Մարզպետների պարգևատրումները կատարվել են օրենքի խախտումներով

Մարզպետների պարգևատրումները կատարվել են օրենքի խախտումներով
Մարզպետների պարգևատրումները կատարվել են օրենքի խախտումներով
Հեղինակ MediaLab

Hetq.am կայքն օրեր առաջ գրեց, որ Արարատի և Կոտայքի մարզպետները պարգևատրել են մարզպետարանի աշխատակիցներին և նաև անձամբ իրենց։ Asparez.am-ն էլ գրեց Սյունիքի մարզպետի պարգևատրումների մասին։

Մարզպետներն իրենց կարգադրություններում նշել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը, որում, մասնավորապես, նշված է, որ «Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»:

Hetq.am-ի հրապարակման մեջ նշվում է, որ Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրվել են մարզպետի օգնական Անի Չիլինգարյանը,որն աշխատել է ընդամենը երեք ու կես ամիս, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը, որն աշխատել է չորս ու կես ամիս, ինչպես նաև ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը փաստացի մարզպետարանում աշխատել է 1,5 ամիս։

Հարկ է նշել, սակայն, որ վերոնշյալ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ սահմանում է, թե որ դեպքում ծառայողները կարող են պարգևավճար ստանալ։

Այսպես, ըստ սույն օրենքի, պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս՝  ներառյալ ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները։

Այս ամենից պարզ է դառնում, որ Կոտայքի մարզպետը իրավունք չուներ պարգևատրելու վերոնշյալ անձանց, քանի որ նրանք փաստացի 6 ամսից քիչ են աշխատել։

Սյունիքի մարզպետը պարգևատրում կատարելիս նաև որպես հիմք էր ընդունել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով սահմանված ֆոնդի տնտեսված միջոցների առկայությունը։ Նշենք, որ վերոնշյալ հավելվածում, ըստ պետական բյուջեով նախատեսված հատկացումների, Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 522,776 դրամ։

Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ 104,5 տոկոս դրույքաչափով դրամական պարգևատրում տալուն՝ նշենք, որ  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասում, որը որպես հիմք է ընդունել մարզպետ Գարիկ Սարգսյանը, նշվում է, որ «աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ»։

Այստեղից պարզ է դառնում, որ Գարիկ Սարգսյանը աշխատողներին կարող էր պարգևատրել աշխատավարձի 100 տոկոսի չափով, այլ ոչ թե՝ 104․5։

Ինչ վերաբերում է մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելուն, ապա օրենքում այս հարցի վերաբերյալ բացեր կան։ Մարզպետարանների բյուջեներին դե ֆակտո տիրապետում են մարզպետերը, այլ կերպ ասած՝ իրավական առումով պարգևատրումը ստորագրողը մարզպետն է ,սակայն համաձայնությունը պետք է ստանա լիազոր մարմնից, այս դեպքում՝ կառավարությունից։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am