ԼՂՀ նախագահը քննարկել է բանակի խնդիրները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 3-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակի խնդիրները:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի նստավայրից, Սահակյանն իր խոսքում նշել է, թե ԼՂՀ-ի ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, «որի մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հարեւան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագույն գործոններից մեկը»:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բանակ-հասարակություն հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն ուղղված խնդիրներն ու միջոցառումները:  Այս համատեքստում ԼՂՀ նախագահը կարեւորել է պաշտոնյաների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչների ավելի հաճախակի այցելությունները զորամասեր, տեղում հանդիպումները անձնակազմի հետ եւ անհրաժեշտ օգնության ցուցաբերումը` բանակի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործին նպաստելու համար:

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրներին, Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

© Medialab.am