«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, դատելով այն տնտեսական սահմանափակումներից, որոնք ռուսական կողմը կիրառում է Հայաստանի նկատմամբ, ինչպե՞ս կգնահատեք կողմերի հարաբերություններն այս պահին, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:
– Չպետք է մոռանալ, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները ռազմական են. Ռուսաստանը 2020 թվականին մտավ պատերազմի մեջ Հայաստանի դեմ՝ Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի և այլ ուժային կենտրոնների հետ, ու պատերազմը շարունակվում է: 2023-ին՝ Արցախի կորստից, էթնիկ զտումից հետո, որին մասնակցել է նաև Ռուսաստանը, պատերազմը լայնածավալ մեթոդներից վերածվել է հիբրիդային պատերազմի, որն էլ շարունակվում է: Բոլոր գնահատականները պետք է տալ ռազմական տրամաբանության մեջ, ցավոք սրտի, որովհետև իրականությունը դա է, եթե այդ տեսանկյունից չես նայում խնդրին, ապա շատ հարցեր դառնում են անբացատրելի և ուրիշ իմաստ են ստանում:
– Այդ համատեքստից երբ նայում եք, ո՞րն է գնահատականը:
– Պետք է հասկանալ, որ այն բոլոր տնտեսական սահմանափակումները, որոնք կիրառում է Ռուսաստանը, ռազմական միջոցներ են՝ տնտեսական մեթոդներով: Ռուսաստանն այս օրերին բավականին թուլանում է ուկրաինական պատերազմի հետևանքով ու կանգնած է փոփոխությունների առաջ: Այս իրավիճակում Ռուսաստանի ղեկավարությունը նյարդային է դառնում, ու բոլոր կողմերից իրենց համար ավելի մեծ վտանգներ են տեսնում: Իրենք չեն կարող Հայաստանում իրենց թույլ տալ ավելի թուլանալ այն ֆոնին, որ թուլացել են Ուկրաինայում: Սա ավելի շուտ ոչ թե Հայաստանի իշխանությունների վարքի հետևանքն է, որքան Ռուսաստանի ռազմավարական վիճակի փոփոխման, դեգրադացիայի հետևանք:
Հայաստանի իշխանությունը մեղավոր չէ, որ Ռուսաստանը նման քաղաքականություն է վարում, իշխանությունը քայլեր չի արել, որոնք կարող էին բերել դրան, որովհետև նոր ընտրված վարչապետը արդեն հստակ հայտարարել է, որ ինքը ԵԱՏՄ ռազմական վեկտորը փոխելու միտում չունի: Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի արդեն հայտարարել է, որ ոչ մի փոփոխություն չկա, նորից եմ կրկնում, սա ավելի շուտ Ռուսաստանի իշխանության թուլացման հետ է կապված, նաև ներքաղաքական, շրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների:
– Պարո՛ն Արզումանյան, այսինքն՝ ռուսական կողմը վտանգներ չի՞ տեսնում, որ Հայաստանի իշխանությունները կարող են ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի սերտացնել, անդամ դառնալ:
– Դրանք ուղղակի դեկլարատիվ հայտարարություններ են Նիկոլ Փաշինյանի կողմից, պետք է հասկանալ, որ ԵՄ չես կարող մեկ օրում մտնել, ԵՄ մտնելու համար Հայաստանը պետք է անցնի բավականին երկար ճանապարհ, ինչը կարող է տևել 10 տարի, եթե ոչ ավելի շատ: Այդ բարեփոխումների արդյունքում Հայաստանի տնտեսությունն իհարկե ավելի մրցունակ ու հզոր կդառնա, բայց դա երկար ճանապարհ է, որը պետք է անցնել, բայց ոչ թե հայտարարություններով:
Սա ահռելի մեծ աշխատանք է պահանջում, որը չի էլ սկսվել, դա ռազմավարական նշանակության խնդիր է, իսկ այսօրվա իշխանություններն ի վիճակի չեն դա անելու, որովհետև դա պահանջում է մեծ կամք, դրա համար դու պետք է նաև պայքարի մեջ մտնես քո երկրի օլիգարխների հետ ու կարողանաս հաղթահարել այդ ամենը: Սա միայն տնտեսական խնդիր չէ, սա նաև քաղաքական ու իշխանական խնդիր է, բայց այսօրվա իշխանությունը դրան պատրաստ չէ, իրենք ուզում են մնալ եվրասիական ճահիճի մեջ, որտեղ այս խնդիրները չկան:
– Եթե Ռուսաստանը հայկական կողմից այդ վտանգը չի տեսնում, ապա ո՞րն է տնտեսական նման սահմանափակումներ իրականացնելու իմաստը:
– Այստեղ ավելի շատ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի քայլերն են, որ ուզում են ճնշել: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, կարելի է ասել, այսօր պատերազմի մեջ են Ռուսաստանի դեմ, ու երբ ԵՄ-ն քայլեր է անում, որ Հայաստանի համար հեշտացնի այդ ճանապարհին կանգնելը, այստեղ Ռուսաստանը վտանգ է տեսնում, բայց այդ վտանգը ոչ թե Հայաստանի հետ է կապված, այլ՝ ԵՄ-ի, նրանց քայլերի ու հայտարարությունների: Պուտինը մեզ չի պատասխանում, նա խնդիր չունի, բացարձակ վերահսկում է Նիկոլ Փաշինյանին, այստեղ խնդիրը ԵՄ-ի հետ է՝ աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրի հետ:
Սրանք ուղղակի քայլեր են, որ զսպեն Հայաստանի իշխանությանը այլ բաների մասին մտածելն անգամ, հայտարարություններ կարող են անել, խաղալ, բայց իրական քայլերի մասին չմտածեն: Այս իշխանությունը իրական քայլեր չի արել Ռուսաստանի դեմ ու չի էլ անելու:
– Պարո՛ն Արզումանյան, մինչ օրս Ռուսաստանից ընտրություններում հաղթելու համար Փաշինյանին շնորհավորանք չի հնչել, ինչո՞ւ:
– Դա խաղ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ, հայտարարել է, որ ոչ մի տեղ չի գնում: Ուղղակի խաղում են, էմոցիաներ են թույլ տալիս: Սրաք ձևական բաներ են, մենք, ցավոք սրտի, մնացել ենք հետսովետական Հայաստանում: Այդ ժամանակներն ավարտվել են, բայց Ռուսաստանում ու Հայաստանում դեռ շարունակվում են: Եթե Հայաստանի իշխանությունը իսկապես ուզում է Ռուսաստանի դեմ քայլեր անել, ապա թող այստեղ փակի Ռուսաստանի տեղեկատվական դաշտը, ինչը չի անելու, վստահ եմ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















