Թույն

Թույն
Թույն

Հին աշխարհում սպանության ամենատարածված ձևերից էր թունավորումը: Պատմում են, որ Միհրդատ 6-րդ թագավորը, վախենալով արժանանալ հոր ճակատագրին, երիտասարդ տարիքից սկսած իր օրգանիզմը սովորեցրել էր տարատեսակ թույների: Դրանք ընդունում էր փոքր չափաբաժիններով: Իսկ երբ փորձում էր ինքնասպան լինել, որևէ թույն նրան չօգնեց: Ստիպված էր նետվել թրի վրա:

Հին աշխարհից մեզ հասած պատմության իսկությունն արդեն ճշտել չենք կարող: Լեգե՞նդ էր այն, թե՞ իրականություն՝ կարող է ասել միայն Միհրդատը, սակայն մեկ բան ակնհայտ է: Մարդկությունն իր պատմության ընթացքում ստեղծել է սպանության տարատեսակ գործիքներ և միջոցներ: Մարդկային միտքը միշտ փորձել է կատարելագործել իր տեսակին ոչնչացնող այդ գործիքակազմը: Եթե մարդկային հասարակությունը նույն ջանասիրությամբ փորձեր կատարելագործել արվեստում, մշակույթում, կրթության, բժշկության և այլ ոլորտներում ունեցած իր ձեռքբերումները, ապա մենք այլ՝ ուրիշ աշխարհ կունենայինք:

Երկրացիներիս ստեղծած սպանության միջոցների մեջ առանձնահատուկ տեղ ունի թույնը: Այն իր էվոլյուցիան ապրելով հասել է մեր օրեր և ձեռք բերել տարբեր դրսևորումներ: Այդ դրսևորումներից մեկն էլ ինֆորմացիոն թույնն է:

Ապագայի մարդաբանները շատ կզարմանան, երբ դարեր հետո սկսեն ուսումնասիրել հայկական միջավայրը ու հայտնաբերեն ինֆորմացիոն թույնի այն չափաբաժինները, որոնք առկա են մեզանում:

Թվում էր, թե անցյալ տարի տեղի ունեցած ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո գալու ենք մի հանգրվանի, որտեղ համերաշխությունը գերիշխող է: Այո՛, կա համերաշխություն, որը տիպական է հասարակության մի զգալի մասին: Սակայն թույն արտադրողներն այլ են: Նրանք ունեն իրենց տարբեր դրդապատճառները: Դրանք դժվար է նկարագրել մի քանի տողով: Սկսած նախկինում մերժված լինելուց, վերջացրած՝ մեր օրերում արևի տակ տեղի փնտրտուքից կամ ինքնահաստատման բնազդներից:

Այս ամենի առանցքում հայտնվում է ՀՀ քաղաքացին: Դանդաղ ներգործության թույների գործիքակազմի առաջնային շահառուն հենց նա է և նրա ստեղծած համերաշխությունը: Դա անհրաժեշտ է հասարակության փոխհարաբերությունների դաշտը վերջնական այլասերելու համար: Դա անհրաժեշտ է, որ մարդիկ հրաժարվեն և հիասթափվեն այն քաղաքական ու մտածողության զարթոնքից, որն ունեցան վերջին փուլում: Հենց քաղաքական, այլ ոչ՝ քաղաքացիական: Դրանք էության մեջ տարբեր իրողություններ են:

Մուկն իր ամբողջ քաշով մի բան չէ, բայց եթե ընկավ թանի կարասը, թանն անպետք է դառնում: Գոնե այսպես է մեզ ավետում ժողովրդական ճշմարտությունը: Բորջիաները՝ միջնադարի այդ մահաբեր տոհմի ներկայացուցիչները, շատ պետք է զարմանային, եթե ապրեին մեր օրերի Հայաստանում: Նրանք իրենց ստեղծած ամենազոր թույներն առ ոչինչ էին համարելու այն թույների համեմատ, որոնք սպանում են ոչ ֆիզիկապես: Բորջիաների թույնը սպանում էր միայն ֆիզիկապես:

Արդի հայկական թույնը չի ճանաչում որևէ արժեք: Չունի կաշկանդող որևէ գործոն: Չի ընդունում սահմաններ, նորմեր, մարդ, իրավունքներ, անհատ, քաղաքացի:

Այն դաշտ է սփռվում մեծ չափաբաժիններով ու ունի հիմնարար նպատակ՝ ոչնչացնել բարոյապես: Արժեզրկել ու դարձնել քստմնելի ծաղրի առարկա: Քստմնելի ծաղրն էապես տարբերվում է առողջ քաղաքական ցինիզմից: Այն չի տարբերակում ծեր ու ջահել, մեր ու մանուկ: Թույնի թիրախում հայտնվածը դատապարտված է իրեն փոխկապակցված բոլոր անձանցով: Ու նպատակը, զազրելի նպատակը նորից մեկն է՝ սպանել բարոյապես: Բարոյականություն: Բառ, որը չունի սահմանում, բայց յուրաքանչյուրիս համար ունի առանձնացող ընկալում:

Ուզո՞ւմ եք ստանալ այդ թույնի չափաբաժնից: Արտահայտե՛ք կարծիք, որը ձերն է: Մոռացեք այդ օրը, ձեր կյանքը համապատասխանեցնել այլոց կարծիքների հետ, փորձեք չլինել կեղծ պուրիտան, ու արդյունքն ապահովված է: Նրանք կսկսեն արտաբերել բանալի բառեր, կոդեր, կստեղծեն միֆական թշնամիներ, ձեզ կնույնացնեն այդ թշնամիների հետ ու վերջ: Կհայտնվեն անդեմ հոգիներն իրենց թրերով:

Սակայն այդ թրերը չեն սպանում ֆիզիկապես:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am