«Նոր տարվա մեր միակ ցանկությունը տուն գնալն էր»․ 24 օր Գորիսում ապաստանած արցախցները չեն կորցնում հույսը

Արդեն 25 օր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակ լինելու պատճառով Գորիսում ապաստան գտած արցախցիների ամանորյա միակ երազանքը շարունակում է տուն վերադառնալը լինել։

«Մեծ հույսով սպասում էինք, որ գոնե մինչև Նոր տարի ինչ-որ ձևով հարցը կլուծվեր, տուն կգնայինք, Նոր տարվա մեր միակ ցանկությունը տուն գնալն էր, բայց, դե, ինչպես տեսնում ենք, դեռ այստեղ ենք, և պարզ չի՝ ե՛րբ կգնանք Արցախ։ Բայց մեծ հույսով ամեն րոպե սպասում ենք, որ մի լավ լուր կլինի»,- ասում է արցախցի երգչուհի, դասախոս Լիլիթ Ավանեսյանը։

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակ լինելու պատճառով շուրջ 200-ից ավելի արցախցի տուն վերադառնալ չի կարողանում։ Նրանք Գորիսի հյուրանոցներում են հանգրվանել, որոնցից մոտ 60-ը անչափահաս երեխաներ են՝ առանց ծնողների անմիջական խնամակալության։

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ Գորիսում ապաստան գտած արցախցիների կեցության հարցերը հոգալու նպատակով։ Գորիսի համայնքապետարանը ևս ակտիվորեն աջակցում է արցախցիներին հումանիտար հարցերին արագ լուծում տալու համար։

«Մարզպետարանի օպերատիվ շտաբը կեցության ծախսերն է հոգում՝ գիշերակաց, սնունդ, բայց ընդհանուր հումանիտար հարցերի հետ կապված մենք արձագանքում ենք բոլոր խնդիրներին՝ և՛ հագուստի հետ կապված, փոքր, նորածին բալիկներ կան էստեղ, և՛ մանկական կերի հետ կապված, և՛ դեղորայքի հետ կապված, վատառողջ քաղաքացիներ կան, հետվիրահատական, վերականգման փուլում են։ Մենք անընդհատ բոլոր կառույցների հետ համագործակցում ենք, միջազգային կազմակերպությունների հետ ենք աշխատում ենք, ու փորձում ենք իրենց հրատապ, կենսական հարցերին հարցերին արագ արձագանքել»,- «Մեդիալաբին» ասում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Յոլյանի խոսքով՝ Գորիսի համայնքապետարանը նաև փորձում է արցախցի երեխաների համար ժամանցը կազմակերպել, նրանց են այցելում նաև Գորիսի տարբեր կառույցներ, պարի խմբեր, նախաձեռնող խմբեր՝ երեխաների առօրյան փոքր-ինչ տարբերվող դարձնելու նպատակով։

Չնայած այս ամենին՝ Յոլյանն արձանագրում է․ «Մենք, իհարկե, մեզնից կախված ամեն ինչ փորձում ենք անել, որ իրենց առօրյան փոքր-ինչ թեթևացնենք, բայց պիտի արձանագրենք, որ բոլորը սպասում են, որ ճանապարհը բացվի և րոպե առաջ հասնեն իրենց ընտանիքներին»։


Լիլիթ Ավանեսյանը դեկտեմբերի 10-ին է Հայաստան եկել 16 անչափահաս երեխաների և 4 չափահաս անձանց հետ Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկա լինելու համար։ Դեկտեմբերի 12-ից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակ լինելու պատճառով Արցախ վերադառնալ չի կարողացել։

Լիլիթն ասում է՝ երեխաները շատ են կարոտում ծնողներին, հարազատներին, որքան էլ փորձում են նրանց տրամադրությունը բարձրացնել, բայց․ «Բոլորս էլ հասկանում ենք, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարող էն աստիճանի բարձրացնել, ինչպես իրենց տանը կլինեին երեխաները»։

Ավանեսյանի խոսքով՝ Արցախում գտնվող իրենց հարազատները ևս չեն կարողացել նշել Նոր տարին, քանի որ տրամադրություն չեն ունեցել: 

«Կիսատված ընտանիքում բոլորիս համար դժվար ա և տխուր։ Բացի կարոտից, բլոկադայի պատճառով արդեն ամեն ինչի պակասը զգացվում ա, քանի գնում՝ ավելի վատանում են ապրելը, գոյատևելը, անգամ սննդի պահով լիքը բաներ պակասում են»,- ասում է նա։

Լիլիթի խոսքով՝ այս 24 օրերի ընթացքում փորձել են երեխաների համար զբաղմունք ապահովել, այսօր գնացել են Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջը տեսնելու, գորիսեցիները ևս նրանց այցելում են, ուժ են տալիս․ «Բայց, դե, մեկ ա, փաստն էն ա, որ ժամանակավոր բան ա, հենց իրանք գնում են, մենք էլի մնում ենք էդ վիճակում։ Երեխաներն էլ արդեն ամեն ինչից ձանձրանում են»։

Լիլիթն ասում է՝ շատ դժվար է, բայց փորձում են ուժեղ մնալ․

«Մենք էլ մեր դիրքերն ենք պահում, եթե աշխարհի համար մեկ ա, որ էսքան երեխա գտնվում ա իրենց ծնողներից, հարազատներից հեռու, գոնե մենք պիտի պայքարենք, ուժեղ կանգնենք մեր դիրքերում»,- ասում է Լիլիթը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am