Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ

Առողջապահության նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ

Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ նյութը, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում, ավելին` դեռահասի մոտ չկա կուրություն:

Տեղեկացնում ենք, որ 2003 թվականին ծնված աղջիկը սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը:

Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից, սակայն պոլիկլինիկա չեն ներկայացել՝ պատճառաբանելով, որ երեխան աշխատանքի է:
Այնուհետև, բժշկի հորդորով`սեպտեմբերի 14-ին երեխան այցելել է պոլիկլինիկա, որտեղ զննության է ենթարկվել նյարդաբանի և ակնաբույժի կողմից, ուղեգրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Երեխան սեպտեմբերի 14-ին «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում «MRT 3T» հետազոտություն, ինչպես նաև կազմակերպվել են նեղ մասնագետների խորհրդատվություններ:

Արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:
Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և կարող է ուղղվել ակնոցի միջոցով: Փաստորեն, որևէ պատճառահետևանքային կապ չկա պատվաստման հետ: Ներկայումս երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն և հրաժարվել հանրությանը մոլորեցնող հայտարարություններից»:

Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետՍոցիալական ցանցերում և…

Posted by ՀՀ առողջապահության նախարարություն on Thursday, September 17, 2020