«Այսօր 60 միլիոն դրամը գերազանցող տներում ապրողներից շատերը Կենտրոնի վաղեմի բնակիչների ունեզրկման անմիջական մեղսակիցներն են». Վահրամ Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, գույքահարկի բարձրացման օրենքի շուրջ քննարկումների ֆոնին «բնիկ»-«ոչ բնիկ» երևանցի տարանջատումն է իրականացվում։ Անգամ «բնիկ երևանցիների» նախաձեռնություն է ստեղծվել։ Դուք նկատե՞լ եք, որ զտում է կատարվում։ Ի՞նչ է կատարվում իրականում, որտեղի՞ց է գալիս այս տարանջատումը, ինչի՞ համար են նման քննարկումները։

– Ինքնահաստատման մի ձև է, որ մինչև հեղափոխությունը աննկատ էր անցնում կամ նույնիսկ հանրային խրախուսանքի արժանանում, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգին դիմադրելու դրսևորումներից էր։ Հիմա Կենտրոնի բնակիչների մի մասը սա դարձրել է գույքահարկի բարձրացման դեմ պայքարելու միջոց։ 

Ես չեմ էլ քննարկում՝ գույքահարկը շա՞տ է, թե՞ քիչ. հնարավոր է՝ իմաստ ունի վերանայել ինչ-որ չափանիշներ, բայց «բնիկության» փաստարկն ինքնին տարօրինակ է՝ որպես էլիտիզմ, ընտրանիապաշտություն։ 

Երևանում մինչև Առաջին աշխարհամարտը հազիվ 20 հազարի կարգի հայ է ապրել, 2019-ին՝ 1.084 միլիոն։ Պատկերացրեք՝ ո՞ր մասն է էսօր «բնիկ», եթե հաշվի առնենք, որ արդեն 1937-38 թվերին մեծ թվով մտավորականների գնդակահարեցին ու աքսորեցին՝ խլելով նաև Կենտրոնի նրանց տները, 1949-ի հունիսի 14-ին Ստալինը ևս մի «մաքրազերծում» արեց։

Ընդ որում, բնակարաններին տիրացան «կուսակցական» կարիերիստները, չեկիստները կամ մատնիչները, որոնց աչքը հենց էդ տներին էր։ Չարենցը 1919-ից Երևանում է ապրել։ 1935-ին վերջապես բնակարան ստացավ, որը 1937-ին խլեցին, կնոջն աքսորեցին, երեխաներին շպրտեցին փողոց, իսկ բնակարանին տիրացավ չեկիստներից մեկը… կամ պայմանական մի «չեկիստ», չեմ հիշում՝ ով էր։ 

Հիմա Չարենցը բնի՞կ է, թե՞ չէ։ Իսկ չեկի՞ստը կամ չեկիստի թո՞ռը։ Այսինքն՝ չի մնացել որոշակի ավանդույթներով պատմականորեն ձևավորված Կենտրոն, իր բնակչությամբ, որը որոշակի մշակույթի կրող է, և դա պետք պետք է պահպանել հարկային արտոնություններով։

Մեծ արտահոսք եղավ նաև 1990-ականների սկզբի ծայրահեղ ծանր տարիներին, հետո՝ Հյուսիսային պողոտան կառուցելիս։ Էսօր 60 միլիոն դրամը գերազանցող տներում (որոնց վերաբերելու է գույքահարկի բարձրացումը) ապրողներից շատերը Կենտրոնի վաղեմի բնակիչների վտարման և ունեզրկման անմիջական մեղսակիցներն են, իրե՞նք էլ են բնիկ համարվելու մի քանի տասնյակ տարուց։

Դուք նաև սոցիալական ցանցում անդրադարձել եք այս թեմային՝ նշելով, որ «բնիկները» նաև իրենց մշակույթն են ստեղծել։ Ո՞րն է դա, մի փոքր կմանրամասնե՞ք։

– Եթե շատ չէ, մի 35-40 տարի հետ գնանք, կտեսնենք, որ 1980-ականների կեսերին ռուսական դպրոցները խեղդել էին Երևանի կենտրոնը, ռուսերենը հայերենից շատ էր լսվում։ 

Այսինքն՝ մարդիկ ԿԱՄԱՎՈՐ դարձել էին լեզվական գաղութացման առաջամարտիկներ, ծանոթով ու փողով էին երեխեքին խցկում ռուսական դպրոցներ։ Հիմա օրինաչափություն չնկատե՞մ, որ մեծ մասամբ ռուսախոսներն են հպարտանում, որ բնիկ են։ Իսկ ո՞ր մշակույթի բնիկներն են… 1990-ականների երկրորդ կեսից էլ առաջացավ «նոր մշակույթ»։ 

«Բնիկներից» շատերը «ոչ բնիկների» հաշվին փող աշխատելու համար սերիալներ նկարեցին, որոնք պաշտոնականացրին քրեական ու քաղքենիական «մշակույթը», շոու բիզնեսում քաղաքացիություն շնորհեցին ցածրագույն որակի ռաբիսին, բնականաբար՝ գործող վարչախմբի մեդիայի անմիջական մասնակցությամբ։

Հիշում եմ, մի ռեժիսորի, որը 2000-ականներին աշխատում էր «Արմենիա»-ում, բայց, իր բառերով, տան հեռուստացույցում «պլոմբել» էր էդ ալիքը, որ տնեցիներից ոչ մեկը չնայի։ Առանձին վերլուծության են արժանի «գաղափարախոսական» գործերը։ 

Ասենք, «Խաթաբալադան», որը նայելիս ես էլ եմ ժամանակին խնդացել՝ հեղինակներն ահագին արհեստավարժ էին։ Բայց հետո մի անգամ էլ հատուկ Յութուբում նայեցի, որ պարզեմ գաղափարախոսությունը. սա էր՝ մենք մեզ համար նստած էինք, «գեղցիներն» էկան, ամեն ինչին տիրեցին։ (Սոցցանցային մակարդակում մեծահոգաբար վերապահում են անում, թե «գեղցին» ուրիշ է, գեղացին կամ գյուղացին՝ ուրիշ)։ Իսկ ազգային շարժո՜ւմ, պատերա՜զմ, բռնապետության կազմաքանդո՜ւմ, էդ ամեն ինչն իրենց պետքը չէր, դա ուրիշները պետք է անեին կամ ձախողեին։

– Ինչո՞ւ է մշակույթը հետին պլան մղվել Հայաստանում, ինչո՞ւ են մարդիկ այսքան քաղաքականացված, նկատո՞ւմ եք արդյոք նման միտում։

– Կարևոր է, որ հեղափոխական իշխանության մշակութային ճաշակն էլ հեղափոխական լինի։ Բայց հաճախ տեսնում եմ, որ մեջբերումներ անելիս 1960-ականներից էս կողմ չեն գալիս։ Հասկանո՞ւմ եք՝ կես դարից ավելի է անցել էդ թվերից, մի երկու մշակութային հեղափոխություն է եղել աշխարհում… 

Շատ վատ է, որ նախահեղափոխական վարչակարգի խեղկատակներից շատերը շարունակեցին բարձր հովանավորություն վայելել։ Մի անգամ էլ կարդացի ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, փաստացի՝ մշակույթի նախարարի գրառումը, թե մի դերասանի հետ հանդիպմանը ոգևորված հայտարարել է, որ «Խաթաբալադայի» վրա է դաստիարակվել։ Արդյոք սնոբիզմի վրա հիմնված մշակույթը կարո՞ղ է դաստիարակության հուսալի աղբյուր լինել՝ ես չեմ հավատում…

Ճիշտ եք, որ մարդիկ քաղաքականացված են, և բնական է, որ թեժ իրավիճակներում կյանքը մշակույթին հաղթում է իր հետաքրքրականությամբ։ Բայց էլ ինչի՞ համար են պետական կառույցները։ 

Ես Մակունցից սկսած չեմ լսել, թե ինչ չափելի նպատակներ են դրված մշակույթը ամենօրյա կյանք վերադարձնելու համար, և ինչի են հասել մինչև հիմա։ Իսկ Ֆիրդուսի վերակառուցման ընթացքը ցույց տվեց, որ չկա էն սկզբունքայնությունը, որ դեռ Թամանյանն էր սահմանել բոլշևիկների օրոք, չկա անկեղծություն։ 

Մի փաստ ասեմ միայն՝ Օպերայի տարածքի սեփականատերերի հետ բանակցելու են գնացել 1930-ականների սկզբին՝ Աղասի Խանջյանը՝ հանրապետության ղեկավարը, Արամայիս Երզնկյանը, որ, կարծեմ, փոխվարչապետի կարգավիճակ ուներ, ինքը՝ Թամանյանը։

Հեղափոխությունից ավելի քան երկու տարի է անցել, հասարակության մեջ առողջացման գործընթաց կա՞, թե՞ կարծես ագրեսիան, միմյանց մեղադրելն են շատացել։ Եվ ինչպե՞ս լուծել այս խնդիրը, որովհետև շատ կան մեկնաբանություններ, որ ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության համար թիվ մեկ պատասխանատուն հենց իշխանությունն է։

Ես էլ եմ կարծում, որ իշխանությունն է, բայց ոչ էն իմաստով, որ ընկնենք-քննենք, թե ով առաջինը սկսեց, այլ՝ հնարավորությունների, լծակների իմաստով։ Եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, որոնցից մենք ժողովրդավարություն ենք սովորում, գնացին խստացումների։ 

Մենք կենցաղում հայհոյող ազգ չենք, ոնց որ ռուսները, ուրիշ ժողովուրդներ։ Իսկ ատելությունը որտե՞ղ է՝ մեդիայում։ Ներառյալ սոցցանցերը։ Ի՞նչ պետք է անել։ Ստեղծել անկախ մարմին, մարդու մեդիա իրավունքների պաշտպան, որը ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ պրոգրեսիայով կտուգանի բոլոր ԶԼՄ-ներին, որոնք տարածում են ատելության խոսք, վիրավորանք, հայհոյանք, էդ թվում՝ զրուցարաններում։ Մի քանի ամսում հայհոյախոսները լեզուներն իրենց կքաշեն, կամ մենք նրանց խոսքը էլ չենք լսի մեդիայում։ Թող խեղդվեն իրենց մաղձի մեջ։

– Վարչապետն ասաց, որ հաջորդ խորհրդարանում կլինեն հեղափոխությանն աջակցող ուժեր։ Այս փուլում ընտրակաշառքների բացահայտման վերաբերյալ գործեր են քննվում։ Կհաջողվի՞ քաղաքական դաշտում մշակույթ փոխել։ Ի՞նչ անել դրան հասնելու համար։

– Պետք է ավելի հետևողական բացահայտել «համակարգաստեղծ» հանցագործությունները, կանխել սեփական թիմային մեծամտությունը, «քաղաքական դիակների» փոխարեն բանավեճը վարել հեղափոխությանն աջակցող ուժերի հետ, որոնք ունեն զարգացման բարձր մակարդակ… 

Ես գիտեմ, որ հեշտ գործ չի, ինչ ասում եմ՝ թալանչիներն ամեն ինչ արել էին, որ տաղանդավոր անհատականություններին չեզոքացնեն, ձևավորվող ուժերին սաղմնային վիճակում վերացնեն, բայց չպետք է հուսահատվենք՝ հեղափոխական զայրույթը պետք է վերածվի ստեղծարար եռանդի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am