«Սուգը չի կարող մեզ համար դառնալ ազգային ավանդույթ, սա պետք է կոտրել». Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, մայրաքաղաքում տոնական ու եվրատեսիլյան զարդարանքների ակտիվ աշխատանքներ են ընթանում: Հասարակության մի մասը կարծում է, որ ամանորյա զարդարանքներն անհրաժեշտ չեն, մի մասն էլ՝ ընդհակառակը: Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ ո՞րն է:

– Խնդիրը «պետք է» կամ «պետք չէ»-ն չէ, հարցն այն է, որ կա կյանք, ու այն շարունակվում է՝ անկախ ամեն ինչից: Կյանքը կանգնեցնել հնարավոր չէ, այն պետք է իր սահմանված ընթացքով շարունակվի, կյանքի իմաստը սա է: Չեմ կարծում, թե կյանքի իմաստը սուգն է, իմ կարծիքով՝ կյանքը մեծագույն արժեք է, մենք՝ հայերս, հաճախ արժեք ենք համարում մահը: Եթե կյանքը կառուցվում է այն սկզբունքով, որ այն մեծագույն արժեք է, կյանքը երջանկություն ու ուրախություն է, այդ ժամանակ մենք սկսում ենք մտածել կյանքը պահպանելու մասին, որովհետև ամենամեծ ստորությունը կյանքն արհամարհելն է: Կյանքն է մեծագույն արժեքը, պատերազմը մեծագույն հանցագործություն է: 

Սուգը չի կարող մեզ համար դառնալ ազգային ավանդույթ, սա պետք է կոտրել: Տեսանելի է, թե մենք ինչքան մեծ տեղ ենք տալիս գերեզմանատներին, հուշահամալիրներին ու ինչքան քիչ ենք իսկապես ուրախանում: Գուցե կյանքի սխալ ընկալման պատճառո՞վ է, որ մեզ հետ այդ ամենը կատարվում է, գուցե սկսենք իսկապես գնահատել կյանքը, հասկանանք, որ նոր սերունդ է մեծանում, ու չի կարելի նրան զրկել այս տոնակատարություններից:

Սա չի նշանակում արհամարհել մեր ունեցած զոհերին, տեղի ունեցածը, հակառակը՝ մահն իմաստավորվում է միայն մեկ դեպքում, երբ այն արվում է հանուն կյանքի, մահը չի կարող լինել հանուն մահի: Կա՛մ մենք ընտրում ենք կյանք, կա՛մ՝ մահ:

– Իսկ ընդունո՞ւմ եք այն դիտարկում-քննադատությունները, որ ասում են՝ մի իրավիճակում, երբ նոր պատերազմի շեմին ենք, պետք չէր այդքան գումար ծախսել փողոցները զարդարելու վրա, այդ գումարով կարելի էր առաջնագիծը կահավորել:

– Չեմ կարծում, թե մի գումարը կապված է մյուսի հետ, անկեղծ ասած: Հաճախակի ենք ասում՝ այդ գումարով պետք է զենք գնել. 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ունեինք շատ զենք ու դրանց մեծ մասը կորցրեցինք հենց առաջին օրերին: 

Խնդիրը միայն զենք ունենալը չէ, խնդիր է, թե ինչպես ես այն օգտագործում, որքանով է այդ զենքը ժամանակակից, որքանով է քո մտածելակերպը ժամանակին համընթաց, խնդիրն այն է, թե ինչպես ես դու շարունակում ապրել՝ ի հակառակ թշնամու ցանկության, որովհետև եթե Հայաստանը կանգնեցնի կյանքը՝ դա կլինի այն, ինչին ուզում է հասնել մեր թշնամին ի վերջո, և եթե մենք աջակցում ենք իրեն այդ հարցում, ես կարծում եմ, մենք այդ ժամանակ խաղում ենք իր կողմից: 

Չեմ կարծում, թե այդ լուսավորության հաշվին կարելի էր այլ հարց լուծել, բոլոր հարցերը կարելի է լուծել միաժամանակ, առավելևս, երբ միշտ հայտարարում են, թե պետբյուջեն գումարի խնդիր չունի: Խնդիրը գումարը չէ, խնդիրը մտածողությունն է. կունենա՞նք ժամանակակից մտածողություն, բանակ, ժամանակակից բանակ չի կարող լինել, եթե չկան ժամանակակից կրթություն, արդյունաբերություն, մտածողություն, այս ամենը միասին մեկ ընդհանրություն են: 

– Պարո՛ն Բաբայան, իսկ ժամանակակից դառնալու ճանապարհի՞ն ենք, թե՞ դեռ շատ հեռու ենք այդ ճանապարհից:

– Եթե ավելի շատ լսենք երիտասարդներին, ավելի շուտ կանցնենք այդ ճանապարհը, որովհետև նրանց մտածողությունը շատ ավելի ճիշտ է, նրանք բաց են ամբողջ աշխարհի համար, նրանք փորձում են հրաժարվել նախկին կարծրատիպերից, չպետք է նրանց խանգարել, մեր սուտ արժեքները փաթաթել նրանց վզին: Նկատի ունեմ, որ չի կարելի մեր անցյալից վերցնել մի բան՝ որպես միանշանակ դրական կամ բացասական, կյանքը հենց դրա համար է, որ ամեն ինչ փոփոխվի: Այն, ինչ պետք է ու օգնում է զարգանալու համար, թող լինի, այն, ինչը խանգարում է, պետք է միանշանակ մերժել: 

Գլխավորը ցանկությունն է, մենք ի՞նչ ենք ուզում դառնալ. ուզո՞ւմ ենք դառնալ ինքնիշխան պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի այս երկրում իրեն կզգա այս երկրի տերը, որովհետև երկիրն իսկապես կարող է պաշտպանել միայն տերը, եթե քաղաքացին զրկված է տիրոջ զգացումից, եթե չի տրվում նրան այդ կարգավիճակը, նա հրաժարվում է պատասխանատվությունից, դա փորձում է տեղափոխել ուրիշի վրա, ու այդպես մենք ինքներս մեզ զրկում ենք տիրոջ կարգավիճակից, իսկ երկիրը կարող է զարգանալ միայն, երբ հանրության մեջ կա տեր լինելու զգացողությունը:

– Հասարակության տրամադրության, տրամադրվածության փոփոխություն նկատո՞ւմ եք:

– Կարծում եմ՝ հասարակությունը դարձել է ավելի իմաստուն, ավելի քիչ է արձագանքում կենացներին, ամպագոռգոռ հայտարարություններին, ավելի սթափ է սկսել մտածել, պահանջում է, որ իր հետ հարգանքով խոսեն, ինչը շատ կարևոր է, մերժում է սև-սպիտակ բաժանումը, վիրավորանքները, մեղադրանքները:

Հասկանում է, որ զարգացած պետություն ունենալու համար անհրաժեշտ է հրաժարվել այդ ամենից, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր հայտարարի գալ, ու այդ ճանապարհով կարողանանք հասնել զարգացած պետություն ունենալուն: Չպետք է արհեստական թշնամիներ ստեղծել, մենք ունենք իրական թշնամի, իսկ դա հերիք է:

– Այդ թշնամանքը, անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ չի՞ նահանջում:

– Կարծում եմ՝ նահանջում է: Մարդն ունի նաև լավ հատկություն՝ հոգնել: Այս թշնամանքից, կարծում եմ, մարդիկ հոգնել են: Մարդն ավելի շատ ձգտում է դեպի լույսը, ջերմությունն ու մաքրությունը, ու երբ շատ են գալիս այդ աղբը, վիրավորանքը, մարդը փորձում է իրենից հեռու վանել դա, չի կարող մշտապես ապրել կեղտի մեջ: Ես ոչ թե լավատես եմ, այլ՝ իրատես:

Շատ եմ շփվում մարդկանց հետ ամբողջ Հայաստանում ու հոյակապ տեսնում եմ, որ հանրային մոտեցումներն ու կարծիքը խիստ տարբերվում են ֆեյսբուքյան աշխարհից, որը շատ ավելի անհանդուրժողական է: Բոլոր քաղաքական ուժերը սեփական փորձով պետք է համոզվեն, որ իրենց անհանդուրժողականությունը, բացի իրենց նեղ շրջանակից, այլ տեղ աջակցություն չունի: 

– Պարո՛ն Բաբայան, Ամանորին ընդառաջ թատրոնի խաղացանկում ի՞նչ նոր անակնկալներ կան հանդիսատեսի համար:

– Երկու նոր ներկայացում ենք պատրաստում՝ «Սանտայի հյուրերը» և «Կախարդական հեքիաթը»: Դեկտեմբերի 17-ից կսկսենք խաղալ Ամանորի ներկայացումները, արդեն բազմաթիվ հայտեր կան, մինչև հունվարի 10-ը, եթե անհրաժեշտություն չլինի ևս մի քանի ներկայացում ավելացնել: Ուզում ենք, ինչպես միշտ, որ դա լինի տոնական, ուրախ գույներով լի ներկայացում, որպեսզի թատրոն մտնողը միանգամից շփվի այդ մթնոլորտի հետ:

Թատրոնն այս տարի զինվել է հնչյունային նոր տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս ներկայացումները շատ բարձր մակարդակով անցկացնելու: Ամեն բան անում ենք, որ մեր հանդիսատեսը գոհ մնա, չնայած մինչև հիմա որևէ դժգոհության չենք հանդիպել: 

– Թատրոնի հանդեպ հետաքրքրության, հանդիսատեսի թվի ավելացում նկատո՞ւմ եք:

– Այո՛, հանդիսատեսի թիվը շատ է ավելացել, գուցե նաև թատրոնի համապատասխան օղակի աշխատանքի շնորհիվ, որը պատասխանատու է հանդիսատեսի հետ տարվող աշխատանքի համար: Սոցիալական խմբերի հետ ենք աշխատում, ընդ որում՝ նաև Ռուսաստանից եկած: Շատ հետաքրքիր է, որովհետև նրանք հիմնականում թվային տեխնոլոգիաների մասնագետ են, որոնք շատ են կարևորում թե՛ իրենց, թե՛ իրենց երեխաների համար թատրոն այցելելը, նույնիսկ հայերեն լեզվով ներկայացումներին են շատ հաճույքով գալիս: 

Մենք էլի մեկնում ենք տարբեր մարզեր, խաղում ենք ներկայացումներ, լինում ենք նաև զորամասերում, վերջերս խաղացինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, տարեսկզբին խաղացել էինք Արմավիրի զորամասում: 

Ուրախացնող է փաստը, որ թատրոնում շատ են երիտասարդները, ինչը նշանակում է, որ թատրոնն ունի և՛ ներկա, և՛ ապագա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am