«Օր առաջ, ժամ առաջ սպասում ենք՝ մի տեղեկություն լսենք ու ճանապարհվենք»․ շուրջ 200 արցախցի Գորիսում է ապաստանել, որոնցից 60-ը՝ անչափահաս

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով շուրջ 200-ից ավելի արցախցի տուն վերադառնալ չի կարողանում։ Նրանք Գորիսի հյուրանոցներում են ապաստանել, որոնցից մոտ 60-ը՝ անչափահաս երեխաներ են՝ առանց ծնողների անմիջական խնամակալության։ Այս մասին «Մեդիալաբին» հայտնում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի խոսքով՝ Գորիսում ապաստան գտած արցախցիների մեջ կան հետվիրահատական շրջանում գտնվող անձինք, որոնք Հայաստան էին եկել վիրահատության նպատակով և արդեն վերադառնում էին իրենց տուն, սակայն իրավիճակի պատճառով Գորիսում են այժմ, կան երեխաներ, որոնք մրցույթների մասնակցելու նպատակով Վրաստան էին մեկնել և հետդարձին իմացել են ճանապարհի փակ լինելու մասին, երեխաների մի խումբ էլ «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկա լինելու համար էր Հայաստան այցելել:

«Ունենք նաև զոհվածի կին, որն ամուսնու շիրիմին էր այցելել Եռաբլուր, երեխաները Արցախում են, փորձել է վերադառնալ, բայց չի ստացվել։ Կան տղամարդիկ, որոնց ընտանիքներն Արցախում են, շատ տարբեր նպատակներով էին մարդիկ եկել ու մնացել են Գորիսում։ Նրանք, ովքեր դիմել են համայնքապետարան, տեղավորված են հյուրանոցներում, գուցե կան անձինք, որոնք հարազատներ ունեն, հարազատների տներում են»,- ասում է Յոլյանը։

Յոլյանի խոսքով՝ Գորիսում ապաստանած արցախցիների սնունդն ու կեցությունը ապահովում են, մարզպետարանում ստեղծվել է նաև օպերատիվ շտաբ այս հարցերի կարգավորման համար:

«Ցանկացած հումանիտար հարց արագ կարգավորվում է, բայց, բնականաբար, մարդիկ շատ ընկճված են, անտրամադիր, անհանգիստ են, միանշանակ իրենք ցանկություն ունեն րոպե առաջ վերադառնալ իրենց տուն»,- ասում է համայնքի ղեկավարի տեղակալը։

Երգչուհի, դասախոս Լիլիթ Ավանեսյանը, որը դեկտեմբերի 10-ին Հայաստան էր եկել 16 անչափահաս երեխաների և 4 չափահաս անձանց հետ Հայաստանում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկա լինելու համար, պատմում է, որ դեկտեմբերի 12-ին Արցախ վերադառնալու ճանապարհին են իմացել, որ չեն կարողանա տուն հասնել։

«Մենք դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10-ին դուրս եկանք, մի ժամից արդեն հասկացանք, որ ճանապարհները փակ են, մենք հյուրանոցում ենք տեղավորվել։ Օր առաջ, ժամ առաջ սպասում ենք՝ մի տեղեկություն լսենք ու ճանապարհվենք»,- ասում է նա։

Լիլիթ Ավանեսյանի խոսքով՝ 16 անչափահաս երեխաների խումբը կազմված է տարբեր մրցույթներում՝ մշակութային, սպորտային, կրթության ոլորտում հաջողություններ գրանցած և առաջին տեղեր զբաղեցրած երեխաներից։ Նրանք բոլորն էլ այս պահին առանց ծնողների են։

«Բոլորիս համար էլ պարզ է, երեխան առանց ծնողի ու հեռավորության վրա չի կարա լավ տրամադրություն  ունենա, բայց քանի որ արցախցի ենք, մի քիչ պնդաճակատ, մի քիչ պայքարող, դիմանում ենք»,- ասում է Ավանեսյանը։

Լիլիթը նշում է՝ Գորիսում օրը բազմազբաղ է անցնում, այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան, համանքապետարանը համերգ է կազմակերպել և հրավիրել նրանց, երեխաները նաև այսօր կինոդիտման են մասնակցել, սակայն բոլորն ուզում են տուն վերադառնալ, որքան հնարավոր է շուտ․ 

«Մեր սնունդն էլ, ամեն ինչն էլ լավ ապահովում են, խնդիր չունենք, ուղղակի ժամ առաջ սպասում ենք, որ ճանապարհվենք»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am