«Եղած դատական համակարգին նման կարևորության գործ վստահելն իրոք արկածախնդրության է նման»․ Մուշեղ Շուշանյան

«Եղած դատական համակարգին նման կարևորության գործ վստահելն իրոք արկածախնդրության է նման»․ Մուշեղ Շուշանյան
«Եղած դատական համակարգին նման կարևորության գործ վստահելն իրոք արկածախնդրության է նման»․ Մուշեղ Շուշանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտի 1-ի» գործով նախկին մի շարք դատապարտյալների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

– Պարո՛ն Շուշանյան, դուք 2008-ի մարտի 1-ի ոճրագործությունից հետո բազմաթիվ անձանց պաշտպանել եք դատարանում։ Մայիսի 13-ից մեկնարկել է «Մարտի 1»-ի գործով դատական նիստը։ Դատարանի առաջ կանգնած Ռոբերտ Քոչարյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել հատկապես բանակի, ինչպես նաև տասը զոհերի հետ կապված։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները բանակի՝ այդ գործողություններին ներգրավված լինելու հետ կապված։ Մասնավորապես նա ասում է՝ ասեք մեկ երկիր, որը ներքին սպառնալիքների պարագայում բանակը օգտագործելու իրավունք չունի։ Որքանո՞վ են կողմերը լավ պատրաստված, ինչպե՞ս եք գնահատում դատավարությունը։

– Որպես այդպիսին՝ բանակի ներգրավումը այսպիսի դեպքերում ուղղակի արգելված է Սահմանադրությամբ։ Այսինքն՝ 2008 թվականին գործող Սահմանադրությամբ սահմանված է եղել, որ բանակը պահպանում է քաղաքական չեզոքություն և բանակի ներգրավումը քաղաքական ներքին որևէ գործընթացում ուղղակի արգելված է։ Այստեղ ինձ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչ է նկատի ունեցել պարոն Քոչարյանը՝ ասելով՝ ասեք մեկ երկիր, որը ներքին սպառնալիքների պարագայում բանակը օգտագործելու իրավունք չունի։

Անկախ նրանից, թե մենք դեպի ժողովրդավարություն ձգտող երկի՞ր ենք եղել 2008 թվականին, թե ոչ ժողովրդավարական երկիր ենք եղել, ամեն դեպքում Սահմանադրությամբ բանակի օգտագործումը ներքին քաղաքական նպատակներով արգելված է եղել։ Դատավարությանը որևէ գնահատական տալ չեմ կարող, որովհետև դատավարությունը որպես այդպիսին չի էլ սկսվել։ Այսինքն՝ դատարանը դեռևս զուտ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցն է քննարկել։ Առհասարակ, նման լրջագույն գործի քննությունը առկա դատական համակարգին վստահելու հարցում ես մեծագույն վերապահումներ ունեմ։

– Փաստաբան Հայկ Ալումյանն էլ հայտարարել է, որ բանակը կարող է օգտագործվել ներպետական գործողությունների ժամանակ։ Ի՞նչ հասկանալ սրա տակ։

– Իրոք, անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչ բովանդակություն են իրենք դրա տակ դնում։ Ներպետական թե ներքաղաքական՝ ես այստեղ որևէ տարբերություն չեմ տեսնում: Այսինքն՝ բանակը, մենք բոլորս գիտենք, դա հանրահայտ փաստ է, արտաքին թշնամուց պետությունը պաշտպանելու գործառույթ ունի:

Այսինքն՝ բանակը պետությունը, տարածքային անձեռնմխելիությունը, ժողովրդի անվտանգությունն արտաքին թշնամուց պաշտպանելու գործառույթ է իրականացնում: Եվ այստեղ որևէ արդարացում բերել, թե բանակը, ինչպես պարոն Ալումյանն է արտահայտվել՝ կարելի է ներպետական գործողությունների համար օգտագործել, ինձ համար իրոք անհասկանալի է: Անկեղծորեն չեմ էլ ուզում փորձել հասկանալ, թե ի՛նչ միտք ու իմաստ է դրա մեջ դրել:

Ես կուզենայի նախորդ մտքին անդրադառնալ, որ այս եղած դատական համակարգին նման կարևորության գործ վստահելն իրոք արկածախնդրության է նման, որովհետև մենք չպետք է մոռանանք, որ գործ ունենք մի դատական համակարգի հետ, որը առնվազն 20 և ավելի տարիներ չի ծառայել որպես արդարադատության ատյան, արդարադատություն չի իրականացրել, հանդիսացել է պետության ռեպրեսիվ, պատժիչ օրգաններից մեկը:

Այսինքն՝ բազմաթիվ մարդիկ քաղաքական իշխանության պատվերով հանիրավի, չգործած արարքների համար պատժի ու պատասխանատվության են ենթարկվել: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որովհետև հիմնականում այդ գործերով հետապնդվող մարդկանց պաշտպանության մեջ եմ մասնագիտացել, բայց միայն «Մարտի 1»-ի գործերով հետապնդման ենթարկված անձանց օրինակը, առանց անուններ նշելու, լրիվ բավարար է իմ ասածը փաստելու համար:

Գիտեք՝ մեկ տարի առաջ տեղի ունեցավ հեղափոխություն, թեև ես դա հեղափոխություն չեմ համարում, որովհետև համակարգի փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ հեղափոխությունը ենթադրում է համակարգի փոփոխություն: Ճիշտ է, գործադիր իշխանության ղեկավար կազմն է փոխվել, ԱԺ լեգիտիմ ընտրություններ են անցկացվել, նոր օրենսդիր մարմին ունենք, բայց դա բավարար չէ համարելու, որ համակարգի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև մենք ստիպված ենք ցավով արձանագրելու, որ դատական համակարգը և իրավապահ համակարգը, մասնավորապես, առաջին հերթին՝ դատախազությունը, մնացել են նույնը:

Սա մեծագույն վտանգներ է իր մեջ պարունակում: Վարչապետը հայտարարում է, որ իրենք այլևս ազատ են իրականացնելու արդարադատություն, հեռախոսային արդարադատություն այլևս չկա և այլն, բայց դա, գիտեք, շատ պարզունակ, պրիմիտիվ մոտեցում է խնդրին, որովհետև այդ մարդիկ չեն նշանակվել արդարադատություն իրականացնելու համար: Ու խնդիրն այն չէ, որ ժամանակին իրենց նկատմամբ ճնշում է եղել, դրա համար իրենք հարկադրված արդարադատության փոխարեն այլ գործառույթ են իրականացրել:

Խնդիրն այն է, որ իրենք հենց նշանակվել են դատական իշխանության անունից՝ հանդես գալու և արդարադատություն չիրականացնելու համար: Այնպես որ, սա լրջագույն խնդիր է, և ես մեծագույն վտանգ եմ տեսնում, որ «Մարտի 1»-ի կազմակերպիչների մի մասի դատաքննությունը կատարում է այս դատական համակարգը: Ասում եմ՝ մի մասի, որովհետև Քոչարյանով և ևս երեք ամբաստանյալներով դա չի սահմանափակվում, չնայած որևէ կասկած չկա, որ գլխավոր կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է:

– Դատական իշխանությունում հեղափոխություն տեղի չի ունեցել: Ի՞նչ պետք է արվեր դրա համար, պետք էր փոխե՞լ համակարգի 90 տոկոսին:

– Ոչ միայն տեղի չի ունեցել, այլև նշաններ էլ չկան, որ ապագայում նման փոփոխություններ սպասվում են: Ես սա շատ մեծ ցավով եմ արձանագրում, որովհետև առանց դատական անկախ իշխանության՝ խոսել ժողովրդավարության մասին աբսուրդ է: Այո՛, պետք էր դիմել շատ կտրուկ, արմատական փոփոխությունների հեղափոխությունից անմիջապես հետո: Պետք չէր նման գործողությունների չդիմելը բացատրել նրանով, թե մենք գործում ենք օրինականության դաշտում, թե ամեն ինչ պետք է օրենքով արվի:

Տեսեք՝ այստեղ շատերը «իրավունք» և «օրենք» հասկացությունները շփոթում են: Երբ նախորդ տարվա մայիսին հրապարակում հավաքված էր ժողովուրդը, ժողովրդի կամքը գերագույն օրենքն էր և դրանից վեր ոչինչ չի կարող լինել: Դա նույնիսկ ավելի բարձր լեգիտիմություն ունի, քան, ասենք, Սահմանադրությունը:

Ես մեր Սահմանադրության մասին չեմ խոսում, առհասարակ սահմանադրությունների մասին եմ խոսում: Հրապարակում հավաքված ժողովրդի որոշումն ավելի բարձր օրենք է: Այսինքն՝ այդ ժողովուրդը ունակ էր, իրավազոր էր հենց հրապարակում միասնական քվեարկությամբ, օրինակ՝ կասեցնել կամ դադարեցնել դատական մարմինների, դատարանների գործունեությունը: Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, իսկ դա կարևորագույն որոշումներից մեկը կլիներ, որովհետև հիմա այդ նույն դատարանները, «Մարտի 1»-ի գործերով Եվրոպական դատարանը մինչ այժմ 5 վճիռ է կայացրել, որոնցից վերջինը Լևոն Տեր-Պետրոսյանի գործն էր:

Այդ բոլոր գործերով, բացառությամբ Տեր-Պետրոսյանի գործի, որովհետև այն բոլորովին վերջերս է կայացվել, բողոքներ են ներկայացվել ներպետական ատյաններ՝ կայացված դատական ակտերը վերանայելու պահանջով, վերանայման վարույթներ են հարուցվել:

Ես կոնկրետ գործերից մեկի օրինակով ցանկանում եմ ասել հետևյալը. խոսքը Գրիգոր Ոսկերչյանի գործով Վերաքննիչ դատարանում տեղի ունեցող զարգացումների մասին է: Դատական նիստ էր նշանակված, ես մասնակցել եմ ու ի զարմանս ինձ, գլխավոր դատախազության ներկայացուցիչը առարկություններ է ներկայացրել և ասել, որ ՄԻԵԴ-ն արդեն ճանաչել է իրավունքի խախտումը, այսինքն՝ ներպետական ատյաններն այլևս անելիք չունեն:

Խոսքը Եվրոպական դատարանի կողմից ապօրինի ճանաչված կալանքի որոշման մասին է: Ասում է՝ մենք այլևս անելու բան չունենք, այդ որոշումները վերացնելու, բեկանելու պարտավորություն չունենք, որովհետև դա որևէ հետևանք չի առաջացնի: Իսկ նախագահող դատավորը՝ Մհեր Արղամանյանը, ինձ նույնաբովանդակ հարցեր է հղում, թե ի՛նչ իրավական հետևանք կարող է առաջացնել, եթե դատարանը որոշի բեկանել:

Փաստորեն, այսօրվա դատարանները կոնկրետ Մարտի 1-ի դեպքերով հանիրավի դատապարտված անձանց գործերը քննած դատավորներին պատասխանատվությունից փրկելու խնդիր են լուծում: Այստեղ շատ դատավորների դեպքում քրեական պատասխանատվության մասին կարող է խոսք լինել: Եթե անգամ ոմանց դեպքում ոչ քրեական, այլ կարգապահական պատասխանատվության մասին է խոսքը, այդ կարգապահական պատասխանատվության հետևանքով դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին կարող է խոսք լինել: Իրենք նախ այդ խնդիրն են լուծում, երկրորդ, որն առավել կարևոր է, սա ուղղակի կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Սա դատական իշխանության կողմից բացահայտ սաբոտաժ է, որովհետև այստեղ կոնկրետ անձինք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ դրանից հետևում է, որ բոլոր այն անձինք, որոնք «Մարտի 1»-ի գործերով ենթարկվել են քրեական պատասխանատվության ինչ-ինչ չգործած արարքների համար, անմեղ են եղել, հանիրավի պատասխանատվության ու պատժի են ենթարկվել: Այսինքն՝ նրանք մտածում են, որ եթե հիմա ներպետական մակարդակում իրենց դատական ակտերը չբեկանեն, չվերացնեն, իրենք խնդիր չեն ունենա:

Այսինքն՝ այդ բոլոր դատական ակտերը իրավաչափ, օրինական են, այդ մարդիկ դատապարտվել են օրենքին համապատասխան ու այդտեղ խնդիր չկա: Այստեղ գլխավոր դատախազությունն ինքը պետք է անկախ նրանից, թե ով է «Մարտի 1»-ի գործերով դատապարտվածներից դիմել Եվրոպական դատարան, ով չի դիմել, բոլորի գործերով իրենք պետք է բողոքներ ներկայացնեին: Բայց իրենք ոչ միայն դա չեն անում, այլև ներպետական մակարդակում վիժեցնում են, տորպեդահարում են այդ գործընթացը:

Սա խոսում է այն մասին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և, այսպես կոչված, դատական համակարգը, խոսքն առաջին հերթին Վճռաբեկ դատարանի ղեկավար կազմի, նաև քրեական գործեր քննող Վերաքննիչ դատարանի ղեկավար կազմի մասին է, փաստացի հանդես են գալիս հակահեղափոխության դիրքերից: Այստեղ 2-3 բացատրություն կարող է լինել, բայց անկեղծորեն ես այնքան էլ հակված չեմ հավատալու, որ մեր վարչապետը, գործադիր իշխանության ղեկավար կազմը դատական համակարգը բարձիթողի վիճակում են թողել: Այսինքն՝ սա կա՛մ նրանց կողմից արկածախնդրություն է, կա՛մ առավել վատ տարբերակը՝ դիտավորություն է, որը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:

– Կարծում եք՝ մենք «Մարտի 1»-ի գործի ամբողջական բացահայտում այդպես էլ չե՞նք ունենա:

– Ամիսներ առաջ այդ հարցն ինձ ուղղել են, այնքան էլ անկեղծ պատասխան չեմ տվել՝ մտածելով չվնասել գործադիր իշխանության ղեկավար կազմին, ու հանկարծ չստացվի, որ ակամայից սպասարկում եմ ռևանշիստական ուժերին: Բայց այսօր ամբաստանյալների աթոռին հայտնված անձանց ցուցակը նայելով ես կարող եմ ասել, որ կազմակերպիչների մասով ամբողջական բացահայտում չի լինի, չնայած ես պատասխանատու կերպով հայտարարում եմ և համոզված եմ, որ գլխավոր կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է:

Կազմակերպիչների մասով բացահայտումը ես կարևոր եմ համարում ընդհանուր գործի բացահայտման համար, բայց մենք գիտենք, որ այնտեղ տեղի են ունեցել զոհեր, խոսքը առնվազն 10 զոհի մասին է, թեև հիմքեր կան ասելու, որ այդ զոհերը 10-ից ավելի են եղել: Եթե անգամ զոհերը 10-ն են եղել, այդ զոհերի մահվան հանգամանքները պետք է պարզվեն, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բացի այդ, այդ գործով էլի շատ հանգամանքներ կան, որ պետք է քննվեն: Ուղիղ մեկ տարի առաջ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է:

Այն ժամանակ նրա այդ հայտարարությունը շատերին կարող էր վստահության ներշնչել, բայց այս անցած ամիսների հեռավորությունից նայելով՝ անձամբ ինձ մոտ այլևս այդ վստահությունը չի ներշնչում: Ցավոք սրտի, վարչապետի և իր թիմի մոտ պոպուլիզմի չափաբաժինը չափազանց մեծ է եղել անցած ամիսների ընթացքում, և շատերի մոտ լուրջ հիասթափություն է առաջացրել:

Մանե Հարությունյան

MediaLab.am