Ես Սաշիկի, Սուրիկ Խաչատրյանի անկեղծությանը ի՞նչ հավատամ, ամեն ինչ սահման ունի. Էդմոն Մարուքյան

Այսօր բանտերում լիքը մարդ պետք է լիներ, բայց բանտերում չեն, հակառակը գալիս լեկցիա են կարդում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Գալիս են ձեզ սովորեցնում են՝ ինչպես լրագրող աշխատել, ինձ սովորեցնում են ինչպես լինել քաղաքական գործիչ: Բայց այդ մարդը թղթղերով, պասպորտով գող, ավազակ է: Ինչի՞ մասին է խոսքը, լռենք էդ գողերը գան նորից սկսեն գողանա՞լ», -հավելել է նա:

Հարցին, թե ի՞նչն էր խանգարում չորս տարիների ընթացքում բռնել այդ գողերին, Մարությանը պատասխանել է, որ տեղյակ չի, բայց եթե մի օր ինքն իշխանություն ունենա, բոլորն էլ ազատ լինելու հնարավորություն չեն ունենա:

Լրագրողի հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը պայքարի կոչ է արել իր զինակիցներին, չի՞ հավատում նրա ու մյուսների անկեղծությանը, Մարուքյանը արձագանքել է.

«Դե կներեք էլի, ես Սաշիկի, Սուրիկ Խաչատրյանի անկեղծությանը ի՞նչ հավատամ: Ամեն ինչ սահման ունի, Արցախը փրկելու համար դուրս են եկել…Նայեք, քաղաքական տրամաբանությունը հետևյալն է, եղել են ընտրություններ, տեսեք, մենք պատգամավոր էինք, մենք մեր մանդատները զոհաբերել ենք, ցրել ենք պառլամենտը, որ նաև իրենց պահանջները կյանքի կոչվեն, ժողովուրդը որոշի լուծել ճգնաժամը: Հիմա էդ որոշման արդյունքում մենք չենք անցել պառլամենտ, ի՞նչ անենք, ճանապարհները փակենք, ցույցեր անենք, ինչ է թե իշխանություն չունե՞նք: Հիմա տրամաբանությունը հետևյալն է՝ ժողովուրդը հինգ տարի հետո մեկ էլ կորոշի: Նոր է եղել ընտրություն, որևէ մեկը չի պատրաստվում ցրել պառլամենտ, ինքս էլ դեմ եմ դրան, որովհետև Հայաստանը խորը մարտահրավերների մեջ է: Որպես քաղաքական գործիչ ես էլ կուզեմ չէ՞ որ ընտրություններ լինեն, միգուցե անցնենք խորհրդարան, բայց չեմ ուզում, պետք է մարտահրավերները լուծել: Ցանկացած ցնցում հղի է պատերազմով: Բայց եթե նրանք ավելի են դասում Սուրիկ Խաչատրյանին հետ բերեն, քան Հայաստան պետությունը, թող անեն, ի՞նչ ասեմ»: