Հուլիսի 13-ին Գյումրի քաղաքում 1 ժամվա ընթացքում թափվել են աննախադեպ քանակությամբ տեղումներ

Ըստ բազմամյա կլիմայական առանձնահատկությունների հուլիս ամսին Հայաստանի տարածքում եղանակային պայմանները կայունանում են, ցիկլոնային գործունեությունը դադարում է։ Մեր տարածաշրջանում տիրապետող են  դառնում արևադարձային լայնություններից ներթափանցող չոր և տաք օդային հոսանքները, որոնք ձևավորում են շոգ և չոր եղանակներ։ Սակայն առանձին տարիներին այդ օրինաչափությունը խախտվում է։

Վերջին 5 օրերին պայմանավորված Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցությամբ հանրապետության տարբեր հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ, ուղեկցվելով ամպրոպներով և քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում նաև տեղացել է կարկուտ։

This image has an empty alt attribute; its file name is Gyumry_2.png

Հուլիսի 13-ի ցերեկը, ժամը 16։00-17։00 ընկած ժամանակահատվածում Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ, երբ 1 ժամվա ընթացքում տեղաց  խիստ հորդառատ անձրև և երկարատաև կարկուտ։ Տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։
Դիտված ինտենսիվ անձրևի և կարկտի առաջացման պատճառը հետևայլան է․
Հուլիսի 13-ին ՀՀ տարածքը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որի ամպամածության գոտին տեսանելի է արբանյակային լուսանակարի վրա։  Ցերեկը ժամը 15։00 դրությամբ ՀՀ-ից դեպի արևմուտք նկատվել է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացում։

Օդերևութաբանական ռադարի վրա ցերեկը ժամը 15։00 տվյալներով նկատվում են հզոր ամպրոպային  ամպեր, որոնք գտնվում են Շիրակից հարավ և հարավ-արևմուտք։ Այդ ամպերի ուղղաձիգ հզորությունը հասնում է 12-14կմ-ի և ունեն 50դբզ անդրադարցման մակարդակ, ինչը ցույց է տալիս, որ այդ գոյացությունները գերհզոր կարկտի և անձրևի կուտակումներ են։
 
Քանի որ 5000-7000մ բարձրությունների վրա, որտեղ գտնվում են այդ ամպերի հիմնական զանգվածները առկա են եղել հարավային և հարավ-արևմտյան հոսանքներ, դրանք ժամը 16։00 սահմաններում հասել են   Շիրակ, իսկ ամենակտիվ գոտում հայտնվել է Գյումրին, որտեղ թափվել է աննախադեպ քանակի անձրև և կարկուտ։
Առատ տեղումների պատճառով Գյումրի քաղաքում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։