Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությունում նշվող եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին:

Արցախի անկախության հռչակումը համազգային երազանքի մի մասն էր, Արցախի Սահմանադրության ընդունումը՝ այդ երազանքի իրավական ամրագրումը: Այսօր մեր հավաքական կամքն ունի իրացման այլ ճակատ՝ ազատ ու անկախ Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հզորացում և բարգավաճում: Այդ ճանապարհը շարունակելու ենք անցնել միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ դա հաջողության և հաղթանակի ուղին է։

Մաղթում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին խաղաղություն և ամենայն բարիք»:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: