Թրամփը դիտարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու տարբերակը. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման շուրջ նախնական քննարկումներում առաջընթացի բացակայության պայմաններում, դիտարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը քննարկում է ավիահարվածներ հասցնելու տարբերակը Իրանի ղեկավարության և անվտանգության ոլորտի այն ներկայացուցիչների դեմ, որոնք ենթադրաբար պատասխանատու են ցուցարարների սպանությունների համար։ Քննարկվող այլ տարբերակների թվում են նաև Իրանի միջուկային օբյեկտների և կառավարական հաստատությունների դեմ հարվածները։

CNN-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հետագա քայլերի վերաբերյալ, սակայն կարծում է, որ իր ռազմական հնարավորությունները ընդլայնվել են այս ամսվա սկզբից ի վեր, քանի որ տարածաշրջանում ներկայումս գտնվում է ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 28-ին զգուշացրել էր, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են «անհապաղ և հզոր» արձագանք տալ Իրանի ցամաքային, օդային կամ ջրային տարածքների դեմ ցանկացած ագրեսիայի։ Իսկ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և պատասխանը չի ուշանա։