Գագիկ Ջհանգիրյանի ելույթը ԱԺ-ում հունիսի 21-ին

Գագիկ Ջհանգիրյանի ելույթը ԱԺ-ում հունիսի 21-ին
Գագիկ Ջհանգիրյանի ելույթը ԱԺ-ում հունիսի 21-ին

Հարգելի գործընկերներ
Ինքնին Կառավարության վստահության խնդիրը քաղաքական է, սակայն ես կողմնակից եմ ծրագրի նախ և առաջ, մասնագիտական, պրոֆեսինալ քննարկմանը, ուստի կանրադառնամ վերջինիս 3.3.5 կետին, որը վերաբերում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և արդարադատության խնդիրներին:

Նորություն հայտնած չեմ լինի եթե նշեմ որ ծրագրի՝ երկրի պաշտպանունակությանն ու բանակին նվիրված դրույթները մեծի մասամբ անորոշ, կոնկրետությունից զուրկ, դեկլարատիվ հայտարարություններ են: Օրինակ, “պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին”, սրանք ինչ չափանիշներ են և որտեղ են ամրագրված, կամ “հասարակության մեջ ամրապնդել զինվորական պարտադիր ծառայության ինստիտուտի նկատմամբ վստահությունը” թե ինչ միջոցներով ու եղանակներով այդպես էլ ծրագրից անհայտ է մնում: Նման ձևակերպումների և խոստումների կատարումը անկշռելի ու անչափելի է, հետևաբար նաև անվերահսկելի:

Ծրագրի այս հատվածի ուսումնասիրությունից հնարավոր չէ պարզել թե, կառավարությունը առաջիկա 5 տարների համար բանակաշինության ինչպիսի կոնցեպցիա է որդեգրել: Կարծես լիովին անտեսված են ժամկետային զորակոչի սահմանափակ ռեսուրսի, տարածաշրջանային լարվածության մեծացման, սահմանային զինված միջադեպերի աճի ներկա միտումները, ինչը մեր կարծիքով հրատապ է դարձնում անցումը զորակոչային հիմունքներով ձևավորվող բանակից, պրոֆեսիոնալ բանակի:

Ծրագիրը չի անդրադարձել նաև ժամկետային զինծառայողների, սպայական կազմի /հատկապես կրտսեր սպայական կազմի/ ծառայության ու կենցաղի պայմանների բարելավման , վարձատրության բարձրացման, մարտական հերթապահության կրման ու անվտանգության խնդիրներին, մարտական հերթապահությունը սահմանապահ ծառայությամբ փոխարինելու հասունացած անհրաժեշտությանը և շատ ու շատ այլ հարցերի:

Եթե զինված ուժերի համար ընդունված և բնութագրական է “ուժեղ բանակ” բառակապակցության օգտագործումը ապա “կազմակերպված” լինում է միայն հանցավոր խումբը, բանդան: Բանակը ուժեղից զատ հարկ է լինի նաև մարտունակ, կանոնակարգված, կարգապահ, հասրակության համար խիստ կարևոր խնդիրներ, որոնց ծրագրում ընդհանրապես անդրադարձ ու գնահատական չկա:

Համաձայն ծրագրի Ոստիկանության, Դատախազության և այլ իրավապահ մարմինների գործունեությունը առաջիկայում պետք է նպատակաուղղվի հասարակությունում սոցիալական խաղաղության և համերաշխության հաստատմանը, սոցիալական հակամարտությունների կանխմանը: Նախ կարծես, թե Կառավարությունը սոցիալական ինչ-որ հակամարտությունների ու բունտերի է նախապատրաստվում: Երկրորդ ՝ նշված մարմիններից և ոչ մեկը, ոչ Սահմանադրությամբ և ոչ էլ օրենքներով նման պարտականություններ չունի: Իսկ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը ուղղակի սահմանում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սոցիալական հակամարտությունները, տնտեսական ճգնաժամերը, մեր կարծիքով, պահանջում են տնտեսական ու քաղաքական լուծումներ և ոչ թե իրավապահ ու ուժային մարմինների միջամտություն: Առանց այն էլ վերջիններս մի կողմ թողած իրենց սահմանադրական հիմնական պարտականություններն ու առաքելությունը լծված են քաղաքական հալածանքի ու հետապնդման անպատվաբեր գործին:

Քանի որ ծրագրի նախաբանում հայտարված է, թե “2008 թվին նախաձեռնել եք լայնամաշտաբ բարեփոխումների նոր փուլ , որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները”, մեզ համար այդպես էլ անհայտ է մնում թե իրավապահ մարմինների ու արդարադատության համակարգում, մեկ-երկու օրենսգրքերում հափշտապ կատարված իրավիճակային փոփոխումներից ու լրացումներից բացի այդ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել, որ չենք նկատել կամ, եթե այնուամենայնիվ, այդպիսի բարեփոխումներ նախորդ տարիներին իրականցվել են, ապա ինչպես է որ հիմա եք նշում թե ընդունվելու է դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգ: Ի՞նչ է մինչ այժմ բարեփոխումերն իրականացրել եք առանց նախորոք մշակած հայցակարգի: Ինչևիցէ, եթե ընդունում եք, որ նոր հայեցակարգի կարիք կա, այդ դեպքում Կառավարության ծրագիրը այն փաստաթուղթը չէ՞ արդյոք, որտեղ պետք է ներկայացվեր այդ հայեցակարգի առնվազն ուրվագծերը:

Հանրահայտ փաստ է, որ երկրում օրինականության, ավելի ճիշտ դրա իսպառ բացակայության մեղավորը ոչ թե անկատար օրենսդրությունն է (այն շարունակաբար բարեփոխվում է) այլ օրենքի անգործությունը կամ խտրական, ընտրովի կիրառումը: Քաղաքացիները արտագաղթում են երկրից իմ կարծիքով, ոչ միայն այն պատճառով, որ զրկված են իրենց ու իրենց ընտանիքի գոյության պահպանման տարրական միջոցներից, այլև որ պաշտապնված չեն, որ երկրում արդարություն և արդարադատություն գտնելը փաստորեն անհնար է, որ ամեն վարկյան յուրաքանչյուրին կարող են ծեծել և խեղել, զրկել ունեցվածքից ու սեփականությունից և ոչ մի պետական մարմին ու պաշտոնատար անձ դրա համար պատասխանատվություն չի կրի:

 

Եթե Կառավարության ծրագրում իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտում ստեղծված իրավիճակը չի ընկալվում ու գնահատվում որպես ճգնաժամային, ապա ինչ երաշխիք որ առաջարկվող լուծումերը ադեկվատ են իրավիճակին:

Ծրագրից այդպես էլ պարզ չէ, թե Կառավությունը օրենսդրական և կազմակերպչական ինչ քայլեր է նախատեսում դատական իշխանությունը գործադրի տոտալ հսկողությունից ու թելադրանքից ձերբազատելու, անկախ, լիարժեք մրցակցային դատարան ունենալու, մեղադրական դատարանից իսպառ հրաժարվելու ուղղությամբ:

Քանի որ, բացի Արդարադատության ու Պաշտպանության նախարարություններից Կառավարությանն առընթեր են նաև Ոստիկանության, Հարկային ու Մաքսային, անվտանգության մարմինները, կարծում եմ ծրագիրը պարտադիր պետք է պատասխաներ նաև այնպիսի հարցի, թե Կառավարությունը ինչ մոտեցումներ ունի նախաքննական մարմինների /քննչական ապարատների/ ողբալի վիճակը շտկելու առումով, ինչպես պետք է նրանց ազատի օպերատիվ հետախուզական ու ուժային հզորագույն լիազորություններվ օժտված, քննիչի ու քննչական մարմնի ինքնուրույնությունը անթաքույց ոտնահարող գերատեսչությունների ենթակայությունից ու նրանց վերադարձնի քրեական դատավարության օրենսդրության դաշտ: Ինչպիսի օրենսդրական մեխանիզմներ է նախատեսում մշակել օպերատիվ հետախուզական մարմինների կողմից անլուր /գաղտնի/ գործողություններով քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների մասսայական ոտնահարումները բացառելու ուղղությամբ: Դատախազական հսկողության և դատական վերահսկողության ինչ լրացուցիչ լծակներ են նախատեսվելու այս ոլորտում:

Ինչ եք ի վերջո մտածում ՀՀ դատախազության մասին, արհեստական մեղադրանքներ մոգոնող, օպերատիվ ու հետախուղական մարմինների ապօրինությունները ու հանցանքները քողարկող մարմնից այն ինչպես և երբ պետք է վերափոխվի մինչդատական վարույթի նկատմամբ օրինականության հսկողության մարմնի և քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխավորի:

Սահմանադրության 3-րդ հոդվածը հռչակում է, որ մարդը նրա արժանապատվությունը, հիմնական իրավուննքերն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են և պետությունը ապահովում է դրանց պաշտպանությունը: Կարծում եմ որ Կառավարությունը իր ծրագրում պարտադիր պետք է ներկայացներ ձեռնարկվելիք այն քայլերը, որոնք կապահովեին օրենքի ու դատարանի առաջ քաղաքացիների հավասարության, պատասխանատվության անխուսափելիության սահմանադրական սկզբունքների, քաղաքացիների կյանքի ու առողջության, պատվի ու արժանապատվության, անձնական անձեռնմխելիության ու մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պահպանումը:

Հետևությունը միանշանակ է. Առնվազն երկրի պաշտպանունակության, իրավապահ մարմինների ու դատական իշխանության վերաբերյալ Կառավարության ծրագրի պատկերացումները խիստ սահմանափակ են ու մակերեսային այն ընդամենը բարի ցանկությունների հռչակագիր է և ոչ ավելին: