Հայաստանը ձեռնարկում է միջոցներ՝ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ

Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։

«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,

+393423382875, +393442451433

Էլ. հասցե՝ [email protected]»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակ է։

Կորոնավիրուսի տարածման առումով, ըստ worldometers.info-ի, Իտալիան զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո։

Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 10 հազարից։  Երկրով մեկ կարանտին է հայտարարված։

Չեղարկվել են միջոցառումներ, չվերթներ։ Զբոսաշրջային ամենաբուռն կյանքով ապրող Իտալիայի քաղաքներում այս օրերին լռություն է տիրում։