«Ես կարողանում եմ անել այն, ինչ շատերը չեն կարողանում». Լսողության խնդիրներ ունեցող Սարգիսն ասում է, որ հասարակությունը դեռ չի կարողանում ընկալել իրենց

«Ես կարողանում եմ անել այն, ինչ շատերը չեն կարողանում». Լսողության խնդիրներ ունեցող Սարգիսն ասում է, որ հասարակությունը դեռ չի կարողանում ընկալել իրենց
«Ես կարողանում եմ անել այն, ինչ շատերը չեն կարողանում». Լսողության խնդիրներ ունեցող Սարգիսն ասում է, որ հասարակությունը դեռ չի կարողանում ընկալել իրենց

Սևահեր, կենսուրախ աչքերով և գրավիչ ժպիտով 19-ամյա Սարգիս Սարգսյանն արդեն 3 տարի զբաղվում է ըմբշամարտով, ինչպես նաև պարում է բրեյք դանս՝ ներքուստ զգալով ու լսելով իր երաժշտությունը:
Նա լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի վերջին դասարանի աշակերտ է: 2012-ին Եվրոպայի խուլերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի: Այժմ մարզվում է՝ ամռանը Բուլղարիայում անցկացվելիք խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

«Ինձ համար այս մրցանակները շատ կարևոր են, ես ուզում եմ, որ իմ ընտանիքը հպարտանա ինձնով: Ուզում եմ աշխատել, ես հայ եմ և շատ եմ ուզում, որ Հայաստանի դրոշը բարձրացնեմ ու արժանապատվորեն ներկայանամ»,- ժեստերի լեզվով ասում է Սարգսյանը:

Ըմբշամարտին զուգահեռ նա ինքնուրույն սովորել է բրեյք դանս պարել՝ հետևելով հեռուստահաղորդումների ժամանակ պարողների շարժումներին.

«Երբ ուզում էի պարի գնալ, փող էր հարկավոր, և մայրիկս չուներ այդքան գումար, որ տար: Դա ինձ համար խթան հանդիսացավ, որ ես ինքնուրույն սովորեմ: Ես բացարձակապես ոչինչ չեմ լսում, բայց վիբրացիա եմ զգում ներքուստ, ու ամեն շարժում անելիս այն ներքուստ հաղորդվում է ինձ: Այն, ինչ զգում եմ պարելիս, դժվար է բառերով բացատրել»:

Դասընկերները նրան շատ են սիրում և մտերիմ են նրա հետ: Միասին գնում են եկեղեցի, ուխտագնացությունների, մասնակցում ֆուտբոլի մրցումների, միասին անցկացնում տոները:

«Երբ Սաքոն մեզ հետ է, մեր օրը շատ ուրախ է անցնում, շատ ենք ծիծաղում: Ինքը հորինում է, ստեղծում է պատկերներ, Չառլի Չապլինի այնպիսի մանրապատումներ է անում: Ինքը 100 տոկոսանոց մարդ է, ամեն ինչ կարող է անել, և նրա համար «չկա», «չեմ կարող», «չ»-ն գոյություն չունեն: Ինքը լրիվ ուրիշ է, մենք փորձում ենք նրա նման լինել, բայց ոչ մեկս չենք կարող, նա մեր մեջ առաջինն է»,- ասում է համադասարանցի Կոլյա Շահնազարյանը:

Ընկերներին անընդհատ ծիծաղ պարգևող, ընդգծված դիմախաղով, ակտիվ և ազատ շարժումներով երիտասարդն ապրում է ծնողների և 20-ամյա քրոջ հետ: Նա նշում է, որ մանկուց ականատես է եղել, թե ծնողներն իր «խլության պատճառով ինչ խնդիրներ են ունեցել, և շատ է ուզում, որ նրանք հպարտանան իրենով»:Սարգիսը

«Հասարակությունը դեռ չի կարողանում ընկալել մեզ, ես չեմ լսում, բայց զգում ու հասկանում եմ նրանց հայացքներից, թե ինչպես են բամբասում, ձեռ առնում կամ ծաղրում մեզ: Իրենց թվում է, թե ես օժանդակ եմ ու խնդիրներ ունեմ, բայց ես ոչ մի խնդիր չունեմ, ես կարողանում եմ անել այն, ինչ շատ լսողներ չեն կարողանում անել»,- ժպտալով ասում է Սարգսյանը:

Նա նշում է, որ տեղեկացված լինելու համար շատ է օգտվում համացանցից, իսկ հեռուստացույց քիչ է դիտում, որովհետև լավ սուրդոթարգմանիչներ չկան կամ շատ քիչ են հեռուստատեսությունում:

«Ես կուզեի, որ ոչ թե առանձին հաղորդումներ լինեն ժեստերի լեզվով, այլ մի հեռուստաալիք, որ առավոտից մինչև երեկո ժեստերի լեզվով հաղորդումներ ներկայացներ: Շատ օրենքներ կան, որոնք մենք չգիտենք, օրինակ՝ եթե փողոցում անցումով չես անցնում, տուգանում են, ես իմ ուսուցչուհի Զուբեյդայից եմ իմացել, երբ հարցրել եմ նրան: Այն, ինչ հայտարարվում է բոլորի համար, ինձ համար նույնպես պետք է հայտարարվի: Ես պետք է իմանամ, իսկ ես տեղյակ չեմ»,- նշում է նա՝ հավելելով, որ ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ, եթե լսող մարդիկ մի քիչ ժեստերի լեզու սովորեին, հատկապես ոստիկաններն ու բժիշկները, որպեսզի հասարակությունում շփման մեջ իրենք խնդիրներ քիչ ունենային:

Կյանքի այս փուլում Սարգսյանի համար կարևոր է աշխատանք ունենալը.

«Հայ սուպերսթար» պարի մրցույթում հաղթած Հայկը, ով նույնպես լսողության խնդիր ունի, իմ ընկերն է: Հաճախ եմ գնում նրա մոտ պարելու և վերջերս նաև առաջարկ եմ ստացել նրանից՝ բրեյք դանս դասավանդելու իր ակումբ հաճախող լսող երեխաներին: Պետք է այնտեղ աշխատեմ ու վարձատրվեմ»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am