«Ինտերնետը արգելափակելով ինչի՞ եք հասնելու». Հայաստանում նախատեսում են ռազմական դրության ժամանակ արգելափակել ինտերնետը, սոցցանցերը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանափակել ինտերնետ հասանելիությունը Հայաստանում ռազմական դրության ժամանակ: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դրվել է հանրային քննարկման:

Դրա հիմնավորումներում խոսք չկա 2020 թվականի պատերազմի մասին, բայց ակնհայտ է, որ նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով երկու տարի առաջ հայտարարված ռազմական դրության ժամանակ գրանցված բացթողումներն ու խնդիրները:

Գործող օրենսդրությամբ՝ ռազմական դրության ժամանակ կարծիքի արտահայտման սահմանափակում, տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող միջոցների առգրավում կամ կալանք նախատեսված են, սակայն ինտերնետի մասով կարգավորում չկա:

Փոփոխություններով նախարարությունն առաջարկում է Հայաստանի տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում սահմանափակել հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը:

Նաև առաջարկվում է Հայաստանում ռազմական դրության ժամանակ ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր արգելափակում, ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում:

Բացի այդ, Հայաստանի տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում ինտերնետ հասանելիությամբ են ապահովվում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտները, ինչպես նաև առանձին կազմակերպություններ:

Ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը, առաջարկվող փոփոխություններով, տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։

Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես ՀՀ վարչապետին կից խորհրդակցական մարմին, որը ղեկավարելու է վարչապետը:

Սա նախագիծ է, Կառավարությունում հաստատվելու դեպքում, այն կուղարկվի Ազգային ժողով: Նախագիծն օրենսդիր մարմնում ընդունվելու դեպքում ռազմական դրության ժամանակ կարող են արգելափակվել սոցիալական ցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածներ, այսինքն՝ այն, ինչ կապված է ինտերնետի հետ:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ եթե ԵԽ անդամ երկրում ռազմական դրություն է հայտարարվում, այդ մասին տեղեկացվում է Եվրոպայի խորհուրդը, ինչը ենթադրում է շեղում հիմնարար իրավունքների և սկզբունքների հարցում:

«Այդ երևույթը Եվրոպայի խորհրդում ընդունելի է, բայց կարևոր է, որ սահմանափակումը բացարձակ չլինի: Բայց, եթե հիշում եք, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ միջազգային կազմակերպություններից մեկը իջեցրեց Հայաստանի՝ որպես ազատ կամ մասնակի ազատ երկրի վարկանիշն այն հիմքով, որ մոտ 40 րոպեով քաղաքի միայն մեկ հատվածում Ֆեյսբուքն արգելափակվել էր: Ըստ այդ կազմակերպության՝ միայն այն, որ իշխանություններն ունեն տեխնոլոգիաներ, որոնցով արգելափակեն ինտերնետը, արդեն բավական էր վարկանիշը նվազեցնելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Ղազարյանը:

Մյուս կողմից, ըստ իրավաբանի, եթե սահմանափակումներն արվում են ժամանակավոր, միայն ռազմական դրության ընթացքում, ապա դա կարող է համապատասխանել եվրոպական չափանիշներին:

«Սկզբունքորեն այս մոդելը չի հակասում եվրոպական չափորոշիչներին, բայց պետք է տեսնել՝ ինչպե՞ս է այն կիրառվում: Կոնվենցիայի 15-րդ հոդվածը պետություններին հնարավորություն է տալիս ժամանակավորապես շեղվել կոնվենցիայով սահմանված նշաձողերից, եթե ազգի շահը, ճակատագիրը վտանգված են»,- նշում է իրավաբանը:

Նրա խոսքով՝ եթե նման սահմանափակումներ են ներմուծվելու, ապա պետք է կարգավորումներ արվեն նաև ինտերնետ մատակարարող ընկերությունների, օպերատորների հետ հարաբերություններում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ տեխնիկապես հնարավոր է որևէ կայք արգելափակել, բայց միևնույն է, արգելված կայքեր մուտք գործելու համար սողանցքներ կգտնվեն:

«Եթե հիշում եք, այս տարի Հայաստանում արգելափակվեցին Տիկ տոկ սոցիալական ցանցը, ադրբեջական տիրույթի որոշ կայքեր, այսինքն՝ առկա տեխնոլոգիաների պայմաններում մեր երկրում կարող են կայքեր արգելափակել»,- «Մեդիալաբին» ասում է Պապյանը:

Թեպետ ադրբեջանական տիրույթի և թուրքական որոշ կայքեր Հայաստանում արգելափակված էին, միևնույն է, առանձին մարդիկ հնարավորություն ունեին մուտք գործելու արգելված կայքեր: «Ամենայն հավանականությամբ արգելքի ժամանակ այդպես էլ կլինի՝ մարդիկ փորձելու են VPN-եր քաշել, տարբեր միջոցներ գտնել, որ կարողանան այդ արգելքները հաղթահարել»,- ասում է փորձագետը:

Բացարձակ արգելքի համար, ըստ նրա, պետք է արգելափակել առաջին հերթին VPN client-ները: «Բայց, միևնույն է, ամեն արգելքի դեպքում, մարդիկ լուծումներ կգտնեն: Ընդհանուր առմամբ, որևէ բանի բացարձակ կամ թեկուզ մասնակի արգելքը ես նորմալ չեմ համարում: Այս պարագայում լուծումը պետության գրագետ մեդիառազմավարությունն է, տեղեկատվական քաղաքականությունը, արգելափակելով ինչի՞ եք հասնելու»,- հավելում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am