Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի արտգործնախարարություն ևս հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ:

Գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևե իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»՝ ավելացնելով, որ պատմությունը քաղաքականացնողները, իրականությունը անտեսելով, չեն կարող հասնել իրենց նպատակներին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է:

«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

Աղբյուր` Ermenihaber.am