Ագրարային համալսարանում կգործի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնաբուժական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Նրանք շրջել են ծրագրի շրջանակում ստեղծվելիք կլինիկայի, ուսումնական լսարանների և սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում: Անասնաբույժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված կենտրոնի սրահներն արդեն համալրված են համապատասխան կահույքով, մուլյաժների որոշակի խմբաքանակով, ինչպես նաև համակարգչային տեխնիկայով: Ընթացքում է լաբորատոր սարքավորումների և մուլյաժների հաջորդ խմբաքանակի ձեռքբերման գործընթացը:

ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի խոսքով՝ անասնաբուժությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, որի համար անհրաժեշտ կադրերի պատրաստումն իրականացնում է միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ‹‹Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, ինչպես նաև կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին›› ,- նշել է ծրագրի ղեկավարը:

«Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշել է, որ, համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, բուհի ծրագրերից բխող գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցով սահմանված ժամկետներից: Նրա խոսքով՝ բուհը պետք է արդյունավետ և հետևողական քայլեր ձեռնարկի պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու և ծրագրով ամրագրված ցուցանիշներին հասնելու համար:

Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում ստեղծվել է նաև համապատասխան կրթական բովանդակություն: ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս.Ծառուկյանի խոսքով՝ բուհն իրականացնում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև նորաստեղծ կենտրոնի հետ առնչվող մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայում: Մշակման փուլում են կենտրոնի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվաիրավական փաստաթղթերը, ինչպես նաև արտահամալսարանական շահակիցների համար կարճաժամկետ դասընթացների և որակավորման բարձրացման համար նախատեսված կրթական մոդուլները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ