«Մեր հրապարակումներով «տառապում» են ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն․ մեր կայքը կոտրել են»․ ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկի՛ն Ալեքսանյան, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էիք արել, որ Forrights.am կայքը հարձակման է ենթարկվել և արդեն 3 օր է՝ չի աշխատում։ Կոնկրետ միտո՞ւմ եք  տեսնում։

– Ես չեմ բացառում, որ մեր կայքը կոտրում են։ Մեզ արդեն պաշտոնապես տեղեկացրել են, որ հարձակում կա կայքի վրա, երկու օր է՝ մենք փորձում ենք կայքը վերականգնել ու չի ստացվում։ Չգիտեմ՝ ում կասկածեմ։ Այն, ինչ մենք հետևողականորեն լուսաբանում ենք՝ փակ համակարգերը, ոչ ոք չի լուսաբանում։ Ես գիտեմ, որ շատ «տառապում» են պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն, երևի մյուս իրավապահ մարմիններն էլ, որ մենք այդպիսի հետևողականությամբ հրապարակումներ ենք անում։ Ես չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի կայքը կոտրելու փաստը։ Նույնիսկ մտածում եմ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։ Նախկինում երբեք այսպիսի վիճակ չի եղել։ Հիմա մի շրջան է, որ բանակում չեն ուզում տեղից շարժվել։ Սկզբում նշվում էր, որ գուցե ադրբեջանական կողմի գործողություն է կայքը կոտրելը, բայց ես այդպես չեմ կարծում։ Մենք կարող ենք նաև պարզել, թե ո՛ր ուղղությունից է հարձակումը, և երբ պարզենք, այդ ժամանակ ավելի հստակ կարող ենք խոսել։

– Հեղափոխությունից հետո ազատ խոսքի, վեր հանած խնդիրների նկատմամբ անհանդուրժողականությո՞ւն կա ըստ Ձեզ։

– Հեղափոխությունից հետո ես շատ մեծ հույսեր էի կապում, որ մեր բարձրացրած խնդիրները առաջնահերթորեն կլուծվեն, որովհետև դրանք կապված են բանակում մարդկային կյանքերի հետ, բայց ես տեսա, որ դա անգամ հազարերորդական հարց էլ չի։ Այդ հարցերն առաջ չեն մղվում ոչ մեկի կողմից, և մենք թիրախավորվում ենք։  Եթե ես ավելի շատ կասկած ունեմ, որ հենց այդ մարմինները կարող էին կոտրել մեր կայքը, ուրեմն պետք է ասեմ, որ նաև կայքն է թիրախավորվել։ Մենք աշխատում ենք հրապարակայնորեն, զուգահեռ հետաքննություններ ենք անցկացնում, ինչը որևէ մեկը Հայաստանում չի անում, դրա համար էլ թիրախավորվել ենք։ Ինձ էլ են թիրախավորել. օրինակ՝ Արծրուն Հովհաննիսյանն իմ մասին հայտարարել էր, թե սա իմ բիզնեսն է, և թե ես փող եմ աշխատում։ Սա այն դեպքում, երբ բոլորը գիտեն, թե ես երկար տարիներ ինչ նվիրումով եմ աշխատել։ Մինչև մեր կազմակերպությունը ստեղծելը, ես արդեն այդ աշխատանքներով զբաղվում էի, լրագրող էի։ Ուզում եմ ասել, որ ես էլ եմ թիրախավորված, հիմա էլ կայքն են թիրախավորել, չգիտեմ՝ հաջորդը ո՛րն է լինելու։ Եվ այս ամենը թավշյա հեղափոխությունից հետո։ Իսկ այս գործերը մնում են, ոչ ոք չի ուզում տեղից շարժվել։ Ես շփվում եմ այդ ընտանիքների հետ, տեսնում եմ, թե ինչ տառապանքների են ենթարկվում՝ շատ դեպքերում կորցնելով իրենց միակ արու զավակին։ Ես տեսնում եմ, թե այդ ընտանիքները ինչպես են կոտրվում։ Ես չեմ կարող այդ ամենի հանդեպ անտարբեր մնալ, մյուսները չեն  տեսնում այդ ընտանիքներին։ Պետությունն ընդհանրապես նրանց անտեսում է, ոչ մի ուշադրություն այդ ընտանիքների նկատմամբ չկա։ Արդյունքում ունենք այս վիճակը։

– ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական բարեփոխումներ են ուզում իրականացնել։ Սրա հետ կապված մարդիկ խոսքի ազատության սահմանափակման վտանգ են տեսնում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք սրա վերաբերյալ։

– Ես ատելության խոսքը չեմ կապում խոսքի ազատության հետ։ Ատելության խոսքը մենք, մասնավորապես, տեսնում, լսում ենք Ռոբերտ Քոչարյանի կողմից, թե ինչ ատելություն է գալիս մյուս կողմ, որոնք ուզում են իրականացվի արդարադատություն։ Դա ի՞նչ կապ ունի խոսքի ազատության հետ, չունի։ Այդ ատելությունը, այդ քարոզչությունը, որ գնալով ահագնանում են, այդ պայմանական ասած մամուլը, որ պաշտպանում է Քոչարյանին և դրանք գնալով շատանում են, դրա մեջ խոսքի ազատություն չկա։ Իհարկե, այս հարցերը պետք է իշխանության ուշադրության կենտրոնում լինեն և պետք է օրենք ընդունեն այդ հարցը կարգավորելու համար։ Դա չի կարող սահմանափակել խոսքի ազատությունը։ Հորինված է, թե դա սահմանափակում է խոսքի ազատությունը։ Չար խոսքը, ատելության խոսքը չի կարող խոսքի ազատության հետ կապ ունենալ։

Մանե Հարությունյան

MediaLab.am