ՀՔԱՎ կարծիքը՝ ռազմական դրության և կարանտինային իրավական ռեժիմների համատեղ կիրառության հիմնահարցերի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անդրադարձել է կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմների և դրանցից բխող սահմանափակումների համաժամանակյա կիրառության հարցին, ինչպես նաև հավաքների ազատության արգելքին՝ անդրադառնալով հետևյալ հարցադրումներին՝  

1.Արդյո՞ք կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմները կարող են կիրառվել միաժամանակ։

2.Արդյո՞ք կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմներից բխող սահմանափակումները (մասնավորապես` հավաքների արգելքը) նույնանում են և արդյո՞ք կարող են կիրառվել միաժամանակ։ 

ՀՔԱՎ-ը եզրահանգել է, որ հիմք ընդունելով կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմներով հետապնդվող նպատակների տարբերությունը և յուրաքանչյուրի առանձնահատուկ նշանակությունը, ինչպես նաև օրենսդրությամբ կարանտինի և ռազմական դրության իրավական ռեժիմների համատեղ կիրառության արգելքի բացակայությունը՝ նշված երկու իրավական ռեժիմները կարող են կիրառվել միաժամանակ՝ որոշակի վերապահումներով։  

ՀՔԱՎ-ը, ի թիվս այլնի, նշել է, որ հավաքաների ազատության սահմանափակման դեպքում կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմները կարգավորող իրավական ակտերում առկա է հակասություն: Կառավարության թիվ N1586-Ն որոշման համաձայն՝ «ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելըիսկ Կառավարության թիվ N 1514-Ն որոշման համաձայն` թույլատրվում է միայն սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում: 

Նշված երկու իրավակարգավորումներից ոչ մեկն ուժը կորցրած չի ճանաչվել և ներկայումս գործում է։ Ակնհայտ է, որ Կառավարության որոշումները պարունակում են հակասող կարգավորումներ, որոնցից յուրաքանչյուրն արդարացնում է իր կարգավորման առարկան կազմող ռեժիմից բխող նպատակի իրացումը, սակայն հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված երկու հատուկ ռեժիմների առաջնահերթության վերաբերյալ օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ նախապատվությունը պետք է տրվի այն կարգավորմանը, որը պարունակող իրավական ակտը ընդունվել է առավել վաղ՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի։ Ուստի` գործող օրենսդրության պայմաններում հավաքների արգելքի մասով կիրառելի են ոչ թե ռազմական դրության, այլ կարանտինի ռեժիմից բխող կարգավորումները։ 

ՀՔԱՎ կարծիքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ