Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ չի խոսել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վանեցյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործին:
Նա ասաց, որ ո՛չ դատավորը, ո՛չ քննչական խմբի ղեկավարը իրեն չեն զանգել:
«Քննչական խմբի ղեկավարը երբեք ինձ չի զանգել ու չի կարող զանգել: Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում ձեզ բոլոր պատասխանները կտրվեն»,- ասաց նա:
Լրագրողները ճշտեցին՝ ո՛ւմ նկատի ուներ Վանեցյանը, երբ ձայնագրությունում ասում էր՝ դատավորը զանգեց, վախեցած էր: Անգամ դատավորի անունն էր տվել՝ Հրաչ: «Գործը քննող դատավորի հետ ես որևէ կապ չեմ ունեցել, չեմ ճանաչում որևէ դատավորի»,- պատասխանեց Վանեցյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ մանրամասն չէր ներկայացնելու հեռախոսային զրույցում, չէր ասելու, որ, օրինակ՝ Պողոսը զանգեց, դատարանում այսինչ իրավիճակն է: Ինչ վերաբերում է իր այն արտահայտությանը, թե՝ դատավորը զանգեց, ասում էր՝ հիմքերը թույլ են, Վանեցյանն ասաց, որ նկատի է ունեցել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան ստատուսը:
«Դա առաջին գաղտնալսումն էր, Ռուբեն Մելիքյանը՝ Արցախի նախկին պաշտպանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր մի ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին: Իմ հեռախոսի մեջ դա պահել եմ, դա «Ֆեյսբուքի» ստատուսից քոփի եմ արել, ուղարկել եմ մարդկանց»,- ասաց նա:
Վանեցյանը հավելեց, որ եթե ինքը սխալ բան է արել, կարող է պատասխանատվության ենթարկվել:
«Եթե ես չարձագանքեի այդ գաղտնալսմանը, ոչ ոք ինձ ոչինչ չէր կարող ասել, կարող էի ասել՝ սուտ է, գնայի առաջ, ոչ ոք չէր կարող դատարանում հիմնավորել, որ դա իմ խոսակցությունն է: Բայց հենց առաջին օրը եկել եմ, նստել լրատվամիջոցների դիմաց ու խոսել: Ես իմ խոսակցությունների մեջ որևէ բառ չեմ ասել, որևէ միտք ու խոսք չի եղել, որը կարող է բացասական անդրադարձ ունենալ»,- ասաց նա:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ չի ուզում խոսել այն հարցի մասին, թե արդյոք հայտնի՞ են գաղնալսող անձանց շրջանակները: Ասաց, որ իր ամեն մի հայտարարություն այս առումով շահարկվում է: Նա նշեց, որ համոզված է՝ առաջիկայում գաղտնալսում իրականացնողները կհայտնաբերվեն և կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը:
«Իսկ եթե երբևէ կլինի մի բան, որի համար պատասխան պիտի տամ ես, այսօր կլինի, վաղը կլինի թե տասը տարի հետո, ես պատրաստ եմ իմ ցանկացած խոսքի համար պատասխան տալ»,- նշեց Վանեցյանը:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am