«Աղվան Հովսեփյանը շարունակում է պնդել՝ մեղավոր չէ». նախկին պաշտոնյայի քրեական գործը հանգուցալուծման փուլում է

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը հանգուցալուծման փուլում է: Փաստաբան Սասուն Ռաֆայելյանն ասում է՝ նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են կողմերին ծանոթանալու համար:

«Մենք նաև տեղեկություն ստացանք, որ քրեական գործը ուղարկվել է հսկող դատախազին հաստատելու համար, սակայն դատախազությունից հետ են ուղարկել»,- «Մեդիալաբին» ասաց փաստաբան Ռաֆայելյանը:

69-ամյա Աղվան Հովսեփյանը, որը 9 տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, անազատության մեջ է սեպտեմբերի սկզբից: Մեկ անգամ արդեն նրա կալանքի ժամկետը երկարացվել է:

Նախաքննական մարմինը ավելի վաղ հայտնել էր, որ Հովսեփյանը մեղադրվում է մի շարք կոռուպցիոն հանցագործությունների համար։ Մասնավորապես, ըստ իրավապահների, Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք: Ընդհանուր առմամբ, քրեական գործի շրջանակներում խոսքը 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։

«Գիտենք, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատախազություն: Բայց մենք այսօր տեղեկություն ստացանք, որ գլխավոր դատախազությունը իր լիազորությունների շրջանակում որոշակի ցուցում է տվել՝ վերադարձնելով քրեական գործը: Հիմա այդ ցուցումը կատարման փուլում է: Ինչ ցուցման մասին է խոսքը, տեղյակ չենք»,- «Մեդիալաբին» ասաց Աղվան Հովսեփյանի մյուս փաստաբան Գագիկ Խաչիկյանը:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Մեդիալաբին» սակայն չհաստատեցին այդ տեղեկությունը և միայն փոխանցեցին, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեռ չեն ստացել:

Նկատենք, որ մեղադրական եզրակացությունը ստանալուն պես հսկող դատախազը կարող է հաստատել այն և ուղարկել դատարան՝ քննություն իրականացնելու համար: Կարող է նաև չհաստատել և ուղարկել հետ՝ նոր քննության համար:

Ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, Խաչիկյանն ասաց, որ Աղվան Հովեփյանը շարունակում է պնդել՝ մեղավոր չէ, չի ընդունում մեղադրանքը:

«Մեր դիրքորոշումը միանշանակ նույնն է, ավելին, ավելի ենք ամրապնդվել այն հարցում, որ Աղվան Հովսեփյանը մեղավոր չէ, որովհետև պարզ է, որ սա ակնհայտ ապօրինի և առանց որևէ հիմքերի հարուցված քրեական գործ է: Չենք ընդունում առաջադրված մեղադրանքը, քանի որ մեղադրանքում բացարձակ որևիցե փաստարկ մեղավորության վերաբերյալ չկա»,- փոխանցեց փաստաբան Գագիկ Խաչիկյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է տրամադրված իր պաշտպանյալը՝ Աղվան Հովսեփյանը, փաստաբանը պատասխանեց կարճ՝ նույն կերպ:

«Քանի որ այս գործի մեջ ապացույցները բացարձակ բացակայում են, ուրիշ բան, քան քաղաքական հետապնդումն է, մտածել դժվար է այս պայմաններում: Չկա որևէ ապացույց՝ իրավական գործընթացների մասին տեսակետ ունենալու համար»,- նշեց փաստաբանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյան տրամադրված է գնալ մինչև վերջ՝ անցնելով դատավարական բոլոր փուլերը, Խաչիկյանը արձագանքեց. «Մեզ համար, իհարկե, շատ ավելի ընդունելի կլիներ, որ ողջամտությունը հաղթի, և գործը դատական կարգով չլուծվի, այլ դատախազությունը ինքը գործի կարճումն իրականացնի: Բայց եթե չանեն, իհարկե, մենք պատրաստ ենք դատարանում մեղադրանքը հերքելու ամբողջությամբ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am