«Հուսով էի, որ դատարանը նման որոշում կընդունի». «Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանի պատիժը փոխվեց «պայմանական ազատազրկման»

«Փուչիկների գործով» մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի պատժի կրումը այսօր քրեական գործերով վերաքննիչ դատարանը փոխարինեց մեկ տարի պայմանական ազատազրկմամբ:
«Հուսով էի, որ դատարանը նման որոշում կընդունի և, փառք Աստծո, այժմ արդեն ընտանիքիս հետ կլինեմ, երեխաներիս կողքին»,- «Մեդիալաբին» ասում է Սերոբ Բոզոյանը:
Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 4-ին ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ այրվել և պայթել էին երիտասարդների ձեռքում գտնվող հազարավոր փուչիկներ, որոնք լիցքավորված են եղել ոչ թե հելիումով, այլ մեթանով:
Պաշտոնական տվյալներով` առնվազն 155 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր Երևանի բուժհաստատություններ:

«Փուչիկների գործը» շատերի մեջ զուգորդվում է ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ով ուղեկցում էր 7000 սպիտակ փուչիկները վեր պարզած, ոչնչից անտեղյակ երիտասարդներին: Ինչպես ավելի ուշ խոսել էր Սերոբ Բոզոյանի կինը` Մարինեն, «168 ժամ»-ին տված հարցազրույցում, Կարեն անունով մեկը «ստիպել» է ամուսնուն, որ փուչիկները մեթանով լիցքավորեն, քանի որ հելիումը թանկ է:

Սակայն դեպքի առնչությամբ մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Սերոբ Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Երկու անչափահաս երեխաների հայր Բոզոյանը, ով նաև քաղցկեղով հիվանդ է, առաջին ատյանի դատարանի որոշմամբ դատապարտվել էր մեկ տարի ազատազրկման:

Իսկ թե ի´նչն ազդեց այժմ վերաքննիչ դատարանում դատավճռի փոփոխության մեջ հարցին, Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը նշում է` փաստարկները:

Մասնավորապես այն, ըստ փաստաբանի, որ Բոզոյանն ընդունել է իր մեղքը, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, իր խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա և նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական: Ինչպես նաև այն, որ ընդհանուր ատյանի դատավճռում հաշվի չեն առնվել ամբաստանյալի մի շարք նյութական և դատավարական իրավունքի նորմեր:

«Մեզ շատ ուրախացրեց դատարանի էս որոշումը, հիմա ես ընտանիքիս հետ կլինեմ, մի բան կմտածեմ, կստեղծեմ էրեխեքիս համար: Կինս էլ ահագին ուրախացավ: Հարազատները բոլորը զանգում են ուրախացած, ասում` ինչ լավ ա եղել»,- պատմում է Բոզոյանը, ով աժմ գործազուրկ է:

Նա նշում է, որ ընտանիքում այժմ միայն կինն է աշխատում՝ Մարինե Բոզոյանը, իսկ ընտանիքին սոցիալական օգնություն երբեմն բարեկամներն են հասցնում:

«Կինս 80 հազար է ստանում, «Գրանդ տոբակոյում» մաշինիստկա ա աշխատում: էդ գումարով սաղ ընտանիքով ապրում ենք: Դե, ինձ էս ցրտին հիմա աշխատել էլ չի կարելի, ֆիզիկական աշխատանք նույնիսկ տան մեջ չեմ կարող անել, իսկ հետո որ օրերը տաքանան, դրսի առևտուր կամ սվառկա կարամ անեմ, ընտանիքս կպահեմ էլի»,- ասում է 54-ամյա Բոզոյանը:

Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ Բոզոյանը քաղցկեղի վիրահատություն էր տարել առողջական վիճակը վատթարանալուց հետո: Ստեղծված իրավիճակն ու սոցիալական ծանր կացությունը հնարավորություն չէին տվել նրան վիրահատության համար գումար տնտեսելու կամ պարտք անելու, և նրան այդ հարցում օգնել էին փուչիկների պայթյունից այրվածքներ ստացած երիտասարդները` 160 հազար դրամ հանգանակելով:

«Հիմա առողջական առումով նորմալ եմ ինձ զգում, բայց, դե, բուժում ա պետք, ստուգումների պիտի գնամ, դեղեր առնեմ, խմեմ, բայց, դե, գումար չունեմ, հո էրեխեքիցս չեմ կտրի, տանեմ ստուգվեմ»,- ասում է Բոզոյանը:

Նա նշում է, որ սպասում է հաշմանդամության կարգ ստանալուն, որպեսզի թոշակից էլ օգտվի ու կարողանա ընտանիքի ապրուստը հոգալ:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am