Երեխաների մոտ կորոնավիրուսից բարդացած վիճակներ այս շրջանում դեռ չկան. մանկաբույժ

Վաղ գարնանային այս ժամանակահատվածում մանուկների շրջանում հիմնականում սուր շնչառական վարակներն են տարածված: Այդ մասին «Մեդիալաբին» ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանը: 

«Այս օրերին սուր շնչառական վարակները, որոնք մեծ տարածում ունեն, արտահայտվում են բարձր ջերմությամբ, հազով, իսկ դրանց հետևանքով առաջանում են թոքերի օբստրուկտիվ փոփոխություններ, բրոնխիտ ու թոքաբորբ: Սա սուր շնչառական վարակն է»,- նշում է մանկաբույժը:

Առաջին երեք օրերի ընթացքում, ըստ մասնագետի, սուր վիրուսային վարակն ուղեկցվում է բարձր ջերմությամբ ու հազով, այնուհետև հազը ավելանում է և բնույթով դառնում է խեղդող: 

«Երբ արդեն հազը տանջում է, խեղդում, պետք է անպայման դիմել տեղամասային բժշկին, անցնել բուժզննում ու շարժվել ըստ նշանակված բուժման»,- ծնողներին խորհուրդ է տալիս Մարի Դարակչյանը:

Սեփական փորձից, մասնագետն ասում է, որ ծնողները հիմնականում ժամանակին են դիմում բուժօգնության:

«Վիրուսային հիվանդությունը այս սեզոնին ունի ձգվածության հակվածություն, և շատերը գալիս են 4-5-րդ օրը, երբ արդեն կա՛մ թոքերում օբստրուկտիվ փոփոխություններ են լինում, կա՛մ զարգացած թոքաբորբ: Դա ուշացած դիմելիություն չէ, քանի որ վիրուսից հետո հենց այդ ժամանակահատվածում էլ թոքաբորբը զարգանում է»,- նշում է Դարակչյանը՝ նկատելով, որ ժամանակին դիմելիությունը պայմանավորված է բացի առաջնային օղակից, նաև հիվանդանոցային բուժման հասանելիությամբ:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային հիվանդությամբ դիմելիությանը, մասնագետն ասում է, որ նախորդ ամիսների համեմատ քովիդով հիվանդ երեխաների թիվը, ճիշտ է՝ աճել է, բայց՝ «ոչ սարսափելի մակարդակի»: 

«Նախորդ ամիսների ընթացքում մի փոքր պակասել էր կորոնավիրուսով դիմելիությունը, բայց հիմա հայտնաբերելիությունը ավելացել է, ինչը, կարծում եմ՝ պայմանավորված է ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ: Դա սպասելի էր, քանի որ շփումը երեխաների միջև մեծացել է: Կոնկրետ մեր կլինիկայում թվերի աճ մենք չունենք»,- ընդգծում է Մարի Դարակչյանը:

Վաղ գարնանային շրջանում, նրա խոսքով՝ կորոնավիրուսից բարդացած վիճակ երեխաների մոտ չի եղել:

«Բարդացումներ հիմնականում լինում են բազմահամակարգային բորբոքային համախտանիշի տեսքով, ինչն ավելի պիկային էր աշնանը, երբ կորոնավիրուսային համավարակի երկրորդ փուլն էր: Բայց հիմա դեռևս նման բարդություններով դեպքեր չունենք»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ բարձր ջերմություն ունեցող և շնչառական խնդիրներով բոլոր երեխաները դիտարկվում են որպես պոտենցիալ քովիդ հիվանդներ: Այդ դեպքում կատարվում է նմուշառում, իրականացվում են բուժումներ:

Մարի Դարակչյանը հորդորում է ծնողներին հետևել հակահամաճարակային կանոններին ու դրանց կարևորության մասին երեխաների հետ շատ խոսել: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am