Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառում, որ օպերատորը մահացել է թմրանյութերի ազդեցությունից

Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառել, որ «Պիրվելի» հեռուստաընկերության  օպերատոր, դաժանաբար ծեծված Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառը կարող է լինել թմրանյութը:

Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Վրաստանի  քրեական ոստիկանության պետ Մամուկա Ճելիձեն: Ըստ նրա` թմրանյութի վարկածը քննարկվում է: Ճելիձեն բազմիցս շեշտել է, որ  ընտանիքի և հանգուցյալի շահերից ելնելով` այս փուլում ՆԳՆ-ն զերծ է մնում նախնական վարկածներ հնչեցնելուց: Միևնույն ժամանակ, նա ուղղակիորեն ակնարկել է, որ գերդոզավորման վարկածն առաջնահերթություն է հետաքննության համար:

Թբիլիսիի տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկների տեսանյութեր կան,  որոնցում  Լաշքարավան ընկերոջ հետ է: Երիտասարդները մոպեդով են:  Ըստ ՆԳՆ-ի` կադրերն արվել են օպերատորի մահվան նախորդ օրը:  Լաշքարավան ու  ընկերն այցելել են Սաբուրթալոյի տարածք, ինչպես նաև երկու անգամ եղել են ծայրամասային Պոնիճալայում,  որը համարվում է Վրաստանին ծանր թմրանյութերի մատակարարման հիմնական ալիքը: Քրեական ոստիկանության պետը միաժամանակ նշել է, թե չի ուզում կենտրոնանալ այս հանգամանքի վրա, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՆԳՆ-ն նախապես  որոշակի վարկածներ է  հայտնում: Նա կոչ է արել մահացածի ընտանիքին`  համագործակցել հետաքննության հետ և հանձնել բջջային հեռախոսը:  Մահվան  իրական պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որում ներգրավվել է  ընտանիքի կողմից ընտրված անկախ փորձագետ:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն