«Նիկոլ Փաշինյանի կողքին էլ կան մարդիկ, որոնք լրագրության մեջ «քիլլերներ» են վարձում». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը 

– Պարո՛ն Նավասարդյան, Նիկոլ Փաշինյանն այսօր իր քարոզարշավի ժամանակ ասել է, որ հայաստանյան լրատվական դաշտը վերածվել է «իսկական աղբանոցի, լրագրողներն էթիկա չունեն, այդ դաշտում գործողները ավելի շատ քիլլերի են նման, քան՝ լրագրողի»: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և վարչապետի պաշտոնակատարը ինչո՞ւ է հիմա խոսում լրատվական դաշտը կարգավորելուց, երբ այդքան ժամանակ ունեին իր նշած կարգավորումներն անելու համար:

– Այդ հայտարարությունը նախընտրական պայքարի ընդամենը մի մասն է, երբ նա թիրախավորում է այն կառույցներին, որոնք իր քաղաքական թիմի դեմ են հանդես գալիս:

Այդ բոլոր գաղափարները, որ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, միտված են նրան, որ ընտրազանգվածին տրամադրի իր հակառակորդների դեմ: Ուրիշ իմաստ ու նպատակ չէի տեսնի:

Նա գիտակցում է, որ հակառակ ճամբարում կան բազմաթիվ ազդեցիկ խաղացողներ, այդ թվում՝ լրատվամիջոցներ, որոնք հանդես են գալիս իր դեմ: Իսկ այն դաժան քաղաքական պայքարը, երբ թշնամուն պետք է հնարավորինս ոչնչացնել, հիմնական քաղաքական ուժերի գործողությունները այդ տրամաբանության ներքո են:

Տարբեր ճամբարներից քննադատություններ են հնչում լրատվամիջոցների բառամթերքի և առաջարկած բովանդակության դեմ:

Իսկ նման որակումները որքանո՞վ են տեղին: Այս կերպ Նիկոլ Փաշինյանը հանրությանը չի՞ տրամադրում լրագրողների դեմ, այն պարագայում, երբ հանրության կողմից այդ տրամադրվածությունն առանց այդ էլ առկա է:

– Այո՛, միանշանակ այդպես է, և գուցե նպատակն է այդպիսին, որ իր ընտրազանգվածին հնարավորինս ուղղորդի նաև լրատվամիջոցների և լրագրողների դեմ, որոնք հակառակ ճամբարում են:

Մենք արդեն տեսել ենք միջադեպեր, երբ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամները և կողմնակիցները ագրեսիվ վարքագիծ են դրսևորել լրագրողների նկատմամբ:

Եթե խոսենք այն պիտակների մասին, որոնք հնչեցվել են, կոնկրետ «քիլլեր» արտահայտությունը, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ քիլլերներին սովորաբար վարձում են, և եթե լրագրողների մեջ, ընդ որում՝ տարբեր ճամբարներից, կան քիլլերներ, ուրեմն նրանց վարձել է հենց քաղաքական դաշտի ներկայացուցիչներից ինչ-որ մեկը: Եվ կարծում եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանի կողքին էլ կան մարդիկ, որոնք լրագրության մեջ «քիլլերներ» են վարձում:

Այս հայտարարությունից հետո համացանցում որոշ օգտատերեր անդրադարձան նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: Դուք ինչպե՞ս կգնահատեք լրագրող Փաշինյանի էթիկան ու գործունեությունն ընդհանրապես:

– Հստակ չեմ հիշի հիմա, թե որ հարցազրույցում, բայց, կարծում եմ՝ նույնիսկ մի քանի հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է այն միտքը, որ իր հիմնական զբաղմունքը քաղաքական լրագրությունն է, և ինքը լրագրության մեջ տեսնում է քաղաքական նպատակներին հասնելու միջոցը:

Քանի որ նախորդ տարիներին և առավել ևս հիմա այդ միջոցների մեջ ոչ մի խտրականություն չի դնում, ապա այն, ինչ այսօր ունենք, նաև արդյունք է այն երևույթի, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, և որի մաս էր ինքը նաև, երբ լրատվամիջոց ուներ:

Նիկոլ Փաշինյանի գնահատականը մի կողմ թողնելով՝ ինչպե՞ս եք գնահատում լրատվամիջոցների աշխատանքը քարոզարշավի ընթացքում, պարո՛ն Նավասարդյան:

– Եթե մինչև հունիսի 7-ը գնահատեմ՝ կարծում եմ, բավականին անվերահսկելի դաշտ ունեինք, և տարբեր քաղաքական ուժեր, որոնք ունեն բավարար ռեսուրսներ, սեփական լրատվամիջոցներ կամ ազդեցություն դրանց վրա, օգտագործել են դրանք՝ առանց որևէ համաչափության մասին մտածելու:

Հունիսի 7-ից տեսնում ենք, որ առաջատար լրատվամիջոցների մի մասն ամեն դեպքում փորձում է համեմատության մեջ դնել քաղաքական պլատֆորմները, որոնցով հանդես են գալիս տարբեր քաղաքական ուժեր, փորձում է կազմակերպել բանավեճեր, որը գնահատում եմ, մանավանդ որ կան փորձեր դրանք հնարավորինս քաղաքակիրթ ֆոնով տանել, որքանով էլ դրան պատրաստ չեն այն քաղաքական գործիչները, որոնք մասնակցում են բանավեճին:

Բայց առաջին նախագահի երեկվա ասուլիսի օրինակով ասեմ. երբ ասուլիս տվողն իրեն պահում է այնպես, ինչպես հարկն է, ապա լրագրողներն իրենց պահում են պրոֆեսիոնալ ու պարկեշտ ձևով:

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այն, ինչ մեր դուրը չի գալիս լրագրողների աշխատանքում, դրանում առաջին հերթին մեղավոր են հենց քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Իրենք են ձևավորում այն խաղի կանոնները, որոնցից մենք այդքան վրդովված ենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am