Երիտասարդ գրողները պահանջում են դադարեցնել Կեչառիսի հարևանությամբ կառուցվող ռեստորանի շինարարությունը

Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որով դիմում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ՀՀ վարչապետին,ՀՀ մշակույթի նախարարին, Կոտայքի մարզպետին, Ծաղկաձորի քաղաքապետին`Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության վերաբերյալ.

Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Հարություն փոքրիկեկեղեցին, որը կառուցվել է 1220թ. ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։

Եվ այս պատմամշկութային երկու արժեքների միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա: Մեր շրջայցի ժամանակ հավանաբար մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ:

Մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը և պատկան մարմիններից ակնկալում ենք հետևողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում:

© Medialab.am