«Ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունների մոտեցումները խտրական են». փորձագետ

«Եթե հիմնավոր ապացույցներ կան, ապա ճիշտ է, որ այդ գործով նախարարը մեղադրվում է: Այդուհանդերձ, մեղավորության մասին վերջնական վճիռը դատարանը պետք է հայտնի»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալության մասին տեղեկությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն բազմադրվագ քրեական գործով նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «պաշտոնական անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալը»:

Այս քրեական գործում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ. ստացել է խոշոր չափերով կաշառք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Բացի այդ, գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար՝ Վ. Մ.-ն, իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022 թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, որն էլ ընդունել է այդ առաջարկը:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս գործի մասին խոսելիս նկատել է, թե կատարվածը իրենց համար տհաճ երևույթ է, բայց «օրենքի գերակայությունը կարևոր է»:

«Շատ ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց ես նաև ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքորեն պահենք, ինչը որևէ բան չի նշանակում, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան, և օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո կարելի կլինի որևէ եզրակացություն անել»,- հավելել էր վարչապետ Փաշինյանը:

Փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասում է՝ ընդհանուր առմամբ բազմաթիվ են իրավիճակները, երբ կոռուպցիոն դրսևորումներն ակնհայտ են, բայց իշխանությունների կողմից անտեսվում են:

«Շատ լավ է, որ այս դեպքը բացահայտվել է, թող նախաքննություն, դատաքննություն իրականացվեն, հասկանանք՝ ինչ է եղել իրականում: Բայց, ընդհանուր առմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունների մոտեցումները խտրական են»,- ասում է Մարտիրոսյանը:

Նա մատնանշում է, օրինակ՝ գնումների գործընթացը, երբ մեկ անձից կատարվում են խոշոր գնումներ, ինչը հենց կոռուպցիոն դրսևորման ձև է: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ևս, ըստ Մարտիրոսյանի, խտրական մոտեցումներ են ցուցաբերվում: Նրա խոսքով՝ ապօրինի ակտիվների բռնագանձման ինստիտուտի իմաստը օպերատիվ և համաչափ արձագանքն է ու խոշորներին վնասազերծելը, մինչդեռ նախագահների, վարչապետների գույքի հետ կապված վարույթներ մենք չենք տեսնում:

«Բնականաբար, այդ խտրական մոտեցումները հիմք են տալիս ասելու, որ կոռուպցիայի դեմ պայքարը որոշակիորեն կրում է ընտրողական բնույթ: Խոսքը, ճիշտ հասկացեք, ԱԻ նախարարի դեպքի մասին չէ, այլ՝ ընդհանրապես: Իսկ ԱԻ նախարարի դեպքը իսկապես պայքար է կոռուպցիայի դեմ, ի՞նչ է նշանակում՝ հանրային ծառայության ոլորտում գումարի դիմաց պաշտոն տալ: Սա անընդունելի է, նույնիսկ քննարկման կարիք չկա»,- նշում է փորձագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am