«Փախստական կանանց վատ են վերաբերվում, ասում են՝ թուրքի մեջ ապրածն ինչ պիտի լինի». Նորայի պատմությունը

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Նորան արդեն 20 տարուց ավելի է` ապրում է Հայաստանում, ասում է՝ այս տարիների ընթացքում չի կարողանում ազատվել «բաքվեցի» խարանից: Հարեւանները, ծանոթները, բոլորը, ովքեր նրան ճանաչում են, ասում են՝ բաքվեցի Նորան: Նա ասում է, որ կյանքն այդպես էլ իր ուզած ձեւով չդասավորվեց. 43-ամյա այս կնոջ կարծիքով՝ փախստական լինելու հանգամանքը շատ է խանգարել. «Ես այդպես էլ մնացի օտար՝ յուրայինների շրջանում, ու ինձ նման հազարավոր փախստականներ: Սկզբում ինձ վատ էին վերաբերվում լեզվի համար, ռուսերեն էի խոսում: Անընդհատ լսում էի, հետեւից ասում էին՝ էս ռուսախոսը, էս «ձեւիստ» բաքվեցին: Հետո հայերեն սովորեցի ու սկսեցի վարժ հայերեն խոսել, բայց էլի այդ մարդկանց համար մնացի բաքվեցի»:

Նորան պատմում է, որ 90-ականների սկզբներին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, իր ընտանիքին ադրբեջանցի հարեւանն էր օգնել, որպեսզի կարողանան թաքնվել ու փրկվել սպանդից: Նորան երիտասարդ աղջիկ էր, երբ տեղափոխվեցին Հայաստան՝ Վանաձոր քաղաք, Բաքվի մանկավարժական ինստիտուտում էր սովորում, Հայաստանում չկարողացավ ուսումը շարունակել, մասնագիտություն ձեռք բերել. ուզում էր ուսուցիչ դառնալ: «Քանի որ մասնագիտություն չունեի, ինչ գործ պատահեր՝ անում էի: Մի քանի անգամ իմ կյանքում եղել է՝ աշխատանքի չեն ընդունել, ինչ է թե՝ իրենց համար բաքվեցի էի: Ախր մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ի՞նչ կարեւոր է, թե մարդը որտեղից է, մենք բոլորս էլ հայ ենք, ինչո՞ւ են տարբերություն դնում: Մենք մի անգամ արդեն դժբախտություն ապրել ենք ադրբեջանցիների ջարդերի պատճառով, հիմա էլ շարունակում ենք դժբախտ լինել սեփական երկրում: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե գնայի ուրիշ երկիր ապրելու ու օտար համարվեի, սրտիս դարդ չէր լինի, ու երեւի այնտեղ այսքան օտար չէի զգա ինձ»,- ասում է Նորան:

Ամուսնանալ, ընտանիք էլ չկարողացավ կազմել Նորան. ասում է՝ այդ բաքվեցի լինելը դրան էլ խանգարեց. Երկրպագուների պակաս չի ունեցել, բայց հենց հերթը հասնում էր ամուսնանալուն, նրանք կորում էին, անհետանում՝ անհեթեթ պատճառաբանություններով. «Մեր դռան մոտ հերթ էր, էնքան ուզողներ ունեի, անկեղծ եմ ասում, սիրահարվում էին, սեր էին բացատրում, բայց մեկ էլ ասում էին՝ կներես, չեմ կարա ամուսնանամ, կամ գնում էին Ռուսաստան, խոստանում գալ հետեւիցս ու կորում: Հետո իմանում էի, որ ամուսնացել են, իսկ իմ հետ չէին կարա ամուսնանալ, իբր որ Բաքվից է ընտանիքս, ես էլ ուրեմն տուն տանելուն հարմար չեմ: Այստեղ միշտ էլ, մինչեւ հիմա էլ փախստական կանանց վատ են վերաբերվում, կարծում են, թե՝ անլուրջ են, վարքից թույլ են, ման եկող են, ասում են՝ թուրքի մեջ ապրածն ինչ պիտի լինի, թրքացած են, թուրքի «մատոռով են»: Մի հարեւան ունեմ, ամուսնուն արգելել է ինձ բարեւի, ծիծաղս էլ է գալիս»:

Նորան պատմում է՝ եթե մինչեւ 30 տարեկան տղաները չէին համարձակվում բաքվեցի-փախստական աղջկա հետ ամուսնանալ, քանի որ, ըստ նրա, մոր փեշի տակ էին ապրում, ու հիմնականում ծնողներն էին դեմ լինում, բայց որ 30-ն անց տղամարդիկ սիրո խոստովանություն անեն ու համարձակություն չունենան ամուսնանալ, Նորայի համար անհասկանալի է. «Մոտ 3 տարի մի տղամարդու հետ հանդիպում էի, հասուն մարդ էր, 33 տարեկան, մեր տուն գալիս-գնում էր որպես փեսացու, մամաս իր տղայի պես ընդունում էր նրան: Հենց ամուսնության մասին սկսեցի խոսել, ասում էր՝ համբերի, հլը փող չկա, լավ գործ գտնեմ՝ կամուսնանանք: Խաբեց ինձ, խաբեց՝ փախավ: Ականջիս հասավ, որ ստեղ-ընդեղ խոսացել է՝ ես չէի կարա բաքվեցու հետ ամուսնանալ: Ինչի՞, բաքվեցին չի՞ կարա լավ կին լինի»:

Նորային մինչ օրս քննադատում են նույնիսկ աշխատանքի համար. Վանաձորի զորամասերից մեկում է աշխատում, ասում է՝ հազիվ էր աշխատանք գտել, ու մեկ էլ կրկին՝ բամբասանքներ ու վատ վերաբերմունք: «Էդ ինչ կնգա աշխատելու տեղ ա որ: Բա նորմալ կինն էլ էդքան տղամարդկանց մեջ աշխատի: Ինչ ա՝ մտքին դրել էր ու կնգան սազական գործ չէ՞ր գտել, երեւի ուզում ա շուրջը միշտ լիքը տղամարդ լինի, տենց իրան լավ կզգա». այսպիսի կարծիքներ են հնչեցնում Նորայի հասցեին: Այս կինն ասում է՝ մի՞թե մարդուն կարելի է վատ գնահատական տալ աշխատելու համար. «Ոչ գողություն եմ անում, ոչ պոռնկություն, ինչո՞ւ են էս աստիճան ցավեցնում մարդուն: Շատ եմ լսել՝ ոչ միայն հետեւիցս են խոսում, երեսիս էլ ասել են՝ էդ ինչ տեղ ես աշխատում, էն էլ «սմենով», գիշերը մնում ես տղամարդկանց մեջ: Ո՞ր մի նորմալ կինը տենց տեղ կաշխատի: Ես էլ ասում եմ՝ եթե ես չաշխատեմ, ինձ ու իմ ընտանիքը դո՞ւք եք պահելու, գործը թափած չի, որ ես էլ ընտրություն անեմ: Առաջին անգամ որ նման բան լսեցի, շատ էի նեղվել, լաց էի լինում, տանջվում էի, մի պահ ուրիշ աշխատանք էի փնտրում, բայց հարմար աշխատավարձով գործ չգտա ու մնացի այստեղ՝ արդեն քանի տարի է: Զորամասում աշխատելը ամո՞թ բան է, ծառայություն է, այն էլ՝ դժվար: Ես ոչ մի վատ բան չեմ անում, իմ քրտինքով ապրուստս եմ վաստակում, բա էս տեսակ բաների համար էլ մարդուն անուն կպցնե՞ն»:

Նորան չի կարողանում հաշտվել, հաղթահարել հասարակության խտրական վերաբերմունքն իր հանդեպ. ասում է՝ մարդիկ կարծես թե դիտավորյալ փչացնեն կյանքը, վիրավորեն, իրեն ստորադասեն մյուսներից, եւ փաստորերն կրկնակի խտրականության է ենթարկվում՝ ե՛ւ որպես կին, ե՛ւ որպես փախստական:

Ու չնայած այդ վերաբերմունքին՝ Նորան համարձակություն է ունեցել, այսպես ասած՝ առանց ամուսնանալու երեխա ունենալ: Դստեր համար այլ կյանք է երազում, ոչ իր կյանքի նման. Նորան ասում է՝ ջանք չի խնայում, որպեսզի աղջիկը լավ սովորի դպրոցում, հատկապես հայոց ու անգլերեն լեզուները, որպեսզի հետագայում բուհ ընդունվի, մասնագիտություն ունենա, ու ինչպես ինքն է ասում՝ արժանապատիվ աշխատանք ունենա:

«Չնայած շատ եմ վախենում, մի օր էլ աղջկաս ասեն՝ մերդ առանց ամուսնանալու է քեզ բերել, դու պապա չունես: Աղջկաս համադասարանցու ծնողը արգելել էր իր աղջկան Միլենայիս հետ ընկերություն աներ, ասել էր՝ դրա հետ գործ չունես: Էրեխես լացելով տուն էր եկել: Չգիտեի՝ ինչ ասեի, հազիվ եմ հանգստացրել, չեմ ուզում Միլենայիս մանկությունը փչանա, մտածում եմ տեղափոխվեմ էս քաղաքից: Ես գիտեմ, որ իմ հետեւից բամբասում են, ինչ ասես՝ ասում են: Հարեւանս մի օր ինձ ասեց՝ դու վտանգավոր օձ ես, կարող ա մեր մարդկանց էլ քեզանով անես, որ խալխից առանց պսակվել էրեխա ես ունեցել: Հենց բնակարանս վաճառվեց, թողնելու եմ գնամ Վանաձորից, մորս ու աղջկաս վերցնեմ կամ Երեւան, կամ Ռուսաստանի մի քաղաք տեղափոխվեմ»:

Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ

Հոդվածի բնօրինակն`այստեղ

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի