«Մինչև չփոխվի արժեքային համակարգը, ամեն ինչ վերադառնալու է նույն կետին». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

– Պարո´ն Բաբայան, վերջերս հրապարակվեցին մի խումբ պաշտոնյաների անուններ, որոնց որդիները խուսափել են բանակում ծառայությունից: Այդ պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել` մեկի որդին ալերգիայով է տառապում, մյուսինն ընդունվել է ասպիրանտուրա և այլն: Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ փաստը, որ բազմաթիվ պաշտոնյաների որդիներ չեն ծառայում բանակում:

– Նախ` ողջունելի էր նման ցուցակի հրապարակումը, մյուս կողմից` գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ կան դեպքեր, երբ ձևակերպվում են որպես զինծառայող, բայց ծառայության տարիներն անցկացնում են տանը, Երևանի փաբերում ու ռեստորաններում: Երևի թե դա ավելի ահավոր է, քան այն դեպքերը, երբ պաշտոնապես նշվում է, որ չեն ծառայել: Միշտ հասարակության մեջ մարդիկ, որոնք իրենց համարել են էլիտա` լինի քաղաքական, կրոնական, գիտական, իրենց պարտքն են համարել բանակում ծառայելը: Սա արժանապատվության ու ազնվականության հարց է: Ինձ վրա այս իրավիճակը տգեղ տպավորություն է թողնում` և՛ բանակում չծառայելը, և՛ այն պատճառաբանությունները, որոնք հնչում են: Գուցե այդ պատճառաբանությունների մի մասը հիմնավոր է, իսկապես չի կարելի բոլորին մեկ չափանիշով դատել, բայց հիմնականում մենք տեսնում ենք, որ այն, ինչի մասին խոսում ենք, որ սա բոլորիս երկիրն է, և այստեղ չպետք է լինեն մարդիկ, որոնք արտոնություններ ունեն երկիր պաշտպանելու հարցում, դեռ, ցավոք, այդպես չի: Կունենա՞ արդյոք հասարակությունը համապատասխան վերաբերմունք այդ մարդկանց հանդեպ, նրանց երեխաների հանդեպ և ինչպե՞ս կարտահայտի իր վերաբերմունքը, որովհետև խայտառակվելը մեր հասարակության մեջ, ցավոք, որևէ նշանակություն չունի: Մենք հանգիստ խայտառակվում ենք և շարունակում ենք մեր գործը:

Մենք տիկնիկային թատրոնում ունենք մի ներկայացում՝ «Անհաղթ աքլորը», որտեղ կան հանճարեղ խոսքեր. երբ աքլորը ոսկի է գտնում, թագավորին սկսում է խայտառակել, քանի որ թագավորը խլել է այդ ոսկին, հետո տանում ոսկին հետ է տալիս, աքլորը սկսում է բղավել, որ թագավորն ինձնից վախեցավ: Ու այդ ժամանակ թագավորն ասում է. «Դե, եթե միևնույն է, խայտառակում է, ոսկին ինչո՞ւ հետ տվեցինք»: Հիմա մոտավորապես այդպիսի կարգավիճակ է Հայաստանում:

Հեղինակությունը, արժանապատվությունը պետք է դառնան երևի ամենակարևորագույն պահանջներից մեկը, որպեսզի հեղինակությունը, արժանապատվությունը կորցնելը, խայտառակ լինելը դառնան իսկապես պատվի հարց: Քանի դեռ դա չկա, քանի դեռ այդ չափանիշը չի աշխատում, միշտ կգտնվեն ճանապարհներ խուսափելու, շրջանցելու բանակում ծառայելուց: Ես կարծում եմ՝ ամեն ինչ պետք է կառուցվի արժեհամակարգի վրա: Մեր արժեհամակարգի մեջ պատվի հարցը մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Թե՞ եթե փող ու հնարավորություն ունես ինչ-որ կերպ խուսափելու, ուրեմն բոլոր ճանապարհներն ընդունելի են: Այստեղ ես, ցավոք, չեմ կարող ասել, որ այդ հիվանդությամբ տառապում է միայն իշխանությունը: Ցավոք, բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ հնարավորություն ունեն այդ ճանապարհից խուսափելու, օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները: Ես բոլոր խնդիրների լուծումը տեսնում եմ այդ արժեհամակարգը ստեղծելու, վերականգնելու մեջ, պատվի կոդեքս ասվածի մեջ: Բաներ կան, որոնք չեն թույլատրվում անել, անկախ այն բանից` պաշտոն ունես, թե չունես, փող ունես, թե չունես: Դա պատիվ չի բերում: Հասարակությունն էլ պետք է շատ ակտիվորեն արձագանքի, որ պատիվ չունեցող մարդը հաստատ իրավունք չունի որևէ դիրք զբաղեցնելու հասարակության մեջ: Նա, ով կորցրել է պատիվը, նրա հետ կարելի է անել ամեն ինչ, և նա պատրաստ է ամեն ինչի:

– Պարո´ն Բաբայան, Ձեր կարծիքով` ի՞նչ արձագանք կունենար նման բացահայտումը ժողովրդավարական երկրում: Եվ առհասարակ, ի՞նչ ցույց տվեց սա:

– Սա բացահայտեց, որ մենք ավելի շատ զբաղված ենք PR-ով, քան իսկական գործով: Հայրենասիրությունն ընդհանրապես PR չի ենթադրում: Կրկին ուզում եմ վերադառնալ պատվի հարցին. թագավորական ընտանիքների տղամարդիկ գնում են ամենաթեժ կետեր, Անգլիայի թագուհու զավակները, թոռները եղել են աշխարհի թեժ կետերում, և դա ձևական չի եղել: Եթե մի քիչ հետ գնանք, Ռուսական կայսրության ազնվականության մոտ կտեսնենք նույն պահվածքը: Կարծում եմ՝ հասարակությունն ինքը պետք է իր համար այդ արժեքային համակարգը որոշի և միանշանակ մերժի այն մոտեցումը, որը հիմա կա մեզ մոտ: Ես անգամ դժվարանում եմ գնահատական տալ դրան` գյադայակա՞ն մոտեցում է, թե՞ ռամիկական մոտեցում է, երբ օգտագործում են բոլոր առիթներն ու հնարավորությունները՝ օրենքը շրջանցելու, օրենքը սեփական պահանջներին համապատասխանեցնելու համար: Սա դաստիարակության հարց է, կրթության հարց է, օրինականության հարց է: Բարի. խոսեցինք, ասեցինք, անունները հնչեցրինք, իրենց արդարացումներն էլ լսեցինք, հետո՞: Հետո այդ մարդիկ նորից դուրս են գալիս հասարակության մեջ, հետո հասարակությունն էլի վազվզում է այդ մարդկանց մոտ, փող է մուրում, այդ փողն ստանում է: Մեզ մոտ մի մտայնություն է տարածված. «Դե, ո՞վ լիներ նրա տեղը, որ չաներ: Ով ունենար նման հնարավորությունը և չաներ»: Սա ամենաահավորն է: Այստեղ ընդհանուր մտածողության փոփոխության կարիք կա, որովհետև քանի դեռ դա չկա, կարելի է ինչ-որ ձևով արձագանքել բացասական երևույթներին, նույնիսկ իմպերատիվ կերպով այդ մարդկանց հեռացնել պաշտոնից, բայց եթե արժեքային համակարգը մնա նույնը, նույն բանը կկրկնեն նորերը: Մինչև չփոխվի արժեքային համակարգը, ամեն ինչ վերադառնալու է նույն կետին: Բաներ կան, որ պարզապես չի կարելի անել ու վե´րջ: Էլ բացատրություն չենք պահանջում, էլ չենք նայում պաշտոն ու փող, չի կարելի և վե´րջ: Եթե բանակ է, բանակ է բոլորի համար, եթե պաշտպանություն է, պաշտպանությունը վերաբերում է բոլորին: Թե չէ մեզ մոտ ինչպես է՝ բիզնեսով կարող են զբաղվել միայն այս մարդիկ, քաղաքականությամբ կարող են զբաղվել միայն այն մարդիկ, հայրենիքի պաշտպանության խնդրով կարող են զբաղվել միայն այն մյուսները: Այդպես չի կարելի: Ժողովրդավարությունը ենթադրում է հավասար հնարավորություններ ու հավասար պարտականություններ բոլորի համար:

– Այսինքն՝ ծառայությունը բոլորի համա՞ր պետք է լինի: Կարծիք կա, որ գիտնականին պետք չէ ծառայության ուղարկել, որ նա գիտության մեջ նվաճումներով պետք է իր ծառայությունը մատուցի, սխա՞լ է:

– Ո´չ, չեմ կարծում, որ սխալ է: Ես կարծում եմ, որ եթե ուզում ենք, որ բանակը դառնա մեր կյանքի կարևոր մասը, յուրաքանչյուրն իր տեղը կգտնի անելու: Իսկ ո՞վ ասաց, որ գիտնականը պետք չէ բանակում: Այսօրվա բանակում գիտնականն ունի իր կարևոր դերակատարումը: Եթե մենք փորձում ենք ստեղծել ժամանակակից բանակ, արվեստագետն ունի իր կարևորագույն դերակատարությունը: Չէ՞ որ բանակը միայն հրանոթն ու խրամատները չեն: Բանակը մոդել է, որտեղ յուրաքանչյուրն իր տեղը պետք է ունենա: Եթե մարդը գիտնական է և կարող է ինչ-որ ձևով օգտակար լինել բանակին, ապա նրան բանակից հեռացնելը, ծառայելուց զրկելը, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ:

Մենք հաճախ բերում ենք Իսրայելի օրինակը. դուք գիտե՞ք, որ Իսրայելի բանակում սկզբունք է. եթե դու գերի ես ընկել, քո ամենակարևոր խնդիրը սեփական կյանքը պահպանելն է, ինչ ուզում ես ասա: Ուզում ես` քո երկիրը հայհոյիր, քո ժողովրդին հայհոյիր, բոլոր գաղտնիքներն ասա, մենակ քո կյանքը պահպանիր: Ու երբ իսրայելցի զինվորը գերի է ընկնում, նրան ոչ ոք դավաճան չի ասում: Երբ նա ուզում է իր կյանքը պահպանել, նա հասկանում է, որ դա պետության ուզածն է, որովհետև մարդուց ավելի կարևոր բան չկա երկրի համար: Ի՞նչ գաղտնիքներ կարող ես այսօրվա տեխնիկայի պայմաններում թաքցնել, որ գերի ընկած զինվորին, ում կտտանքների են ենթարկում, դավաճան անվանես: Նույն Իսրայելում որևէ տարբերություն չկա, բոլորը պետք է ծառայեն` ամեն մեկն իր օգտակարության մասով:

– Պարո´ն Բաբայան, արդյոք չպե՞տք է այս ցուցակը դառնար պատկան մարմինների քննության առարկա, նաև գործեր հարուցվեին, օրենքը շրջանցած պաշտոնյաները պատասխանատվության կանչվեին:

– Իրականում, իհարկե, այդպես պետք է լիներ, բայց ես դժվար եմ պատկերացնում այդ մեխանիզմը, որովհետև այսօր այնքան սուտ գիտնական կա, որոնք ասպիրանտուրայում են սովորել, այնքան սուտ հիվանդություններ կան: Մյուս կողմից` մենք գիտենք, թե հաճախ ինչ հիվանդություններով երիտասարդների են տանում բանակ, հետո պարզվում է` նման հիվանդությամբ մարդուն չէր կարելի բանակ զորակոչել: Այսինքն` յուրաքանչյուր դեպք պետք է ուսումնասիրվի, ամեն դեպքի հետևից պետք է գնալ, որովհետև հնարավոր է` համապատասխանում է իրականությանը, մենք չենք կարող դա բացառել: Բայց, ցավոք, մենք տեսնում ենք, որ չծառայելու միտումը համատարած բնույթ ունի որոշակի խավի մոտ, այն խավի մոտ, որն ունի ծառայությունից խուսափելու հնարավորությունը: Սա է վատը: Իրավունքներն առանց պարտականությունների չեն լինում: Կա ևս մի կարևոր սկզբունք, որով ժողովրդավարական պետությունները տարբերվում են ոչ ժողովրդավարական երկրներից. ժողովրդավարական երկրում որքան բարձր է պաշտոնդ, այնքան շատ են պարտականություններդ և քիչ են իրավունքներդ: Մեզ մոտ, ցավոք, լրիվ հակառակն է. ես ստանում եմ պաշտոն կամ ինչ-որ դիրք եմ զբաղեցնում ու արդեն կարող եմ և´ երթևեկության կանոններն արհամարհել, և´ օրենքի պահանջները չկատարել: Տեսեք` մեզ մոտ այդ ցուցակը հրապարակվեց, չէ՞. մարդիկ նայում են առաջին հերթին նրանց, ովքեր ունեն պաշտոն և առաջին հերթին նրանց են քննադատում, ուրեմն պաշտոն ունեցողը պետք է սեփական անձի հանդեպ տասնապատիկ ավելի բծախնդիր լինի, կատարի բոլոր պարտականությունները, որովհետև հասարակ մարդիկ օրինակ են վերցնում նրանցից ու միշտ մատնացույց են անում, ասելով. «Դե, եթե իրենց կարելի է, ինձ ինչո՞ւ չի կարելի»: Արդյունքում` մարդիկ ոչ թե ձգտում են օգտագործել սեփական գիտելիքները, սեփական աշխատանքը, այլ որ ստանան այդ արտոնությունները: Պաշտոնը պետք է բացառի որևէ արտոնություն: Արտոնություններ կարող են լինել միայն հիվանդ մարդկանց համար, կամ, ասենք, պարզ է, որ չի կարելի բանակ տանել լավ բալետ պարողներին, լավ դաշնակահարներին, համենայնդեպս այն ձևով, ինչպես մյուսներին: Սա այլ հարց է, սա արտոնության հարց չէ, սա առանձնահատկություններ են` կապված մասնագիտության հետ: Բայց կարելի է նույն դաշնակահարին պարտադրել, որ, ասենք, երեք ամիսը մեկ համերգներ տա բանակում, և դա վատ չէ, որովհետև մենք ուզում ենք քաղաքակիրթ բանակ ունենալ:

Մանե Հարությունյան

MediaLab.am