Դատախազը դժգոհ է մնացել Աղվան Հովսեփյանի գործով նախաքննությունից և այն հետ ուղարկել լրացուցիչ քննության

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազը չի հաստատել: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նաև տեղելացնում են, որ հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։ 

Գլխավոր դատախազությունից, սակայն, չեն մանրամասնում, թե ինչ հիմքով են Հովսեփյանի գործը ուղարկել լրացուցիչ քննության: Նկատենք, որ դա կարող է լինել այն դեպքում, երբ գործը հսկող դատախազին չի գոհացնում իրականացված նախաքննությունը:

Նախաքննական մարմինը ավելի վաղ հայտնել էր, որ Հովսեփյանը մեղադրվում է մի շարք կոռուպցիոն հանցագործությունների համար։ Մասնավորապես, ըստ իրավապահների, Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք: Ընդհանուր առմամբ, քրեական գործի շրջանակներում խոսքը 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։

MediaLab.am