Ապրեք դրամով, ծախսեք դրամով, խնայեք դրամով. ԿԲ փոխնախագահի խորհուրդը քաղաքացիներին

Մեր քաղաքացիներին հորդորում ենք ամեն ինչ անել դրամով. եկամուտներ եք ստանում դրամով, ապրեք դրամով, ծախսեք դրամով, խնայեք դրամով: Այդ մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ արձագանքելով պատգամավորի հարին, թե բնակչությունը մտավախություններ ունի դրամի արժեզրկման տեմպով:

Ընդհանուր առմամբ, ԿԲ փոխնախագահը նկատեց, որ մտահոգության որևէ պատճառ չկա, քանի որ այս երևույթը ժամանակավոր բնույթ է կրում:

«Եթե վերցնեք դրամով վերջին տոկոսադրույքները գումարեք բարդ կամ հասարակ ձևերով, կտեսնեք, որ փոխարժեքի այսպես կոչված տատանումները և դոլարային ավանդների տոկոսադրույքները՝ միացյալ, շատ ավելի ցածր եկամուտ են ապահովել, քան դրամը՝ իր ավանդային տոկոսադրույքներով: Բոլոր ռիսկերը փոխարժեքի տատանման ներառված են տոկոսադրույքների մեջ, և մեր քաղաքացիները պետք է սկսեն սովորել գնահատել տոկոսների ռիսկերը, ոչ թե նայեն «չենջերի» տաբլիչկաների վրա», -հավելեց Ներսես Երիցյանը: