Ի՞նչ ենք շահել ու ի՞նչ ենք կորցնում, Նիկոլյանի արարքը պետք է քննարկենք օգուտների ու վնասների համատեքստում. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը 

– Պարո՛ն Նավասարդյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանում ծանրամարտի ԵԱ բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի՝ Ադրբեջանի դրոշն այրելու փորձը։

– Խնդիրը բավականին բազմաշերտ է, ինձ հիմնականում մտահոգում է, թե ինչո՞ւ դեռ չկան պաշտոնական արձագանք, գնահատական։ Ամենաէականը, ինչ ես հասցրել եմ տեսնել, վարչապետի աշխատակազմի ղեկավար ու առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումն էր Ֆեյսբուքում, ինչը հնարավոր չէ ընկալել որպես պաշտոնական արձագանք։ Իսկ առանց դրա պատկերացում ունենալ, թե ինչպես են մեր իշխանությունները վերաբերվում ու գնահատում այս իրավիճակն ու միջադեպը, շատ դժվար է ընդհանրապես խոսել՝ ո՞վ կարող էր շահագրգռված լինել, տարբեր վարկածներից ո՞րն է առավել հիմնավոր։ 

Ամեն դեպքում համատեքստն առայժմ լիակատար չէ՝ լուրջ դատողություններ անելու համար, բայց տպավորությունն այս պահին այնպիսին է, որ մեր իշխանությունները դա չեն դիտարկում լուրջ խնդիր, ինչը մտահոգիչ է, որովհետև վերջին շաբաթների ընթացքում անընդհատ խոսվում էր, որ ապահովելու են ադրբեջանցի մասնակիցների համար անհրաժեշտ անվտանգություն, իսկ, բնականաբար, եթե այդպիսի բաներ էին խոսում, դա չէր կարող սահմանափակվել միայն մարզիկների ու պատվիրակության ֆիզիկական անվտանգության ապահովմամբ։ Բոլոր առումներով պետք է ձեռնարկվեին միջոցներ, ու մենք տեսանք, որ դա, փաստորեն, չի արվել։ 

Այստեղ լուրջ մտահոգություններ կան կազմակերպչական ջանքերի մասով, որովհետև, գոնե բացման առումով, ես, որքան հասկանում եմ, մեծ մասնակցություն է ունեցել նաև Հանրային հեռուստաընկերությունը, ու, փաստորեն, դրոշն այրողը Հանրային հեռուստաընկերության թիմի կարևոր մասնակից է: Տասը տարուց ավելի այնտեղ է աշխատում ու բավականին կարևոր դիրք զբաղեցնում, այսինքն՝ այնպես չէ, որ գործընկերներն իրեն չեն ճանաչում, իսկ եթե ճանաչում են՝ պետք է նաև պատկերացնեին՝ ինչպիսի մտադրություններ կարող է ունենալ Արամ Նիկոլյանն այս իրավիճակում։ 

Եթե չեն կարողացել դա պատկերացնել ու կանխատեսել, ուրեմն ամբողջ կազմակերպչական աշխատանքում լուրջ թերություն կա, այսինքն՝ այստեղ խնդիրը միայն անվտանգության աշխատակիցների մեջ չէ, որը, բնականաբար, կա, այլ նաև՝ այս միջոցառումը կազմակերպող այլ կառույցների աշխատանքում կան խնդիրներ, ու դրանք մինչ օրս չեն վերհանվում, չեն քննարկվում, չկա, ինչպես արդեն նշեցի, որևէ պաշտոնական արձագանք։ 

Մենք շատ լավ պետք է պատկերացնեինք, որ մեր հասարակությունում կան անհատներ, խմբեր, որոնք կարծում են, որ հենց այդպես պետք է վարվել, ինչը հասկանալի ու ընկալելի է։ 

Եվս մեկ շերտ կա․ ի՞նչն էր նպատակը․ մեր հասարակության ներկայացուցչի կողմից արված քայլը, ինչպես տեսնում ենք, արժանանում է տասնյակ հազարավոր մարդկանց աջակցության։ Արամ Նիկոլյանի հայտարարած նպատակն այն էր, որ Ադրբեջանի դրոշը չպետք է բարձրացվի Երևանում, մասնավորապես, Ցեղասպանության հուշահամալիրի մոտ գտնվող տարածքում։ Արդյոք այդ նպատակն իրականանալի՞ էր, ինչպես տեսանք՝ ոչ, որովհետև դրոշն անմիջապես փոխարինվեց։ Այսինքն՝ դրոշն այնուամենայնիվ բարձրացավ ու մնաց նաև այն ժամանակ, երբ խոսում էր ՀՀ վարչապետը։ 

Հետևաբար այստեղ կար ոչ թե պրակտիկ նպատակի լուծում, այլ մի խորհրդանշական քայլ, որը, ինչպես ցույց է տալիս վերջին ժամանակների պատմությունը, մեզ որևէ արդյունք չի բերում։ Նման խորհրդանշական տարբեր քայլեր բազմիցս եղել են, բայց մենք ունենք Հայաստանի տարածքում բարձրացված ադրբեջանական դրոշներ։ 

Տեսանելի է նաև, որ նույնիսկ ամենաբարձր աստիճանի քայլերը, քան խորհրդանշականներն են, չեն բերում այն լուծումներին, որոնք մենք ակնկալում ենք, ես նկատի ունեմ միջազգային հանրության արձագանքները, Արդարադատության դատարանի որոշումները։ 

Եթե կան հայրենասեր շրջանակներ, նրանք առաջին հերթին պետք է մտածեն, թե ինչով պետք է փոխարինել խորհրդանշական քայլերը: Երբ նայում ես միջադեպի շուրջ այդ քննարկումները, տեսնում ես, որ նման առաջարկներ ու լուծումներ չկան, կա ոգևորություն, կա աջակցություն Արամ Նիկոլյանի այդ խորհրդանշական գործողությանը ու ոչ մի այլ բան։ 

Այստեղ ես ոչ թե նվաճում եմ տեսնում, այլ միայն մեր առջև ծառացած խնդիրների խորացում։ Վարչապետն ասաց, որ շատ են կարևորում նման միջոցառումների անցկացումը Հայաստանում, եթե այդպես է՝ մենք այս ամենի արդյունքում ունեցանք կորուստ, որովհետև շատ դժվար է պատկերացնել, որ առաջիկա տարիներին նման մասշտաբի միջոցառում անցկացվի Հայաստանում, շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսի հզոր ճնշում կլինի միջազգային կազմակերպությունների կողմից։ Մի խոսքով՝ կորուստն ակնհայտ է։ 

– Կարծիքներ են հնչում, թե Հայաստանը պետք է ի սկզբանե թույլ չտար Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը՝ հիմնավորելով հայտնի պատճառներով։ Համաձա՞յն եք։

– Համաձայնելու կամ չհամաձայնելու հարց չկա, այստեղ իրազեկվածության խնդիր կա։ Այն մարդիկ, որոնք նման կարծիք են արտահայտում, երևի տեղյակ չեն, որ եթե չես հայտարարում բոլոր երկրների ներկայացուցիչներին ընդունելու քո պատրաստվածության մասին, ուրեմն պատրաստ չես ընդհանրապես նման միջոցառում կազմակերպելու, ու Հայաստանում պարզապես չէր անցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, եթե Հայաստանն ասեր, որ չի կարող ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը: Միանգամից որոշում կկայացվեր, որ առաջնությունը տեղափոխվում է այլ երկիր, չէր կարող նման բան լինել։ Միակ հույսն այստեղ կարող էր այն լինել, որ մտնեինք Ադրբեջանի ֆեդերացիայի հետ երկխոսության մեջ, իրար հասկանայինք, ու հենց իրենք հրաժարվեին մասնակցությունից։ Այն, ինչ ասում եմ, կարծիք չէ, սա կանոն է, որը գործում է միջազգային սպորտում։

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ արարքը հերոսացնելու ու հակառակ որակումներ տալու այս պրակտիկան մեր հանրության մոտ ինչո՞վ եք պայմանավորում։

– Դա պայմանավորված է նրանով, որ մեր հասարակությունն ունի տարբեր կարծիքներ, ինչը բնական է, հաշվի առնելով՝ ինչպիսի սուր ու լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը։ Սա է պատճառը, որ ես առաջարկում եմ կատարվածը քննարկել օգուտների ու վնասների համատեքստում՝ ի՞նչ ենք շահել ու ի՞նչ ենք կորցնում։ 

Ես արդեն ասացի, որ չեմ տեսնում, թե ինչ ենք շահել, իսկ կորուստները, ըստ իս, բազմաթիվ են, այսինքն՝ միանշանակ կունենանք լուրջ քննադատություն ու դժգոհություններ միջազգային հանրությունից ու մենք լուրջ ռիսկի տակ ենք դնում այստեղ տարբեր միջազգային մակարդակի միջոցառումներ ընդունելու մեր հնարավորությունը։ 

Մենք փաստորեն նաև համոզվում ենք, որ անվտանգության ապահովման տեսանկյունից տարբեր իրավիճակներում, տարբեր հարցերում ունենք հսկայական թերություններ, մանավանդ երբ խոսքը մի միջոցառման մասին է, որին ներկա է Հայաստանի ամբողջ իշխանական վերնախավը։ Սա ևս կարևոր կետ է կորուստների շարքում, այսինքն՝ անվտանգություն ապահովելու հարցում էլ պետությունը մեծ խնդիր ունի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am