«Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը պահանջում են Հայաստանից դուրս գալ Մինսկի խմբից, որովհետև միայն այդկերպ է հնարավոր իրենց ապօրինի պահանջները կյանքի կոչել». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր։ Մենք կբացենք մեր դռները այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։ Ձեր գնահատմամբ՝ սա նախապայմա՞ն է, թե՞ ոչ։ 

– Ակնհայտ է, որ նախապայման է։ Հայաստանի կողմից համաչափ քայլեր են անհրաժեշտ, ինչպիսիք պետք է լինի Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանի արգելափակում, մինչև ադրբեջանական զորքերը դուրս չգան Շուշիից ու Հադրութից։ Նրանք փակել են սահմանը 93 թվականի ապրիլին, երբ Արցախի պաշտպանության բանակը Լաչինի միջանցքը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով ու Մարտակերտի շրջանը ազատագրելու նպատակով ներխուժեց Խորհրդային Ադրբեջանի նախկին Քելբաջարի շրջան, ուստիև Հայաստանի սիմետրիկ մոտեցումն այս հարցում պետք է լինի դա։

– Այսինքն՝ Հայաստանը հիմա ա՞յդ պահանջը պետք է դնի Թուրքիայի առաջ։

– Այն տրամաբանությամբ, որ Թուրքիայի նախապայմանը կապված է եղել Ադրբեջանի հետ, իսկ Արցախի հարցը կապված է Ադրբեջանի հետ, տրամաբանական պետք է լինի, որ այս պայմանը պետք է Հայաստանի կողմից առաջ քաշվի։

– Բայց Հայաստանի կողմից կհնչի՞ նման պահանջ, որովհետև, օրինակ՝ իշխանական խմբակցությունից ասում են, թե նման հայտարարությունները բնավ նախապայման չեն։

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ իշխանական խմբակցությունը այդ դիրքորոշումից կարող է դո՞ւրս գալ։ Ակնհայտ է, որ Թուրքիան հնչեցրել է նախապայման, իսկ դա փակում է որևէ հնարավորություն մեկնաբանել, թե հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։ 

Իրականում բոլորս գիտենք, որ նախապայմաններ կան, Թուրքիայի նախապայմանները միշտ են եղել, որոնք, սակայն, ապօրինի են, իսկ Հայաստանը, իմ կարծիքով, ի տարբերություն Թուրքիայի՝պետք է առաջ քաշի օրինական նախապայմաններ՝ անվավեր ճանաչել Ռուսաստանի հետ Թուրքիայի կնքած Մոսկվայի պայմանագիրը, անվավեր ճանաչել Կարսի պայմանագիրը և պահանջել Ադրբեջանից դուրս բերել զորքերը Շուշիից ու Հադրութից։ 

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ ինչո՞ւ է Հայաստանի գործող իշխանությունն ու իր քաղաքական թիմը պնդում, թե գործընթացն առանց նախապայմանների է։ Խաբո՞ւմ են մարդկանց, թե՞ իսկապես կարծում են, որ այդ հայտարարությունները նախապայման չեն։

– Նրանք սահմանափակված են Ռուսաստանի դիրքորոշմամբ, որ եթե Հայաստանը իր օրինական շահերը միջազգային հարթակում պաշտպանի, ապա Ռուսաստանը չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը։ Ելնելով այդ իրողությունից, որ իշխող խումբն ի վիճակի չէ Հայաստանի համար նոր անվտանգության երաշխիքներ ձեռք բերել Արևմուտքից, ստիպված է մնալ Ռուսաստանի երաշխիքների դաշտում, իսկ Ռուսաստանը դրա դիմաց դնում է հետևյալ պայմանը, որ Հայաստանը պարտավոր է Թուրքիայի ու Ադրբեջանի ապօրինի պայմաններին համաձայնել։

– Հաշվի առնելով այս ամենը ու Թուրքիայից և Ադրբեջանից վերջին շրջանում հաճախակի հնչող հայտարարությունները, որ «Հայաստանից սպասում են հստակ քայլերի», ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։ «Հստակ քայլեր» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն։

– Եթե Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը սպասում են Հայաստանից հստակ քայլերի, իսկ, ըստ իրենց, այդ քայլը Հայաստանի դուրս գալը պետք է լինի Մինսկի խմբից հավանաբար, որովհետև իրենց ցանկությունները կարելի է իրականացնել միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս գա այդ ձևաչափից։ Առաջին հերթին պետք է իրենք դուրս գան այդ ձևաչափից․ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդամենը փոքրիկ գրություն պետք է ուղարկեն Վիեննայում գտնվող ԵԱՀԿ քարտուղարություն, ոչ թե Հայաստանից պահանջեն նման քայլ։ 

– Քի՞չ հավանական եք համարում, որ Հայաստանը դուրս կգա Մինսկի խմբից։ Իսկ ճնշումներ հնարավո՞ր է գործադրվեն Հայաստանի վրա։

– Դժվարանում եմ կանխատեսել Նիկոլ Փաշինյանի որոշումները, բայց մինչ օրս Մոսկվայի բոլոր կարգադրություններին նա ենթարկվել է։ Մոսկվայի պահանջով մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, 44-օրյայի ընթացքում չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, պատերազմից հետո զսպվածություն է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ, որևէ քայլ չի ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ճանաչվի ագրեսոր ու պատասխանատվության ենթարկվի Շուշիում, Հադրութում, Քարվաճառում հայերի էթնիկ զտումների համար։ 

Կենթարկվի՞, թե՞ ոչ պահանջին՝ դուրս գալ Մինսկի խմբից, իր գինն ունի, հավանաբար Ռուսաստանն ու Թուրքիան պետք է փակեն Հայաստանի արտաքին պարտքը, առնվազն, որովհետև եթե նրանք մտադիր են շանտաժով, ուժի գործադրմամբ հայերին դուրս բերել միջազգային իրավունքի դաշտից ու Հայաստանը դարձնել Հյուսիսային Կորեա, բնականաբար, պետք է վերցնեն իրենց վրա Հայաստանի պարտավորությունները, բայց չեմ կարծում, որ Ռուսաստանը նման ցանկություն ունի, առավելևս՝ Թուրքիան, ինձ թվում է, որ սա պարզապես քաղաքական ֆարս է։

– Իսկ դրա նպատակը ո՞րն է։

– Ահաբեկված պահել հայ ժողովրդին, առկախված թողնել Արցախի կարգավիճակի հարցը և շարունակել Հայաստանը պահել սահմանափակման բլոկադայի մեջ։ Թուլացնելով երկիրն այնքան, որ առհասարակ Հայաստանում հարց առաջանա, որ այն ձախողված պետություն է ու այլ ճանապարհ չունի, քան վերադարձ Խորհրդային Միություն՝ Ռուսաստանի հետ միութենական պետության կազմում շարունակելու իր գոյատևումը։

– Պարո՛ն Ղուկասյան, եթե Հայաստանը որոշի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս, դա առանց Մինսկի խմբից դուրս գալու հարավոր չէ՞ անել։

– Ո՛չ, ըստ էության դա նշանակում է համաձայնություն տալ Արցախում էթնիկ զտում իրականացնելու, ու, բնականաբար, հույսերը, որ միջազգային հանրությունն իր վրա կվերցնի Արցախից հայերի տեղահանման պատասխանատվություն, լուրջ չեն։

– Այսինքն՝ ձեր համոզմամբ, Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանից կոնկրետ քայլերի սպասելիքները ԵԱՀԿ Մինսկի խմբից Հայաստանի դուրս գա՞լն է։

– Նորից եմ ասում՝ նրանք պետք է նախևառաջ օրինակ ծառայեն Հայաստանի համար, իրականում նրանք պահանջ են ներկայացնում, որն իրենց համար իրականանալիք չէ։ Եթե նրանք կարծում են, որ Մինսկի խմբի ձևաչափն այլևս գոյություն չունի, նրանց ոչինչ չի խանգարում այդ ձևաչափից դուրս գալ։ Մինսկի խմբի ձևաչափով նախատեսված չէր, որ ռուսական զորքերն ու թուրք դիտորդները պետք է առաքելություն իրականացնեն Արցախում, դա նրանց միակողմանի գործողությունների հետևանքն է, ինչպես նաև Մինսկի խմբի ներսում չկա համաձայնություն առ այն, որ Արցախի հարցը կարող է ուժով լուծվել։ Այդ ամենը ապօրինի գործողություններ են միջազգային հարաբերությունների շրջանակում։ 

Կարծում եմ՝ այսօր ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված պահանջ կա՝ հարցը կարգավորել Մինսկի խմբի առաջարկների հիման վրա, և դրանով է պայմանավորված, որ Թուրքիան կոչ է անում Հայաստանին Ադրբեջանի հետ անմիջապես խաղաղության պայմանագիր կնքել՝ առանց Մինսկի խմբի, ինչը նշանակում է հրաժարվել ԵԱՀԿ-ի այդ ձևաչափից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am