս շնորհավորել ու ողջունել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման համար։

Իրանի մտահոգությունն այլ է․ նրանք չեն ընդունում այն, որ այս կոմունիկացիաների ապաշրջափակման հետևանքով ստեղծվի մի իրավիճակ, որ Հայաստան-Իրան սահմանը կտրվի, ու դրա մասին շատ հստակ հայտարարեց նաև Իրանի հոգևոր առաջնորդը, այսինքն՝ եթե հանկարծ ստեղծվի Զանգեզուրի միջանցքն այն ձևաչափով, որով Ադրբեջանն է ցանկանում, որ Հայաստանի տարածքով անցնի ճանապարհ, որը կունենա էքստրատերիտորիալ կարգավիճակ, չի վերահսկվի Հայաստանի կողմից, դրան Իրանը դեմ է՝ բնականաբար, իր իսկ շահերից ելնելով։

Թեև Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ բավական լավ հարաբերություններ ունի, բայց նրանց միջև սուր ու խորքային հակամարտություն կա, ու եթե հանկարծ Հայաստանի հարավը, այսպես ասած, կտրվի Իրանից, ապա Իրանը ևս հյուսիսային մասով կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ ու կընկնի այդ երկրներից կախվածության մեջ, ինչին իրենք դեմ են։ Բայց Ղարաբաղում Ադրբեջանի գրաված տարածքների մասով նրանք որևէ մտահոգություն չեն հայտնում, նույնիսկ ողջունում են։

– Իսկ Իրանը համաձա՞յն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի առաջարկած ձևով։

– Իրանի համար դրանից որևէ խնդիր չի առաջանալու, Իրանի համար դա նույնիսկ լավ է․ Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանը 660 կմ սահման ունի ու չի ցանկանում, որ իր հյուսիսային սահմանների հարևանությամբ պատերազմ լինի։

Իրանի միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանի հարավը՝ Սյունիքը, չկտրվի Հայաստանից, ու այնտեղ չհայտնվեն այլ երկրի ուժեր, այսինքն՝ նրանք Հայաստանը դիտարկում են որպես տարանցիկ ճանապարհ դեպի Վրաստան ու եվրոպական այլ երկրներ ու, բնականաբար, դեմ են, որ այդ ճանապարհը հայտնվի որևէ այլ երկրի վերահսկողության տակ։

– Պարո՛ն Վարդանյան, իսկ Ռուսաստանը Սյունիքի հարցով համակարծի՞ք է Իրանի հետ։

– Ռուսաստանը կցանկանա, որ այդ ճանապարհն իր վերահսկողության ներքո լինի, որը ևս մեկ լծակ կլինի իր ձեռքին Հայաստանի ու Ադրբեջանի դեմ: Իհարկե սա Ռուսաստանի երազանքն է, ու թեև պաշտոնական մակարդակով հայտարարում են, որ այդ ճանապարհը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո, բայց, վստահ եմ, որ մեծ ցանկություն ունեն այն իրենց վերահսկողության տակ վերցնելու։

– Իսկ Իրանին կհաջողվի՞ մենակ կամ Հայաստանի հետ միասին այդ «միջանցքի» կյանքի կոչման գործընթացը կանխել։

– Չեմ կարծում, թե միայն Իրանն ու Հայաստանն են այս հարցում կողմ, այստեղ նաև Արևմուտքի հակազդեցությունը կա։ Արևմուտքը ևս չի ցանկանում, որ Սյունիքը հայտնվի այլ ուժերի վերահսկողության տակ, ինչի մասին Հայաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպաները բազմիցս հստակ մեսիջներ են հղել:

Պատահական չէ, որ նրանք ժամանակ առ ժամանակ գնում են Սյունիք, ու հենց այնտեղից մեսիջներ հղում, պատահական չէ, որ Եվրամիությունը Հայաստանին առաջիկա հինգ տարվա համար 2,6 մլրդ եվրո է հատկացրել, որից 600 մլն դոլարը գնալու է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը, հետագայում այդ ճանապարհը միացվելու է իրանական սահմանին։ Այսինքն՝ Եվրամիությունն այստեղ հստակ շահեր ունի, ու նրանք էլ են ուզում Իրանի հետ տարանցիկ ճանապարհներ ունենալ, և Արևմուտքը նույնպես համաձայն չէ Սյունիքի հարցում ստատուս քվոյի փոփոխությանը։

– Համակարծի՞ք եք հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ, որ «Սյունիքը մինչև հիմա հայկական է Իրանի շնորհիվ»։

– Ես այդ կարծիքին չեմ, Իրանի գործոնը մի փոքր բացարձականացնում են։ Իրականում Սյունիքը գրավելը կամ վերցնելը չափազանց խնդրահարույց է նաև այլ երկրների համար, և ես վստահ եմ, որ Արևմուտքը նույնպես հստակ մեսիջներով Ադրբեջանին ու Թուրքիային հասկացրել է, որ իրենք ևս չեն համակերպվի այդ հարցում ստատուս քվոյի փոփոխությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am